Վաշինգտոնում տեղի են ունեցել Ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2010 12:30

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեպանության տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման ավանդական արարողություն Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունների, անհատների անունից:

Վաշինգտոնի եւ շրջակա նահանգների հայ համայնքի բոլոր թեւերը ներկայացնող մի քանի հարյուր անդամների մասնակցությամբ՝ Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եւ Սբ. Խաչ հայկական եկեղեցիների առաջնորդները մատուցեցին հոգեհանգստի ծես՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, որն իր խոսքում մասնավորապես նշեց, որ թուրքական ժխտողականությունը մոլորության մեջ է՝ իր հույսը դնելով անցնող ժամանակի վրա: Ցեղասպանության ոճիրը չունի վաղեմության ժամկետ: Դեսպանը նաեւ նշեց, որ ժամանակի ընթացքում հայկական սփյուռքը դառնում է ավելի հզոր եւ ավելի կազմակերպված, առավել հետամուտ իր դատին: Ժամանակը ծնեց նաեւ Հայաստանի անկախ հանրապետություն, որը տարեցտարի ավելի մեծ կարողությամբ եւ հետեւողականությամբ է տեր կանգնում հայության ազգային իղձերին ու խնդիրներին: Ժամանակը ավելի է խորացնում փոխըմբռնումն ու միասնականությունը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ: Դեսպան Մարգարյանն ընդգծեց, որ այդ միասնականությունը, հայոց պետականության շուրջ ողջ հայության համախմբվածությունը, ինչպես հայրենիքի հետագա հզորացման, Արցախի անկախության ամրապնդման, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հասնելու ամենամեծ գրավականն է:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply