Խանջյան փողոցում վերգետնյա անցում կկառուցվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2010 10:03

Քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են   ընթացքի մեջ գտնվող քաղաքային ծրագրերին վերաբերող խնդիրները:

Ըստ այդմ՝ այսօրվանից Դավթաշեն վարչական շրջանում կսկսվի ոռոգման նոր ցանցի կառուցումը. աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ընկերությունը:

Մայրաքաղաքի 5,7 հա ծաղկային տարածքները ձևավորելու նպատակով վարչական շրջաններին 360 հազար ծաղկասածիլ  է տրամադրվել. դրանցով կզարդարվեն զբոսայգիները, սիզամարգերն ու փողոցներին հարող կանաչ տարածքները: Մայրաքաղաքի փողոցներում չլվացված անվադողերով ու բաց թափքերով բեռնատարների երթևեկն արգելված է, սակայն միայն վարորդներին տուգանելով խնդիրը չի լուծվի: «Նախ պետք է հետևել, որ շինարարական հրապարակներում անվադողերի լվացման կետեր լինեն»,- ասել է քաղաքապետը: Ճանապարհային ոստիկանությունը հանձնարարական է ստացել  այս ուղղությամբ հետևողական վերահսկողություն սահմանել:

Զեկուցվել է, որ ընթացքում է Գետառ և Ողջաբերդ գետերի մաքրումը, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում աշխատանքներն արդեն ավարտվել են, բայց Շենգավիթում և էրեբունում դեռ շարունակվում են:

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը զեկուցել է, որ Արշակունյաց պողոտայում  երթևեկության վիճակը բարելավելու նկատառումով նոր գծանշում է արվել, տեղադրվել են երթևեկությունը կարգավորող համապատասխան նշաններ, առաջիկայում կտեղադրվի նաև թարթող դեղին լուսացույց: Երթևեկը կարգավորելու նույն սկզբունքը, քաղաքապետի հանձնարարությամբ, կիրառվելու է նաև այլ բանուկ փողոցներում:

Այս տարվա  ծրագրերով Խանջյան փողոցում նախատեսվում է կառուցել  վերգետնյա հետիոտնային անցում:

Դիտվել է 1394 անգամ:
Print Friendly

Leave a Reply