Հայաստան վերադառնալու անխախտ պայմանով

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 30, 2010 10:29

Գոհար Գասպարյանից հետո դեռևս ոչ ոքի չի հաջողվել վերցնել երրորդ օկտավայի սոլը:

Կյանքում այդ բարեհամբույր կինը բեմում վերածվում էր հպարտ թագուհու. ուղիղ դիմագծերով, սև խիտ մազերով, խոշոր աչքերով, իսկ ձայնը, ձայնը… հմայում էր անսովոր տեմբրով ու անհավանական թվացող ձայնածավալով:

Իսկ ամեն ինչ սկսվել է Կահիրեի եկեղեցական երգչախմբից: Կահիրեի ռադիոյում է կատարվել առաջին ձայնագրությունը և առաջին դերը նույնպես այնտեղ է խաղացել: Տեղի կոնսերվատորիայում իտալական օպերային արվեստ էին ուսուցանում ազգությամբ իտալացի պրոֆեսորները: Իսկ հայկական ազգայինն, ըստ երևույթին, նրա արյան մեջ էր: Օրինակ` Սայաթ Նովային սիրում ու ամենատարբեր լեզուներով մեկնաբանում էր ողջ Մերձավոր Արևելքը, բայց միայն Գոհարն այն հասցրեց կատարելության:

Հետաքրքիր է մանկությունից տպավորված մի դեպք, որ նա պատմել է ընկերուհուն: Մի անգամ, դպրոցից տուն դառնալու ճանապարհին մի հնդիկ կրնկակոխ հետևում է Գոհարին: Աղջիկը վախեցած որոշում է թաքնվել, սակայն հնդիկը հասնում է նրան ու ասում. «Մի վախեցիր, աղջիկ, ես քո գլխավերևում աստղ եմ տեսնում: Դու երջանիկ կլինես ու երկար կապրես…»:

Ձայնածավալ

Մոսկվայի Մեծ թատրոնի 175 -ամյակի կապակցությամբ Գոհար Գասպարյանը պետք է ելույթ ունենար ֆլեյտայի նվագակցությամբ: Սակայն, Գոհարին լսած երգիչները նախապես թռցրել էին գործիքը, իսկ մի քանիսը նույնիսկ հրաժարվել էին երգել` ասելով.«Մենք չենք երգի այն թատրոնում, որտեղ Գոհարն է»: Նրանք վախենում էին, որ երրորդ օկտավայի սոլը հանգիստ վերցնող երգչուհուց հետո իրենց համեստ տվյալներով ձայնն այլևս լսելի չի լինի (սովորական մարդու ձայնը կարող է միայն երկու, ամենաշատը երկուսուկես օկտավա վերցնել): Նույնիսկ աշխարհահռչակ Մարիա Կալլասն` իր հրաշալի տվյալներով, փոքր օկտավայից մինչև երրորդ օկտավա չէր ձգում: Իսկ Գոհարի ձայնը օկտավայից օկտավա շատ սահուն ու հանգիստ անցում էր կատարում:
Բայց միայն ձայնը չէր նրա առավելությունը. ի տարբերություն ուրիշ երգիչների, գիտեր, թե ինչի մասին է երգում, քանի որ տիրապետում էր իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, արաբերենին ու անգլերենին: Թեպետ, ճակատագրի հեգնանքով, Խորհրդային Հայաստանում երգելու էր հայերեն կամ, հիմնականում, ռուսերեն:
Ֆրանց Շուբերտի բնութագրմամբ`«լավ երաժիշտը, որ սոսկ լավ երաժիշտ է, չի կարող լավ երաժիշտ լինել»: Գոհարը խորն ու բազմակողմանի անձնավորություն էր, ինչը դրսևորվում էր նրա արվեստում ու անձնական կյանքի ամենաբարդ իրավիճակներում: Նրա թշնամիներն ու չարակամ մարդիկ դույզն-ինչ թերություն չէին գտնում, որ հայտարարեն ի լուր աշխարհի:

Անձնական կյանք

Նա Հայաստան եկավ ամուսնացած կնոջ կարգավիճակով (աղջկական ազգանունը` Խաչատրյան): Ամուսինը` Հայկ Գասպարյանը, Սուդանի Խարտում մայրաքաղաքի ապահովված ընտանիքից էր և ստացել էր փայլուն լեզվաբանական կրթություն: Գոհարի հայրն աշխատում էր Կահիրեի դատական համակարգում: Գոհարն արդեն Հայաստանում էր, երբ հայրը, որ արդեն չէր աշխատում, վաճառեց տունը` դստերը միանալու նպատակով: Սակայն պարզվեց, որ հայրենադարձության գործընթացը դադարեցվել է: Այնժամ Գոհարը, ոչ դես, ոչ դեն, դիմեց անմիջապես Ստալինին, և պատկերացրեք` հենց Ստալինն էլ օգնեց հարցի դրական լուծմանը:
Գոհարը սիրահարվեց երգչախմբի երիտասարդ երգիչ Տիգրան Լևոնյանին, որ 12 տարով փոքր էր իրենից: Շատերին էր թվում, որ պրիմադոննայի հրապուրանքը շուտով կանցնի: Սակայն Գոհարը մարդկային հարաբերություններում ֆալշն ու գռեհկությունը հանդուրժողներից չէր: Ամուսնու` Հայկի հետ հարցերը կիրթ վճռելուց հետո,ամուսնացավ Տիգրան Լևոնյանի հետ, ու միասին ապրեցին 47 տարի:
Գոհարը վերցրեց ամուսնու ազգանունը: Ժամանակակիցները հիշում են, որ ազդագրերի վրա գրվում էր` Գոհար Լևոնյան (Գասպարյան): Հետո իմիջմեյքերները (այն ժամանակ նրանց այլ կերպ էին անվանում) համոզեցին նրան, որ Գոհարն աշխարհին հայտնի է Գասպարյան ազգանունով:
Ժամանակն ապացուցեց, որ այդ ընտանիքը հիմնված էր ամուր փոխհարաբերությունների վրա:

Գոհարի փառքը


Գոհար Գասպարյանը օպերային արվեստի փառահեղ երևույթ է:
Երբ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անունը կրող թատրոնը նշում էր 125-ամյակը, Գոհարը մեկնեց Վրաստան: Թբիլիսիի հեծյալ միլիցիան շղթայել էր համերգային դահլիճը, որտեղ Գոհարն էր ելույթ ունենալու: Տոմս պարզապես անհնարին էր ճարել: 10 օր հետո, վերադարձի ժամանակ, նրան ճանապարհում էր օդանավակայանի ողջ անձնակազմը` երկուական շարքով կանգնած, յուրաքանչյուրի ձեռքում` մեկական մեխակ: Նրանք վանկարկում էին` Գոհար դիդեր, փառք Գոհարին: Իսկ Գոհարն իրեն ուղեկցողներին խնդրում էր դանդաղ քայլել, մտավախություն ուներ, որ երկար զգեստի տակից կերևան տնային չստերը, որ հագել էր հարմարության համար:

Հավատարմություն


«Երևան. այստեղից է սկսվում իմ արտիստական ուղևորությունն ու այստեղ եմ վերադառնում: Ուր էլ լինեմ, միշտ էլ այստեղ եմ ձգտում ու անհամբեր վայրէջքի եմ սպասում»: Նրա հայրենասիրության մասին լեգենդներ են պտտվում: Յուրաքանչյուր երկրում միշտ էլ ժամանակ է տրամադրել հայ համայնքի հետ շփվելու ու պատարագներին մասնակցելու համար: Երբ հյուրախաղերով Թուրքիայում էր, երկիրը Քեմալ Աթաթուրքի տարելիցն էր նշում: Խորհրդային դեսպանատունը ծաղիկներ տվեց Գոհարին` Աթաթուրքի գերեզմանին դնելու համար: Սակայն Գոհարը հարգալից, բայց և կտրուկ հրաժարվեց ու գերեզման այցելելու փոխարեն, ուղևորվեց Վանա լիճ, ինչի մասին երազում էր: Նրա համար քաղաքական արգելքներ գոյություն չունեին: Նա գերազանց գիտակցում էր իր ուժը: ԽՄ-ից միայն 5 կատարող էր մեծ հոնորարներ ստանում.Դավիթ Օյստրախը, Լեոնիդ Կոգանը,Սվյատոսլավ Ռիխտերը, Էմիլ Գիլելսն ու Գ. Գասպարյանը: Սակայն այդ հոնորարներից գրոշներ էին հասնում մեծ երաժիշտներին: Մի անգամ, այդ կատարողներն ընդվզելով, կոլեկտիվ նամակ են հղում Գոսկոնցերտին, արդյունքում` 3 տարով զրկվում են երկրից դուրս գալու հնարավորությունից: Իսկ Գոհարն ասում է. «Նյութական դժվարություններն ամենասարսափելին չեն: Երկրաշարժից հետո ուխտել եմ բոլոր հոնորարներս տրամադրել բարեգործական նպատակներով»:
Նա կարող էր ապրել աշխարհի տարբեր երկրներում, ունենալ ամեն ինչ` Հայաստան վերադառնալու միակ` անխախտ պայմանով:
…Վերջապես, Գոհարից հետո դեռևս ոչ ոքի չի հաջողվել վերցնել երրորդ օկտավայի սոլը:

«Ереван», 2009թ., նոյեմբեր

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply