ՊՆ քննիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ կաշառակերության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2010 14:21

Դատարանը հիմնավորված է համարել ՊՆ քննչական ծառայության  քննիչ Լիպարիտ Սահակյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները` խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Ա. Թովմասյանի խափանման միջոցը փոփոխելու եւ գործի վարույթը կարճելու համար 2009թ. նոյեմբերի 4-ին Ա. Թովմասյանից պահանջել է խոշոր չափի` 775 000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք: Նույն օրը քննիչ Սահակյանն իր աշխատասենյանկում ստացել է պահանջված գումարի մի մասը` 600 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած 1400 ԱՄՆ դոլարն ստացել է 2009թ. նոյեմբերի 18-ին: Հիշյալ գումարը հայտնաբերվել եւ առգրավվել է Լ. Սահակյանի մատնանշած տեղում:

Լ. Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Լիպարիտ Սահակյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտվել ազատազրկման չորս տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Ինչպես հաղորդում է դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը, Լ. Սահակյանը պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply