Նախագահը և ԳԱԱ անդամները քննարկել են գիտության զարգացման խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2010 17:11

Այսօր  Սերժ Սարգսյանը հանդիպել է  Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներին եւ Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների  ղեկավարներին:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ անհրաժեշտ է  համարում Ակադեմիայի վերջերս անցկացված  տարեկան ընդհանուր ժողովից հետո գիտնականների հետ քննարկել գիտության  զարգացմանը խոչընդոտող  խնդիրները  եւ դրանց հնարավոր լուծումները: «Այս թեմայով մինչ այժմ եղած քննարկումները  նախանշում են ճիշտ ճանապարհը. կարծում եմ` մեր առաջնահերթ խնդիրը գիտությունը կրթության եւ տնտեսության հետ սերտ շաղկապելն է»,-ասել է Սարգսյանը:

Նախագահը  խոսել է  մեր երկրում  գիտությունը եւ կրթությունը զարգացնելու  երեք առանցքային ուղիների մասին.  «Առաջին ճանապարհը, որով մենք պետք է շարժվենք, առկա ուսումնական եւ գիտական հաստատությունների վերակազմավորումն ու ավելի արդյունավետ օգտագործումն է, այսինքն` բարեփոխումների շարունակականության ապահովումը: Երկրորդ ճանապարհը նոր տիպի ուսումնական եւ գիտական հաստատությունների ստեղծումն է, ինչպիսին, օրինակ, հիմնադրեցինք Տավուշում` ժամանակակից ինտերնատ- դպրոց, որտեղ ուսուցումը լինելու է օտար լեզվով եւ կիրառվելու են ուսման բնագավառում ամենաժամանակակից ձեռքբերումները: Երրորդ ճանապարհը մեր   ուսանողներին  եւ երիտասարդ գիտնականներին աշխարհի լավագույն ուսումնական ու  գիտական հաստատություններում կրթվելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելն է»,- նշել է երկրի ղեկավարը:

Սարգսյանը տեղեկացրել է, որ այս տարի բազմապատկվելու  են հայաստանցի ուսանողների  ուսումն արտերկրյա առաջատար բուհերում ֆինանսավորող «Լույս» հիմնադրամի միջոցները, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ կարողանան ուսանել արտերկրում: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստվելու  հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը` ասելով, որ այդ ուղղությամբ եւս պետք է քայլեր ձեռնարկվեն: Հանրապետության նախագահը  խոսել է նաեւ պետության պատրաստակամության մասին`  լուծելու երիտասարդ գիտնականների սոցիալական որոշ խնդիրներ. «Գիտեմ, որ երիտասարդ գիտնականներին բնակարաններով ապահովելու խնդիր կա, եւ մենք պատրաստ ենք շատ լուրջ ներդրում կատարել այս գործում: Սակայն, այդ աջակցությունը պետք է ստանան միայն ու միայն այն երիտասարդ գիտնականները, ովքեր գիտության մեջ իսկապես խորանալու մտադրություն ունեն, ոչ թե նրանք, ովքեր ասպիրանտուրան ավարտելուց հետո մի քանի ամիս ինչ-որ գիտական հաստատությունում աշխատում են եւ հետո գնում այլ  ուղղությամբ»,- ասել է Սարգսյանը:

Ակադեմիկոսները  երկրի ղեկավարի հետ զրուցել  են գիտության զարգացումը խոչընդոտող մի շարք խնդիրների մասին: Դրանցից առաջնահերթ է համարվել այն, որ Ակադեմիան համապատասխան փորձակոնստրուկտորական ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում իր գիտական արդյունքները լիարժեք ներդնել տնտեսությունում: Նրանց խոսքով` նման կառուցվածքի բացակայությունը նաեւ անհնար է դարձնում մասնավոր կապիտալի հոսքը դեպի գիտություն, ինչը նոր հետազոտություններ կատարելու  եւ գիտական արդյունք ձեւավորելու գործում  էական նշանակություն ունի: Խոսվել է նաեւ ԳԱԱ ճյուղային ինստիտուտների եւ տնտեսության համապատասխան ճյուղերի միջեւ համագործակցության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղիների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են հասարակագիտական  գիտությունների, մասնավորապես` հայագիտության  զարգացումը խթանող պայմանների ստեղծման անհրաժեշտությանը:  Նախագահը նշել է, որ խրախուսիչ պայմաններ պետք է  ստեղծել նաեւ հայագիտությամբ զբաղվող  արտերկրի գիտնականների համար: Խոսվել է նաեւ հայ գիտնականների աշխատությունները օտար լեզուներով լույս ընծայելու, դրանք նաեւ էլեկտրոնային ռեսուրսներում ներկայացնելու գործընթացի կազմակերպման մասին:

Դիտվել է 2203 անգամ:
Print Friendly

Leave a Reply