ՙԹուրքիան կարող է փախչել,բայց թաքնվել անշուշտ չի կարող Ռիչարդ Կիրակոսյան ՌԱՀՀԿ տնօրեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2010 19:57

Այժմ, երբ Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ևս մեկ տարելից անցավ` ամերիկացի ևս մեկ նախագահ ճշգրտորեն և անկեղծորեն չարտահայտեց ՙՑեղասպանություն՚ եզրույթը, փոխարենն այն անվանելով ՙՄեծ Եղեռն՚: Չնայած պատմական այս ճշմարտության կասկածելի աղավաղումը բոլորովին էլ զարմանալի չէր, այնուամենայնիվ, հիասթափեցնող է:

Նախագահ Բարաք Օբամայի գործածած եզրույթից հիասթափությունը ոչ միայն վիրավորանք է հայերի հավաքական հիշողության, այլ նաև ամերիկյան պատմության ազնվության հանդեպ: Երբ հարցը վերաբերում է Ցեղասպանությանը, ապա այսպիսի հարմարավետ կիսաճշմարտությունները կամ քաղաքական անբարոյականությունները տեղ չպետք է գտնեն: Ե°վ հայերը, ե°ւ ամերիկացիները արժանի են ավելիին, և հատկապես ԱՄՆի այս նախագահից:

Հետաքրքիր է, որ թեպետ հայերը վերստին հիասթափություն ապրեցին ԱՄՆ նախագահի հայտարարությունից, թուրք պաշտոնյաները նույնպես վրդովված էին դրանից: Նրանք չգոհացան անգամ նրանով, որ Օբաման չարտաբերեց Ցեղասպանություն բառը: Հատկապես թուրքերի վրդովմունքի պատճառ դարձան, որ նախագահը Ցեղասպանությունը բնորոշեց որպես ՙ20-րդ դարի ծանրագույն եղեռնագործություններից մեկը՚ և ՙհայ ժողովրդի պատմության կործանարար էջերից՚:

Թուրքիայում նաև որոշակի անհանգստություն նկատվեց, երբ Օբաման կրկնեց, որ ինքը ՙմշտապես արտահայտել է՚ իր տեսակետը ՙ1915 թվականին կատարվածի վերաբերյալ՚` զգուշացնելով, որ այդ առումով իր տեսակետը ՙչի փոխվել՚: Եվ սա Թուրքիայում ավելացրեց այն մտավախությունը, որ չնայած նա չօգտագործեց ՙՑեղասպանություն՚ եզրույթը, բայց դա, այնուամենայնիվ, չի նշանակում, որ չի օգտագործի ապագայում:

Սակայն շատ առումներով Հայաստանի` Թուրքիայի հետ իրականացրած դժվարին դիվանագիտությունից քաղված ամենաակնառու դասն այն եղավ, որ Թուրքիան հարգում է միմիայն ուժը: Սա հատկապես բնութագրական է 2009թ. հոկտեմբերին, երբ տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև այժմ արդեն տխրահռչակ ՙարձանագրությունների՚ ստորագրման արարողությունը: Այս արարողության ընթացքում Թուրքիան նույնիսկ մի քանի ժամով ուշացրեց ստորագրման պահը` փորձության ենթարկելով Հայաստանի կամքը, տոկունությունը և վճռականությունը:

Եվ հիմա, երբ Թուրքիան արդեն ցուցադրել է գնալով սաստկացող անազնվությունը և անվստահելիությունը Հայաստանի հանդեպ իր ունեցած պարտավորությունների առումով, ՀՀ կառավարությունը վերջապես առկախեց արձանագրությունների վավերացման գործընթացը: Մասնավորապես, Հայաստանի նախագահը հարկադրված էր գործի լծվել և պատասխանել Թուրքիայի կողմից անընդունելի ՙնախապայմանների լեզվով՚ խոսելուն: Հայաստանի կատարած այս քայլը ճիշտ է և խոհեմ պատասխան է Հայաստանի նախագահի այն ցավալի խոստովանությանը, թե ՙամբողջ մեկ տարի Թուրքիան արեց ամեն ինչ, որպեսզի ժամանակը երկարաձգի և գործընթացը ձախողի՚:

Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` կարգավորման գործընթացն առկախելու որոշումը ՙլավ մարտավարություն էր այս պայմաններում՚, սակայն ՙլավ ռազմավարը չպետք է թույլ տար, որ տեղի ունենային այսպիսի բաներ՚ ի սկզբանե: Հովհաննիսյանի ընդգծմամբ` այս արձանագրություններն էականորեն թերի են, քանի որ պարունակում են որոշ մտահոգիչ նախապայմաններ և դրանով իսկ արտացոլում թուրքական փորձերը` հասնել ՙՑեղասպանության ճանաչումը մերժելուն՚, ՙանօրինական դե ֆակտո սահմանը դե յուրե ճանաչելուն՚ և հայթուրքական կարգավորման հարցն անընդունելիորեն և արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ շաղկապելուն:

Այդ համատեքստում Հովհաննիսյանը նշել է, որ այս ջանքը ՙփորձություն էր, և այն ձախողվեց՚: Նա նաև զգուշացրել է, որ Հայաստանը դեռ գտնվում է տագնապային ՙարտակարգ իրավիճակում՚, որը կարելի է հաղթահարել ՙկամ նոր ընտրությունների միջոցով, կամ էլ շրջադարձային փոփոխություններով, որոնք ենթադրում են քաղաքական կամք, ինչը սակայն, առայժմ տեսանելի չէ ո°չ իշխանությունների մեջ, ոչ էլ ընդդիմության որոշ հատվածում՚: Ակնհայտ է, որ ներքին ուժի բացակայությունը երբեք չի կարող փոխակերպվել արտաքին ազդու քաղաքականության:

Այսպիսով` վերջին իրադարձությունների արդյունքում այժմ պարզ է, որ չնայած Թուրքիան կարող է այս հարցից փախչելու փորձ անել, սակայն չի կարող թերևս թաքնվել արդի պետությունից ակնկալվող ամենատարրական սպասելիքներից, որոնք են. ա) Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, բ) այն սահմանի բացումը, որը միակողմանիորեն փակել է ինքը և գ) իր ցեղասպան ժառանգության ընդունումը: Միաժամանակ լավ կլինի, որ միջազգային հանրությունը հիշի` բոլոր ակնկալիքները և բեռը անմիջականորեն Թուրքիայի ուսերին են: Հայաստանն արել է այն, ինչ կարող էր և դեռ ավելին: Միգուցե այս հանգրվանում ժամանակն է, որպեսզի Հայաստանը փոխի իր քաղաքականությունը և ինքը Թուրքիայից պահանջի ու առաջ քաշի սեփական նախապայմանները: Թերևս այդ դեպքում միայն Թուրքիան կհարգի հայաստանյան ուժեղ դիրքը:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply