Նուբարաշենի դպրոցի նախկին ուսուցիչը կանգնած է մեղադրյալի աթոռին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 26, 2010 16:33

ձախից Լևոն Ավագյան

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ,  սկսվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ  այդ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Այս քրեական գործը հարուցվել էր որպես հետևանք ՝ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի, ով իր ընկերների հետ այդ դպրոցում 2008թ. մարտ-մայիս ամիսներին  կամավորական աշխատանքների ժամանակ նկատել էր դպրոցում տիրող հակասանիտարական  վիճակը, իսկ երեխաներն էլ պատմել էին, որ ուսուցիչ Լ Ավագյանի կողմից ենթարվել են սեռական ոտնձգությունների:  Մարիամ Սուխուդյանի նկատմամբ նախ գործ էր հարուցվել զրպարտության, ապա` սուտ մատնության մեղադրանքներով: 2010թ. մարտի 10-ին ԱՄՆ-ի դեսպանի կողմից արժանանալով «Խիզախ կին» մրցանակի, նրա գործը հաջորդ օրը կարճվել էր:

Գործով տուժող են ճանաչվել դպրոցի նախկին սաներ Դիանա Ամիրխանյանը և Հասմիկ Սինանյանը, սակայն Հասմիկը  ներկա չէր: Տուժողի ներկայացուցիչ  Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Հ. Սինանյանն այդ ժամանակ գտնվում է ոստիկանությունում` անհայտ պատճառներով, և իրենք փորձում են պարզել, թե ինչու՞ են նրան բերման ենթարկել ոստիկանություն:

Ընթացակարգային արարողակարգից հետո  1951 թ-ին ծնված ամբաստանյալ Լևոն Ավագյանը, հանդես եկավ միջնորդությամբ` դատը հետաձգել 10-12 օրով այն պատճառաբանությամբ, որ հրաժարվում է իր պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանի ծառայությունից: «Այս դատական նիստը սկսելուց առաջ մենք տարաձայնություններ ենք ունեցել և ես հրաժարվում են նրա ծառայություններից,- ասաց Ավագյանը,-  ինձ ժամանակ է պետք, որպեսզի ես պաշտպան գտնեմ»:

Նա հրաժարվեց դատավորի այն առաջարկից, որ կարող է օրենքով սահմանված կարգով ստանալ անվճար փաստաբան. «ես դրա համար գումար ունեմ»:

Մեղադրող կողմը ներկայցնող դատախազ Բատիկյանն առարկեց, որ 10-12 օրը շատ է. «սակայն պաշտպան փոխելն ու ունենալը նրա իրավունքն է: Եթե տուժող կողմը չի առարակում, ապա բավարարել միջնորդությունը»:

Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 4-ին ժամը 12-ին:

Լևոն  Ավագյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` աշակերտների նկատմամբ «անառակաբարո գործողություններ» կատարելու համար: Առավելագույն պատժաժամկետ սահմանված է 3 տարին: Ամբաստանյալ Ավագյանը  կալանավորված չէ:

«Հույս ունենանք, որ պետությունը չի կանգնի մանկապիղծի թիկունքում, ու նա կկրի իր պատիժը»,- նիստի ավարտից հետո ասաց գործով վկա կանչված Մարիամ Սուխուդյանը:

«Անկախի» թղթակիցը այցելեց Նոր Նորքի ոստիկանություն, որտեղ գտնվում էր գործով տուժող Հասմիկ Սինանյանը:

Առավոտյան ժամը 9-ից մինչև 2.30 պահվելուց հետո Հասմիկը փաստաբանի միջոցով դուրս էր եկել ոստիկանությունից:

«Առավոտյան ժամը 9-ի կողմերը 4 տղամարդ մտան տուն, ասեցին Հայկը(ամուսինը) տու՞նն է, ասեցի հա,- «Անկախին» ասաց Հասմիկը,-  ասեցին հագնվի՝ գնում ենք բաժին: Ինձ էլ  իրա հետ տարան ու պահեցին էնքան ժամանակ, մինչև փաստաբանը գա: Երբ ասեցի, թե ուզում եմ փաստաբանիս տեսնել,  քննիչ  Արամ Առուստամյանն ասաց, թե փաստաբանը քեզ չի փրկի»:

Հասմիկի հարցին, թե ինչու՞ են նրան հրավիրել ոստիկանատուն, պատասխանել են.« շատ բան գիտես, շատ բան կպատմես.  էդ ինձ ասաց օպերներից մեկը»:

Նրա փաստաբան Ավագ Լալայանն ասաց, որ Հասմիկից զանգ ստանալուց հետո, այցելել է ոստիկանատուն ու փորձել է նրան տեսնել, սակայն նրան թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալի հետ,  իսկ երբ վերջինս զանգել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու տեղեկացրել դեպքի մասին, այնտեղից եկած զանգին պատասխանել են, թե այդպիսի մարդ իրենց մոտ չի պահվում:

Այնուհետև եկել  են պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները, և Հասմիկը դուրս է եկել ոստիկանությունից:

Փաստաբան Լալայանն ասաց, որ  ասաց, որ նախորդ օրը 5-րդ զանգվածի  Հասմիկենց բնակարանի բակից մեքենա է գողացվել, և նրանց ամուսիններով,  կանչել են հարցաքննության:  «ներկա դրությամբ՝ ունեցածս ինֆորմացիայի շրջանակներում այս գործը Նուբարաշենի դպրոցի գործի հետ չեմ կարող կապել»,- ասաց նա:

Դիտվել է 3752 անգամ:
Print Friendly

Leave a Reply