Վանաձորում 4 օրում թունավորվել է 17 մարդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2009 14:20

sunkՎանաձորում հունիսի 21-24գրանցվել է թունավորումների 17 դեպք: Վանաձորի հակահամաճարակային տեսչության տվյալներով` անցյալ տարի ամռանը սնկային թունավորումների եզակի դեպքեր են եղել:

Տեսչությունից հայտնում են, որ իրական պատճառը դեռևս ստույգ հայտնի չէ, բայց կան կասկածներ, որ թունավորումները սնկից են:

31-ամյա Լեռնուհի Վանեսյանը 2 օր է` պառկած է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Պատմում է, որ հիվանդանոց տեղափոխվելուց մի քանի ժամ առաջ իրեն վատ է զգացել` սրտխառնոց, ցավ որովայնի շրջանում, գունատվել է և ձեռքերն ու ոտքերն անբնական սառել են: Շտապ օգնություն են կանչել, անմիջապես տեղափոխել հիվանդանոց: Լեռնուհին պատմում է, որ այդ օրը գրեթե ոչինչ չի կերել, բացի նախորդ օրվա սնկապուրից:

16-ամյա Թամարա Կարախանյանը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց թունավորման պատճառով. ախտանիշերը գրեթե նույնն են եղել: Ասում է, որ սունկ է կերել իրեն վատ զգալուց կես օր առաջ:

Վանաձորի հակահամաճարակային կենտրոնից խորհուրդ են տալիս առայժմ խուսափել փողոցներում վաճառվող սունկ օգտագործելուց, քանի որ ողջ օրը արևի տակ եղած մթերքն արդեն իսկ վտանգավոր է: Իսկ բժշկուհի Վանուհի Մինասյանը խորհուրդ է տալիս ամռանը` հատկապես շոգ օրերին, բոլորովին խուսափել սունկ օգտագործելուց` անկախ այն բանից, թե որտեղից է գնվել` բաց շուկայից, թե որևէ խանութից` հերմետիկ փաթեթավորմամբ:

Բժիշկները խորհուրդ են տալիս նաև սնկի հետ չօգտագործել կաթնամթերք. դրանք միմյանց հակացուցված են: Ասում են նաև, որ սնկային թունավորումների ժամանակ միշտ նկատվում է ոտքերի ու ձեռքերի սառնություն, բայց դժվար է անմիջապես որոշել, թե թունավորման պատճառը ինչն է:

Առաջին ախտանիշները նկատվում են ոչ շուտ` սունկն ուտելուց 2-3 ժամ հետո, երբեմն մի ողջ օր ոչինչ չի նկատվում` կապված օրգանիզմի յուրահատկություններից և այն բանից, թե սնկից զատ էլ ինչ է կերել հիվանդը:

Բժիշկներն ասում են` թունավորման առաջին ախտանիշերի դեպքում (եթե տնային պայմաններում են առաջին օգնություն ցույց տալիս) անմիջապես գոլ ջրով օրգանիզմի լվացում անել: Հաճախ հիվանդին սոդայի լուծույթ են տալիս, ինչը խորհուրդ չի տրվում: Եթե 40 րոպեի ընթացքում հիվանդի վիճակը չի բարելավվում, ապա անմիջապես պետք է դիմել բժշկի:

Դիտվել է 2367 անգամ:
Print Friendly

Leave a Reply