Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի նախագահը. բողոքի ակցիան չկայացավ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2009 14:15

Սահակաշվիլի և ՍարգսյանԱյսօր առավոտյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի առաջ, որտեղ հանգրվանել էր երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ջավախահայերի շահերի պաշտպաններ, երիտասարդներ, ՀԿ ներկայացուցիչներ ծրագրել էին բողոք կազմակերպել` ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների և Վրաստանում հայկական կոթողների ու եկեղեցիների:
Սակայն Հանրապետության հրապարակի տարածքը շրջափակած ոստիկաններն ուժով հեռացրին ակցիայի մասնակիցներին. մի քանի տղաների շապիկներն անգամ քաշքշոցից պատռվեցին: Այնտեղ էր նաև ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ում նույնպես չթողեցին մուտք գործել հրապարակ:
Հավաքվածները պատրաստել էին Սահակաշվիլիին ուղղված դիմում` պահանջի տասը կետերով` առաքելական եկեղեցուն տալ կրոնական հաստատության իրավական կարգավիճակ, դադարեցնել հայկական եկեղեցիների վրացականացումը, հայերին վախեցնելու քայլերը, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթի երկրամասում հայերենը հռչակել պետական երկրորդ լեզու և չխոչընդոտել երկրամասի բնակչության և հասարակության հարաբերությունները ՀՀ-ի հետ: Հավաքվածներին, սակայն, թույլ չտվեցին հանձնել դիմումը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստան ժամանեց տիկնոջ` Սանդրա Ռուլովսի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի ունեցավ բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդեց 2 նախագահների առանձնազրույցը, այնուհետ` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

222

Միխաիլ Սահակաշվիլի

Նշելով, որ աշխարհում շատ չեն ժողովուրդները, ովքեր կարող են հպարտանալ այնպիսի երկարատև ու բարիդրացիական հարաբերություններով, ինչպիսին հայ և վրաց ժողովուրդներն են` նախագահ Սարգսյանն ասաց. «Մենք պարտավոր ենք բազմապատկել այն, ինչ մենք ժառանգել ենք մեր նախնիներից»:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներին, երկկողմ հաղորդակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, նաև կրթամշակութային համագործակցությանն առնչվող հարցեր: Խոսվեց նաև հայ-վրացական սահմանի դեմարկացիոն (հեշտ անցնելու) խնդրի մասին:

Սարգսյանը Վրաստանի նախագահին տեղեկացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների մասին. «Տեղեկացրել եմ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների և դրանց շուրջ մեր մոտեցումների մասին: Մեր մոտեցումը պարզ է. հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Տարածաշրջանի երկրները պետք է գտնեն համագործակցության եզրեր` չնայած առկա տարաձայնություններին»:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին հայ վրացական համատեղ դպրոցական օլիմպիադան անցկացնել այս տարվա աշնանը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը Միխայիլ Սահակաշվիլիին պարգևատրեց Պատվո շքանշանով, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգևն է:
Այսօր երեկոյան Վրաստանի ղեկավարն ու տիկինը կվերադառնան Վրաստան:
Նախագահ Սարգսյանի պաշտոնական առաջին այցը Վրաստան եղել էր 2008-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը:

ՆախագաներԲանակցությունների վերջում Վրաստանի նախագահը ՀՀ նախագահին շնորհել էր «Ոսկե գեղմ» պատվո շքանշան, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Վրաստանի բարձրագույն պետական պարգևն է:

Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին ՀՀ նախագահը Թբիլիսիի «Մարիոթ Կորթյար» հյուրանոցի սրահում հանդիպում էր ունեցել նաև վիրահայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply