Նիդերլանդներում տեղի են ունեցել Ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 26, 2010 12:59
Ս.թ. ապրիլի 24-ին, Նիդերլանդների Ասսեն քաղաքում տեղադրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպվել էր Հոլանդահայ կազմակերպությունների միության «Ապրիլ 24» կոմիտեի կողմից: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների տարբեր քաղաքներից ժամանած հայեր, արամեական համայնքի, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խաչքարի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Արարողությունից հետո Ցեղասպանությունը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող ելույթներով հանդես եկան Նիդերլանդների խորհրդարանի վերին պալատի անդամ Խ. Հոլդայկը, Հոլանդահայ կազմակերպությունների միության նախագահ Մաթո Հախվերդյանը, «Ապրիլ 24» կոմիտեի նախագահ Նուբար Սիփանը: Ընթերցվեց խորհրդարանի պատգամավոր Յոել Վորդեվինդի Հայոց ցեղասպանությունը դատապարտող ուղերձը: Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանն իր ելույթում ներկայացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը:
Միջոցառման վերջում ցուցադրվեց կանադահայ Նորա Գեւորգյանի ցեղասպանությունը վերապրածների մասին պատմող «Անճար» փաստավավերագրական ֆիլմը:
Նույն օրը երեկոյան, Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ եւ հոգեհանգիստ, որից հետո ներկաները`ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը, Հաագայում ՀՀ հյուպատոս Արշակ Մանուկյանը, Նիդերլանդների երկրորդ պալատի պատգամավորները, Ալմելոյի քաղաքապետ տիկին Յոն Հերմանս-Ֆլուդբելդը եւ քաղաքային իշխանությունների, հայկական համայնքային կառույցների, Հայ Դատի, ՀՄԸՄ-ի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում տեղադրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Եկեղեցուն կից սրահում կազմակերպված հուշ երեկոյի ընթացքում ներկաներին դիմեցին պատգամավորներ Բաս Վան դեր Ֆլայսը, Յոել Վորդեվինդը, Պիետեր Օմզայթը, Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր Էնթընի Հոլսլախը, որոնք, դատապարտելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը, պահաջեցին դրա միջազգային ճանաչում եւ դատապարտում: Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան նաեւ դեսպան Սամվել Մկրտչյանը, հյուպատոս Արշակ Մանուկյանը, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Իր ելույթում դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը եւ նրա բարեկամները հետեւողականորեն հետամուտ են լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Նա վստահություն հայտնեց, որ Թուրքիայի մերժողական քաղաքականությունը շատ մոտ ապագայում կսպառի իրեն եւ թուրք հասարակության ներսում աստիճանաբար ձեւավորվող` իրենց իսկ պատմության ամոթալի էջի իրողության գիտակցումը կհանգեցնի Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Երաժշտական կատարումներով հանդես եկավ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու երգչախումբը: Ցուցադրվեց մեկ հատված Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1985թ. հոլանդական հեռուստատեսության պատրաստած «Բաբելոնի աշտարակը» հաղորդումից, հնչեցին Կոմիտասի, Բաբաջանյանի, Ալբինոնիի ստեղծագործությունները:
Ս.թ. ապրիլի 23-ին Հաագայում Հոլանդիայի Հայ Դատի գրասենյակի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական թեւի ներկայացուցիչները կազմակերպել էին ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն:






Facebook
Tweet This
Email This Post
