Գործազուրկ մանկավարժներն արդարություն են փնտրում դատարանում. թիվ 162 դպրոցի ուսուցիչների ոդիսականը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 28, 2010 13:29

Տեսարան թիվ 162 դպրոցից

25 տարվա մանկավարժի աշխատանքային փորձ ունեցող Անահիտ Մնացականյանն այժմ սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա 3-րդ կուրսում: Անահիտը ժամանակին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը, որից հետո գործուղվել է շրջան ու դասավանդել պատմություն և աշխարհագրություն: Իսկ 1996-ից աշխատել է Սիամանթոյի անվան դպրոցում որպես պատմության ուսուցչուհի: Անահիտ Մնացականյանը, սակայն, 2009-ի սեպտեմբերից գործազուրկ է. աշխատանքից հեռացվել է այն պատճառաբանությամբ, որ աշխարհագրության մասնագետի որակավորում ունի և չի կարող պատմություն դասավանդել:  Այժմ Անահիտը ցանկանում է ստանալ նաև պատմության մասնագետի որակավորում` իր սիրած գործը շարունակելու համար:

Հանկարծակի գործազուրկ դարձած Անահիտ Մնացականյանի և 10 այլ ուսուցիչների գործն այժմ քննվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում. նրանք պահանջում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, վերականգնել իրենց նախկին աշխատանքում և գանձել հարկադիր պարապուրդի գումարը: Ապրիլի 30-ին դատարանը  կվճռի` Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի աշխատանքից հեռացված ուսուցիչները կարո՞ղ են շարունակել իրենց աշխատանքը դպրոցում, թե ոչ:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փետրվարի 22-ին մերժել է ուսուցիչների հայցն ընդդեմ

Տեսարան դատավարությունից

դպրոցի, որից հետո նրանք դիմել են վերաքննիչ դատարան: Վերհիշելով դատարանի վճիռը` պատմության ուսուցչուհի Անահիտ Մնացականյանն ասում է, որ  այն հայտարարել են առանց իրենց, հայտարարված ժամից շուտ: «Միջանցքում սպասելիս ենք եղել, երբ դատավորը նշված ժամից շուտ ներս է մտել ու հայտարարել վճիռը: Մեզ անգամ ներս չեն կանչել»,- ասում է Մնացականյանը:

Աշխատանքից հեռացված  ուսուցիչները պատմում են, որ 2009-ի ամռանը դպրոցում ժողով է տեղի ունեցել, որտեղ հայտարարվել է, որ հնարավոր է` կրճատումներ լինեն: Ապա օգոստոսի 18-ին` ժողովի ժամանակ, տնօրենը կարդացել է «օպտիմալացված» 25  ուսուցիչների անունները (տնօրենը պնդում է, որ աշխատանքից հեռացվել է 21 ուսուցիչ):

Ազատված ուսուցիչների թվում են 35 տարվա աշխատանքային փորձ ունեցող,  ֆիզիկայի մասնագետ Անյա Հարությունյանը, հայոց լեզվի և գրականության մասնագետներ Բելա Եգանյանը (33 տարվա մանկավարժական փորձով) և Մարինա Գևորգյանը (16 տարվա փորձով) և այլք: «Կրճատել է լավագույն ուսուցիչներին, որոնք  տարիներ շարունակ բուհերին ուսանողներ են տվել, ում վրա որ չէր կարող գոռալ, ասել` այսպես կամ այնպես արա»,- ասում է Անյա Հարությունյանը:

Դպրոցի ներկայիս տնօրեն Աննա Ստեփանյանն ասում է, որ կրճատումների պատճառ է դարձել այն, որ թիվ 162 դպրոցը կառավարության որոշմամբ դարձել է հիմնական դպրոց, և ավագ դասարաններն առանձնացվել են: Ստեփանյանի համոզմամբ, հնարավոր կրճատումների մասին ծանուցումը բավարար պետք է լիներ, որ ուսուցիչները անակնկալի չգային` լսելով իրենց օպտիմալացման լուրը:

հայցվոր ուսուցիչները՝ դատարանի միջանցքում

Արդեն նախկին ուսուցիչները պնդում են, որ օպտիմալացման պատճառը իրականում նորանշանակ  տնօրենի «նոր տնօրեն, նոր թիմ» մոտեցումն է:  Նրանց  խոսքով` նախկին տնօրենի թոշակի անցնելուց հետո դպրոցում ստեղծվել է անառողջ մթնոլորտ: «37 թիվը մտավ մեր դպրոց, մարդիկ անգամ չէին համարձակվում իրար հետ զրուցել»,- իրավիճակն այսպես է նկարագրում Անահիտ Մնացականյանը:

