Հայ-թուրքական արձանագրությունները հանվել են ԱԺ-ի քառօրյա նիստերի օրակարգից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 26, 2010 21:07

2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ՙՀայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՚ եւ ՙՀայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին՚ արձանագրությունները
հանվել են ապրիլի 26-ին մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգից: Հիմքը արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 22-ի հրամանագիրն է:

Ի պատասխան ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ եւ կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հարցին, ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ արձանագրությունները շարունակում են ընգրկված մնալ խորհրդարանի գարնանային նստաշրջանի օրակարգում:

Ընթացիկ քառօրյայի օրակարգում ընդգրկված է 105 հարց, այդ թվում` 23 միջազգային պայմանագիր: Օրակարգային հարցերի թվում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2009թ.-ի գործունեության վերաբերյալ հաղորդումները, նաեւ` 2009թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը:

Դիտվել է 1684 անգամ:
Print Friendly

Leave a Reply