Օպերլիազորը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2010 10:08

Դատարանը ապացուցված է համարել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար ոստիկանության ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գեւորգ Գրիգորյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը:

Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ` 2009թ. դեկտեմբերի 18-ին` 03:20-ի սահմաններում, ոստիկանության` Երեւանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գեւորգ Գրիգորյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել է նույն ակումբի անվտանգության աշխատակիցների, «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊ ընկերության աշխատակիցների հետ եւ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ արձակել:

Ինչպես հաղորդում է ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, Գևորգ  Գրիգորյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2010թ. դատավճռով Գ. Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply