Կանխվել է մաքսանենգ ապրանքների ներկրումը հանրապետություն. հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, կոսմետիկական միջոցներ և սոխ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 27, 2010 12:30

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, “Ապավեն” մաքսային պահեստում, “Տահատ” ՍՊԸ-ի անունով ներմուծված բեռի նախնական զննության ժամանակ քաշի անհամապատասխանություն են արձանագրել. պարզվել է, որ անհրաժեշտ մաքսային վճարումներից խուսափելու նպատակով, ճանապարհին հմտորեն դատարկվել է ավտոմեքենայի բեռի մի մասը` առանց մաքսային ապահովման միջոցը /կապարակնիքը/ վնասելու: Մաքսավորները հայտնաբերել են, որ եթե Բավրայի մաքսակետում ավտոմեքենան կշռել է ավելի քան 35,5 տոննա, ապա պահեստում քաշը պակասել է մոտ 1,5 տոննայով:
Մաքսանենգության ևս երկու դեպք են հայտնաբերել ՊԵԿ “Զվարթնոց” մաքսատան աշխատակիցները, ովքեր, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, մաքսային զննման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթերով ժամանած երկու քաղաքացու ուղեբեռ, որոնցում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած մոտ 17 կգ կոսմետիկական միջոցներ և դեղորայք:
Մաքսային հսկողության “Կանաչ” ուղին հատած ՀՀ քաղաքացի Գևորգ Մուշեղյանի ուղեբեռի զննության ժամանակ մաքսավորները հայտնաբերել են չհայտարարագրված` “Mary Key” ֆիրմայի արտադրության մոտ 10 կգ կոսմետիկական միջոցներ:
Մոսկվա-Երևան մեկ այլ չվերթով ժամանած ուղևոր` ՌԴ քաղաքացի Հարություն Գյուլումյանը ևս փորձել էր հատել “Կանաչ” ուղին, սակայն նրա ուղեբեռի զննության ժամանակ մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած` 7 կգ 17 անվանում տարբեր տեսակի դեղորայք: Հ. Գյուլումյանի բացատրության համաձայն` դեղորայքը վերջինս բերել էր` իբրև թե հիվանդ հարազատներին փոխանցելու նպատակով:
Բոլոր երեք գործերով հարուցված նյութերով կատարվում է քննություն:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply