Առաջարկում են երեք տարով դադարեցնել ձկնորսությունը Սևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 27, 2010 13:02

Բնապահպանության նախարարությունը Սևանա լճում ձկնորսությունը երեք տարով արգելելու նախագիծ է ներկայացրել արդարադատության նախարարություն: Առաջիկայում նախարարությունը նախագիծը վերջնական տեսքով կներկայացնի կառավարության քննարկմանը, որից հետո էլ այն կուղարկվի Ազգային ժողով:

«Սա ինքնանպատակ արգելք չէ: Այս նախաձեռնությամբ նպատակ ունենք ապահովել ձկնատեսակների բնական վերարտադրությունը, որպեսզի հետագայում հնարավոր լինի նաև արդյունագործական ձկնորսությունը»,- ասում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Իսկ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը տեղեկացնում է, որ նախարարությանն առաջարկել են ձկնորսությունն արգելել չորս տարով, քանի որ իշխանի, կողակի, բեղլուի, սիգի պաշարների վերականգնման համար անհրաժեշտ է նվազագույնը չորս տարի:
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Միխաիլ Ոսկանովը «Անկախին» տեղեկացրեց, որ այս տարի արդյունագործական ձկնորսության մասին բնապահպանության նախարարի հրաման չի եղել, թույլատրված է միայն կարասի սիրողական ձկնորսությունը: Գործակալությունն արդեն իսկ Հայաստանի բոլոր ջրային տարածքներում տվել է ձկնորսական կարթով 750 կգ կարասի որսի թույլտվություն, ինչը դեռևս վերջնական տվյալ չէ, տարվա ընթացքում կլինեն նաև այլ դիմումներ:
«Ձկնորսության արգելքը պարզապես անհրաժեշտություն է: Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ Սևանա լճում արդյունագործական ձկնապաշար չկա: Միայն կարասը (լճածածանը) որոշակի արդյունագործական պաշարներ ունի, սակայն առաջարկել ենք նաև կարասի որսն արգելել»,- ասում է Գաբրիելյանը:
Նրա խոսքով` էկոլոգիական նկատառումներով կարասը միակ ձկնատեսակն է հիմա, որ կարող է օգտագործել լճի օրգանական նյութերը` դրանով իսկ նպաստելով ճահճացման նվազեցմանը: Բացի այդ, կարասի որսի արգելքը կնպաստի նաև մյուս ձկնատեսակների պահպանմանը, քանի որ եթե ձկնորսական որսագործիքներ ընդհանրապես չօգտագործվեն, ավելի հեշտ կլինի ձկնատեսակների պահպանությունը, և մի ձկնատեսակի որսի թույլտվության պարագայում այդ ձկան անվան տակ ուրիշ ձկնատեսակներ չեն որսա:

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն էլ այն կարծիքին է, որ ձկնորսության արգելքը պարտադրված է իրավիճակով: «Սակայն, ձկնորսության արգելքները հաճախ ձևական բնույթ են կրում: Նախկինում բոլոր օրերին և ամիսներին, երբ Սևանում արգելված է եղել ձկնորսությունը, շուկայում ազատ ձուկ է վաճառվել»: Սանասարյանն ասում է, որ եթե հաջողվի երեք տարով բացարձակապես արգելել ձկնորսությունը, այդ ժամանակահատվածում, օրինակ, սիգի մայրական կազմը կվերականգնվի: Սանասարյանը, սակայն, լավատեսական կանխատեսումներ չունի. «Քանի դեռ նախարարությունում առկա կաշառակերության խնդիրը չի լուծվել, այս խնդիրը լուծում չի կարող ստանալ»:
Բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով` ձկնորսության արգելքը մի փոքր ուշացած է, սակայն «լավ է ուշ, քան երբեք»: Բնապահպանն ասում է, որ բոլոր տեսակի ձկնատեսակների որսի արգելքը անհրաժեշտություն է, քանի որ «լիճն այսօր գրեթե դատարկ է»: Ձկնորսության բացարձակ արգելքի դեպքում, ըստ Դանիելյանի, հնարավոր կլինի իրականացնել վերահոսկողություն, այլապես մի ձկնատեսակի որսի ժամանակ այլ ձկներ էլ կարող են ցանցն ընկնել: Ձկնորսության արգելքի դեպքում սոցիալական խնդիր կռաջանա և անհրաժեշտություն կլինի մարզում ստեղծել նոր աշխատատեղեր, այլապես, ըստ Դանիելյանի, ոչ ձկնորսության արգելքը կգործի, ոչ էլ խնդիրը կլուծվի:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան

Նախարար Հարությունյանի խոսքով՝ դեռևս որոշված չէ խեցգետնի որսի արգելքի հարցը. «Եթե պարզվի, որ խեցգետնի որսի արգելքը բացասական կազդի ձկնատեսակների բնական վերարտադրության գործընթացի վրա, այդ դեպքում խեցգետնի որսը կթուլատրվի»: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը չի առաջարկել դադարեցնել խեցգետնի որսը` չտեսնելով դրա անհրաժեշտությունը: Ինստիտուտը միայն առաջարկել է, որ խեցգետնի որսը կազմակերպվի բացառապես խեցգետնաորսիչներով: Խեցգետինները ևս, ըստ Գաբրիելյանի, օգտագործում են լճի օրգանական նյութերը` դրանով նպաստելով ճահճացման նվազեցմանը, բացի այդ, խեցգետինը ներկայիս պաշարներով չի կարող սպառնալ մյուս ձկնատեսակների բնական վերարտադրության գործընթացին:

Այս տարի նախարարությունը նախատեսում է իրականացնել 7-7,5 մլն դրամ արժողությամբ ծրագիր՝ հաշվարկելու Սևանի բոլոր ձկնատեսակների պաշարները:

Անդրադառնալով ձկնապաշարների մոնիթորինգի հարցին` Գաբրիելյանն ասում է, որ այս տարվանից սկսած` կհաշվարկեն նաև իշխանի պոպուլյացիան, ինչը նախորդ տարիներին չեն արել: Ձկնատեսակների պաշարների մոնիթորինգ իրականացնում են ձկների բազմացման շրջանում` պարզելու հասուն տարիքի հասած ձկան քանակը:
«Առաջին անգամ իշխանի մանրաձուկ Սևան բաց է թողնվել չորս տարի առաջ, և հիմա դրանք արդեն հասունացած պետք է լինեն: Տարեվերջին հստակ կիմանանք, թե նախորդ տարիներին իշխանի մանրաձկան բացթողումները Սևան որքանով են արդյունավետ եղել»,- ասում է Գաբրիելյանը:

Հարությունյանը, անդրադառնալով Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցին, ասում է, որ Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` բարձրացել է 55 սմ-ով և կազմում է 1899,53 սմ:

Նախարարի հավաստմամբ՝ ավարտված են մաքրման ենթակա առափնյա տարածքների քարտեզագրման աշխատանքները.«Ընդհանուր առմամբ ունենք մաքրման ենթակա 3000 հա տարածք, որից այս տարի պետք է մաքրվի 600-ը: Այդ տարածքներից 450 հա անցել է ջրի տակ»: Առաջիկայում, մրցութային կարգով պետք է որոշվի, թե որ կազմակերպությունն է իրականացնելու ջրի տակ անցած տարածքների ծառերի և թփերի մաքրման ու հեռացման աշխատանքները: Իսկ մինչ այդ, ըստ Հարությունյանի, որոշ տարածքներում մաքրման աշխատանքներ է իրականացնում «Սևան» ազգային պարկը:

Անցած տարի պետբյուջեից հատկացված 250 մլն դրամով Սևանի ավազանում մաքրվել է ևս 600 հա անտառածածկ տարածք: Փայտանյութի մի մասը, ըստ Հարությունյանի, տրամադրվել է զոհված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ վաճառքի պիտանի փայտանյութից ստացված գումարն էլ ներդրվել է ազգային պարկի բյուջե: Եկող տարվանից նախարարությունը կիրականացնի ոչ միայն մաքրման, այլև անտառավերականգնման աշխատանքներ: Այդ նպատակով նախատեսվում է վերագործարկել Մարտունու տնկարանը:

Դիտվել է 2020 անգամ:
Print Friendly

Leave a Reply