Արտակարգ իրավիճակներ՝ անցած երեք օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2010 14:11

Գտել են ուժասպառ վիճակում

Ապրիլի 23-ին, ժամը 10.30-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող «Գանձաքար» ռեստորանին հարակից տարածքում` Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է քաղաքացի, որն ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները, ուժասպառ վիճակում գտնվող, 1947թ. ծնված Մանուշակ Սեպոյանին տեղափոխել են գետի հակառակ ափ եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Ավելի ուշ Մ.Սեպոյանը տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ծերանոց:

Հեղեղումներ Լոռու մարզում

Նույն օրը, ժամը 09.30-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրեւի հետեւանքով Փամբակ գետը դուրս է եկել ափերից եւ ջրածածկել Սարահարթի գյուղին հարակից ցանքատարածքներն ու այգիները` մոտ 1000 քմ մակերեսով:
Վնասի չափը ճշտվում է:
Նույն օրը, ժամը 19.42-ին նույն մարզից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Դարպաս գյուղը Վանաձոր քաղաքին միացնող կամուրջը:
Ժամը 19.50-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ կամուրջը չի փլուզվել, այլ Փամբակ գետի ջրի մակարդակի բարձրանալու հետեւանքով մեծացել է կամրջից դեպի Դարպաս գյուղ տանող ճանապարհի փլվածքը: Միեւնույն ժամանակ տեղի է ունեցել Վանաձորը Դարպասին միացնող երկրորդական ճանապարհի փլուզում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է անանցանելի:
Դեպքի վայրում են գտնվել Լոռու մարզպետ Ա. Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետը եւ «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրենը:
Վերականգնողական աշխատանքները կսկսվեն տեղումների դադարումից հետո` հետագա փլուզումներից խուսափելու նպատակով:
Տուժածներ չկան:

Այրվել են հաշվիչներ

Ապրիլի 24-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.07-ին հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի 243-րդ շենքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել` ժամը 14.25-ին:
Այրվել են շենքի էլեկտրական վահանակը եւ 15 հաշվիչ:

Հայտնաբերվել է դիակ

Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ին, ժամը 15.00-ին Որոտան գյուղի բնակիչ Ս. Ամիրխանյանից ստացված ահազանգի համաձայն` Որոտան գետի ափին գտնվող եղեգնուտում հայտնաբերվել է տղամարդու դի:
Դեպքի վայր են մեկնել Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի եւ ոստիկանության օպերատիվ խմբերը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1971 թ. ծնված Արթուր Գրիգորյանի` գազանների կողմից հոշոտված դին:

Թունավորում

Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ին, ժամը 23.10-ին ժավելի սպիրտից թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչ, 4-ամյա Էրիկ Հովհաննիսյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Նետվել է կամրջից

Ապրիլի 25-ին, ժամը 15.59-ին Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի «Հաղթանակ» կամրջից մարդ է նետվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով Հրազդանի կիրճից դուրս է բերվել 1951 թ. ծնված Գ.Գաբրիելյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply