Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի շուրջ դրված ծաղիկները նորից «կյանք» կառնեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 27, 2010 19:16

Հարգելի գործընկերներ

Ապրիլի 24-ը համայն հայության համար հիշատակի օր է: Հազարավոր հայեր Սփյուռքից և Հայաստանից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրացիներ Ծիծեռնակաբերդի բարձունքում իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին` Անմար կրակի մոտ թողնելով հարյուր-հազարավոր ծաղիկներ, որոնք խորհրդանշում են մեր ապրած անդառնալի կորստի ցավը:

Ապրիլի 27-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամնը խորհրդանշական միջոցառմամբ ամփոփեց Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Առաջին անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի շուրջ դրված ծաղիկները նորից «կյանք» կառնեն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորերի, Արևորդի էկո-ակումբների սաների, հիմնադրամի աշխատակիցների, միջոցառմանը մասնակից մի շարք կազմակերպությունների և անհատների միջոցով ցողունները ծաղկի գլխիկներից խնամքով առանձնացվեցին` հետագայում Ծիշեռնակաբերդի հուշահամալիրի այգու համար պարարտանյութ դառնալու նպատակով, իսկ ծաղկի թերթիկները հատուկ պայմաններում կչորացվեն` հետագայում դառնալով վերամշակված թուղթ, ինչը կվերածվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար նախատեսված շնորհակալագրերի և հուշաթերթիկների:

Համագործակցելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ` ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու հիմնադրամը ոչ միայն մասնակցում են թանգարանի այգու խնամքին, այլև յուրովի վերաբերմունք են դրսևորում այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր մեծագույն հուզմունքով ծաղիկներ են դրել Ցեղասպանության հուշարձանին. հուշաթերթիներ, շնորհակալագրեր դարձած ծաղիկները թանգարանի հյուրերի, այցելուների համար մեր պայքարի ու ստեղծագործ գոյության խորհրդանիշը կլինեն:

Սպասեք ավելիին: ՎիվաՍել-ՄՏՍ… Ավելին, քան օպերատոր:

Դիտվել է 2491 անգամ:
Print Friendly

Leave a Reply