Ուսուցիչները պնդում են, որ օպտիմալացված 25 ուսուցիչներից բացի, ևս 15-ը ինքնակամ են հեռացել դպրոցից` չդիմանալով ստեղծված մթնոլորտին: Եվս մի քանիսը կենսաթոշակային տարիքի են եղել, ու այդ պատճառաբանությամբ են ազատվել աշխատանքից: «Անտեսելով տարիների վաստակը, հմտությունը և կարողությունները` պրոֆեսիոնալ մասին փողոց  հանեց»,- ասում է Մնացականյանը` հավելելով, որ այս ամիսների ընթացքում նամակով դիմել են երկրի նախագահին, վարչապետին, քաղաքապետին, սակայն ապարդյուն: «Բոլորը լսում են, ասում, որ ճիշտ ենք, ու լռում են, որևէ քայլ չեն ձեռնարկում»,- ասում է ֆիզիկայի նախկին ուսուցչուհի Անյա Հարությունյանը:

«Հիմա որ դպրոց դիմում ենք աշխատանքի համար, մեզ պատասխանում են`  որ լավն էիր, ինչո՞ւ քեզ կրճատեցին, մյուսներին պահեցին,- ասում է Մնացականյանը:- Հիմա 162 դպրոցում ուսուցիչներն  աշխատում են 30 ժամ ծանրաբեռնվածությամբ, շատերը կան, որ մանկավարժական կրթություն չունեն, իսկ վաստակավոր մանկավարժներս պարապուրդի ենք մատնված»:

Ուսուցիչներն ասում են, որ Ստեփանյանն իրենց նոր աշխատանքի որևէ առաջարկ չի արել, մինչդեռ կարող էր դպրոցի շենքում գործող «Երևակ»  մասնավոր դպրոցում աշխատանք առաջարկել: Նրանք նաև պնդում են, որ 162 դպրոցում նոր աշխատողներ են ընդունվում այն նույն առարկաների գծով, որոնց  մասնագետները տարեսկզբին կրճատվել են: Ստեփանյանը, սակայն, ասում  է, որ որևէ կապ չունի «Երևակ» մասնավոր դպրոցի հետ, ընդամենը դպրոցի ազատված մասնաշենքը նրանց է տրամադրել վարձակալական հիմունքներով: «Աշխատանքից հեռացված այդ  ուսուցիչներն ինձ հետ կոնտակտի մեջ մտելու փորձ չեն արել, այդ իսկ պատճառով էլ որևէ տեղ նրանց համար չեմ միջնորդել: Սակայն օպտիմալացված ուսուցիչներից մի քանիսն իմ երաշխավորությամբ  աշխատում են «Երևակում»,- ասում է Ստեփանյանը:   Նա նաև հերքում է այն լուրերը, թե դպրոցում նոր ուսուցիչներ է ընդունել աշխատանքի. «Միայն դասվար եմ ընդունել, իսկ կրճատվածների թվում դասվարներ չեն եղել»:

Դպրոցի նախկին տնօրեն Սիլվա Հակոբյանը, որ ղեկավարել է դպրոցը 20 տարի, դպրոցի նախկին աշխատակազմը բնորոշում է որպես ստեղծագործ  ու միասնական կոլեկտիվ: Նա ասում է, որ «աշխատանքից  ազատվածների մեջ կան հրաշալի մանկավարժներ, և ամեն դպրոց կերազի նման մասնագետ ունենալ»: Հակոբյանի կարծիքով` ուսուցչին դպրոցից հեռացնել կարելի է միայն այն դեպքում, եթե նա վտանգավոր է աշակերտների համար, մինչդեռ հեռացված ուսուցիչների մեջ այդպիսիք չկան:

«Ամեն կրճատված ուսուցիչ նաև խորհրդանշում է որևէ ընտանիքի բյուջեի կրճատում, ներկայիս սոցիալական պայմաններում  անխղճություն է ուսուցչին կրճատելը»,- ասում է Հակոբյանը` հավելելով, որ  խնդիրը կարելի էր լուծել` ուսուցիչներին կես դրույքին համապատասխան ժամերով ապահովելով, կամ էլ աշխատանքից հեռացված մանկավարժները կարող էին զբաղեցնել այն հաստիքները, որոնց համար նոր աշխատողներ են  ընդունվել:

ԿԳՆ նախարար  Արմեն Աշոտյանն իր նախորդ ասուլիսում հայտարարեց, որ նախարարությունը հետևում է, որ դպրոցներում հիմնական-ավագ դպրոց պատճառաբանությամբ ուսուցիչների մասսայական օպտիմալացումներ տեղի չունենան, սակայն ԿԳՆ մամուլի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց մեկնաբանել թիվ 162 դպրոցի իրադարձությունները` պատճառաբանելով, որ գործն այժմ դատական վարույթում է: «Նախարարության կարծիքը կարող է անդրադառնալ դատարանի որոշման վրա»,- ասաց նա:

Դիտվել է 3011 անգամ:
Print Friendly

Leave a Reply