Օրենքով սահմանվեց տեղական հարկատեսակների ցանկը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2010 16:30

Ապրիլի 27-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված ՙՀարկերի մասին՚, ՙՀՀ բյուջետային համակարգի մասին՚ և ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Ըստ այդմ, առաջին անգամ օրենքով սահմանվում է տեղական հարկատեսակների ցանկը, որում ներառվում են ներկայումս պետական հարկատեսակներ համարվող գույքահարկն ու հողի հարկը, նաև հյուրանոցային և տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկերը: Վերջին երկուսը նոր հարկատեսակներ են, որոնց դրույքաչափերի նվազագույն և առավելագույն սահմանները, նաև առանձնահատկությունները կսահմանվեն առանձին օրենքներով: Դրանց կիրառումը և դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքում սահմանելու է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ: Հողի հարկի և գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է: Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ ամրագրվելու են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում ձևավորվում են:

Նշենք, որ կառավարության կողմից ԱԺ ներկայացված փաթեթի նախնական տարբերակով տեղական հարկատեսակների ցանկում գործող գույքահարկից ու հողի հարկից բացի առաջարկվում էր ներառել 8 նոր տեղական հարկատեսակներ` հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ,անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ,համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ: Խորհրդարանական ընդդիմությունը, նաև իշխող կոալիցիայի որոշ ներկայացուցիչներ, անընդունելի էին համարել ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հարկային բեռի ավելացումը: Արդյունքում, կառավարությունը համաձայնեց նախատեսվող տեղական հարկատեսակները կրճատել 6-ով:

Դիտվել է 2229 անգամ:
Print Friendly

Leave a Reply