Իրավական դաշտի անկատարությունը` որպես հիմնական բացթողում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 28, 2010 9:53

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նախագահի վերահսկողական ծառայության` ԿԳՆ կրթության պետական տեսչությունում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ:

«Արդեն երկրորդ տարին է, որ նախագահի վերահսկողական ծառայությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում կրթության ոլորտում, որոնք էլ հիմք են հանդիսանում համապատասխան գերատեսչական ուսումնասիրությունների, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավման և կատարելագործման, ինչպես նաև կրթական բարեփոխումների հաջող ընթացքի ապահովման համար»,-ասել է  Աշոտյանը:

Նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքների, բացահայտված թերությունների և դրանց վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել  Կրթության պետական տեսչության պետ Խ. Մուրադյանը: Նա նշել է, որ բացահայտված թերությունները, որոնք հիմնականում վերաբերել են իրավական դաշտի անկատարությանը և տեսչության ստորաբաժանումների գործառույթների հստակ տարանջատմանը, մանրամասն քննարկվել են տեսչության բոլոր բաժիններում` համապատասխան տեսուչների հետ: Խ. Մուրադյանը տեղեկացրել է, որ նշված բացթողումների մեծ մասը վերացվել են` արդեն իսկ ուսումնասիրությունների ընթացքում: Նա անդրադարձել է նաև ուսումնական հաստատությունների ընդհանուր տեղեկատվական շտեմարանի ստեղծման անհրաժեշտությանը;

Քննարկման ավարտին ԿԳ նախարարը Կրթության պետական տեսչության պետին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել տեսչավորման գործընթացը կարգավորող իրավական ակտերի նոր և հստակեցված փաթեթ, լրամշակել Կրթության պետական տեսչության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը, ներկայացնել հստակ առաջարկություններ` հայտնաբերված բացթողումների, մասնավորապես, համապատասխան իրավական փաթեթի լրամշակման և տեսչության ստորաբաժանումների գործառույթների տարանջատման վերաբերյալ:

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply