«Որոգայթ» սերիալի սիրահարները հրաժեշտ տվեցին Գարիկին ու Գոքորին
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | June 25, 2009 14:43Հոծ բազմությունը Դավիթաշենի կամրջից ձգվում էր մինչև սուրբ Նահատակաց եկեղեցի, ուր ժամը 12-ին դրվեցին Արամ Միսկարյանի(Գարիկ) ու Գեղամ Ղանդիլյանի(Գոքոր) դիերը:

«Իմ ընկերներն իսկական հայ մարդիկ էին,- ասաց դերասան Հարություն Մովսիսյանը(սերիալում` Հովիկ),- հայրենասեր, տաղանդավոր ու խելամիտ, բայց ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրանց համար: Դժվարությամբ են մեծացել, ինչի որ հասել են, ձեռք են բերել իրենց շնորհքով: Մենք միասին բազմաթիվ անկրկնելի ու անմոռաց պահեր ենք ապրել: Նկարահանումների ժամանակ ֆիլմով ապրում էինք, որովհետև զգում էինք, որ ժողովուրդը շատ սիրեց այն, ու մենք մեզ կարևոր մարդ էինք զգում: Իրենք երբեք մատների արանքով չէին նայում խաղին, իրենց գործի նվիրյալներ էին»:
Ծանոթ ու անծանոթ, մեծ ու փոքր եկել էին՝ վերջին անգամ տեսնելու ու հրաժեշտ տալու իրենց սիրած հերոսներին:
«Մեր ազգին լավ դերասան ու լավ մարդ չի գալիս, Աստված տանում ա»,- հեկեկալով ասում էր տիկին Սեդան:
«Գառնիի ձորում մի դրվագ էինք նկարահանում, Գոքորը սցենարի վերջին դեռ տեղյակ չէր,- հիշում է «Որոգայթի» Հովիկը,- ըստ սցենարի՝ ինձ ինֆարկտ ա խփում, ու Գոքորը չգիտեր, որ պիտի ինֆարկտ տար: Ես ընկա, Գոքորը խառնվեց, հետո բացատրեցինք՝ ինչն ինչոց ա»:
Երբ եկեղեցու զառիվայրով սկսեցին բարձրացնել Գեղամի ու Արամի դագաղները, ժողովրդի մեջ հեկեկոցի ալիք անցավ:
«Էնքան ենք հուզված, որ չգիտեմ էլ ինչ ասեմ,- ասում էր Աղասի Հունանյանը («Վերվարածների» Գրիշը),- որ իմացա, մտածեցի երևի ասեկոսեներ են: Հիմա չենք ուզում հաշտվել էն մտքի հետ, որ մեր ազգի համար էդքան սիրված ու հոգեհարազատ դարձած մարդիկ այսուհետ ֆիզիկապես մեր հետ չեն լինելու»:
«Ամբողջ ընտանիքով ստեղ ենք՝ նույնիսկ թոռնիկս` փոքրիկ Գոքորը: Իրիկունները հարցնում ա` բա ու՞ր ա Գոքորը, ու՞ր ա Գարիկը- ասում է տիկին Ռոզան,- իրանց դերերը մեզ շատ էր դուր գալիս: Հարազատացել էին, ու ողջ ընտանիքը երեկոյան անհամբեր սպասում էր հերթական սերիային»:
«Էնքան կենսախինդ ու կյանքով լի տղաներ էին` ժպիտը դեմքերին: Սաղ ֆիլմի համ ու հոտն իրանք էին,- արցունքոտ աչքերով ասում էր Սիրանույշը,- հիմա ոնց որ չհավատանք, որ էլ իրենք չեն լինելու»:
Վաղամեռիկ դերասանների դիերը 2 ժամ եկեղեցում մնալուց հետո միասին հանգրվանեցին Դավիթաշենի գերեզմանոցում:











Facebook
Tweet This
Email This Post
