Սամվել Կարապետյան. «Ազգային ողնաշարը Ախալցխայում կոտրված է»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 27, 2010 14:51

«Քանի դեռ միջազգային ատյաններում մեր պետությունը դատ չի բացել, վրացիները ձեռք չեն քաշի հայկական հուշարձաններից,-ասաց այսօր հուշարձանագետ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:- Հայկականության վերացումը Գուգարքի նահանգում  Վրաստանի կողմից ծրագրված քաղաքականություն է, ինչպես Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում և Ադրբեջանի կողմից՝ Նախիջևանում և Հյուսիսային Արցախում»:

Կարապետյանն ասում է, որ վրացական իշխանությունները հիմա էլ սկսել  են Ախալցխայի Երման Ս. Խաչ եկեղեցու վրացականացման գործընթացը: Ըստ ավանդության այս եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, սակայն, ըստ Կարապետյանի, եկեղեցու կառուցման ավելի հավանական ժամանակաշրջան է 11-13-րդ դարերը: Եկեղեցու շուրջը գտնվում է մեծ հայկական գերեզմանատուն տապանաքարերով ու խաչքարերով,  որոնք թվագրվում են մինչև 14-րդ դար:  «Այստեղ առայժմ միայն մաքրման աշխատանքներ են կատարվել, ինչի արդյունքում ի հայտ են եկել նաև պատերի մեջ ագուցված նոր հայկական խաչքարեր: Բայց անշուշտ վրացիները վերացնելու են հայկականությունը փաստող ցանկացած հուշարձան»,- ասում է Կարապետյանը՝ Երման Ս. Խաչը համարելով հերթական զոհ հուշարձանը:

Կարապետյանն ասում է, որ առաջիկայում անգլերենով վերահրատարակելու է  1998-ին տպագրված «Հայ մշակույթի հուշարձանները և վրաց պետական քաղաքականությունը» գիրքը, սակայն արդեն 3-4 անգամ մեծ ծավալով: «12 տարվա ընթացքում այդքան նոր հուշարձան է յուրացվել վրացիների կողմից: Նորը կառուցելու փոխարեն նրանք յուրացնում են հինը»,- ասում է Կարապետյանը:

Ախալցխայի հայկական համայնքը, ըստ Կարապետյանի,  բազմաթիվ ճնշումների է ենթարկվում, ինչի հետևանքով վերջին տարիներին երիտասարդները զանգվածաբար արտագաղթում են: 1989-ին Ախալցխայում հայերը կազմում էին բնակչության 50 տոկոսը, հիմա ընդամենը 30 տոկոսը, այն էլ հիմնականում տարեցներ են:  «Ազգային ողնաշարը Ախալցխայում կոտրված է»,- ասում է Կարապետյանը:

Կարապետյանն ասում է, որ վրացիները  «հայի հետքն իր տնից վերացնելու» աշխատանքները սկսել են դեռևս անցած դարի 50-ականներին, երբ հայկական խաչքարերը մեքենաներով տարել են՝ իբրև Թբիլիսիի թանգարանում ցուցադրելու համար, մինչդեռ այսօր, ըստ հուշարձանագետի, վրացական որևէ թանգարանում հայկական խաչքար չի ցուցադրվում:

Կարապետյանն ասում է, որ մշակույթը ողջ աշխարհին հասկանալի միակ լեզուն է,  որով, սակայն, հայերս չենք խոսում: «Ջուղան այլևս չկա, մինչդեռ Ջուղայում տեղի ունեցածը հայկական կողմը կարող էր դարձնել մատի փաթաթան Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ՝ համայն մարդկությանը ահազանգելով, որ փոխզիջումների դեպքում հանձնած տարածքների հուշարձաններն էլ նույն ճակատագրին կարժանանան,- ասում է Կարապետյանը:- Հայաստանն իր լծակները չի կիրառում»:

Անդրադառնալով Արևմտյան Հայաստանի հուշարձաններին՝ Կարապետյանն ասում է, որ հնարավոր չէ պարզել հայկական մշակութային կորուստների ծավալը, քանի որ «ի միջիայլոց կորցրինք հայրենիքն՝ այն 99 տոկոսով առանց ճանաչելու»: Կարապետյանի խոսքով՝ Կարսի նահանգի մի քանի կարևոր հուշարձանների լուսանկարները կան միայն,  ևս մի քանի վանական համալիրների մասին էլ կան գրավոր տեղեկություններ, մնացածի մասին որևէ տեղեկություն չկա:

Հուշարձանագետի կարծիքով՝ «Օտարները հայկական հուշարձանների հետ այդ կերպ են վարվում, քանի որ թույլ ենք տվել»: Հուշարձանները պահպանելու միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր կան, մինչդեռ Հայաստանն, ըստ Կարապետյանի,  չի կիրառում դրանք հայկական հուշարձանները պահպանելու համար: Որպես միջազգային ասպարեզում պայքարի օրինակ՝   Կարապետյանր մատնանշում է Կիպրոսը. վերջինս  անցած տարի Եվրոպական դատարան շուրջ 1600 հայց է ներկայացրել ընդդեմ  Թուրքիայի՝    Հյուսիսային Կիպրոսում հուշարձանները ոչնչացնելու մեղադրանքով:

Դիտվել է 3379 անգամ:
Print Friendly

Leave a Reply