«Jethro Tull»-ը կրկին Հայաստանում և ոչ միայն

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 26, 2010 10:17

Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք խմբի պաշտոնական վեբ կայքում այն երկրների շարքում, ուր այցելելու է «Jethro Tull» խումբը, կարող եք տեսնել նաև Հայաստանի անունը, այն էլ արդեն երկրորդ անգամ: Համերգը տեղի է ունենալու 2010 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանի պետական օպերային թատրոնում: Ներկա է լինելու նաև հատուկ հյուր` «Դոգմա» խմբի մենակատար Զառա Գրիգորյանը:

-«Jethro Tull»-ի համերգը կազմակերպել է Vibrogaphus-ը, ես` որպես մենեջեր, մասնակցում էի համերգի կազմակերպչական մասին: Յան Անդերսոնը գիտեր, որ երգչուհի եմ, որ մեր կազմակերպությունը փոքր ռոք-խումբ ունի: Այն ժամանակ «Դոգմա» խումբը դեռ իր ձայնասկավառակը չուներ, և Անդերսոնը հնարավորություն չունեցավ լսելու մեր երգերը: Իսկ այն ձայնագրությունները, որ ունեինք, ինքներս չցանկացանք ներկայացնել,- ասում է Զառա Գևորգյանը:

Որոշ ժամանակ անց Զառան Գերմանիայում կայանալիք Յան Անդերսոնի համերգի հրավեր է ստանում: Սակայն, այդ ժամանակ ձայնագրվում էր նրա խմբի ալբոմը, և նա չկարողացավ մեկնել: Այնուամենայնիվ, Յան Անդերսոնը գտնում է «Դոգմայի» կատարումներից մեկը և նախաձեռնում համագործակցությունը:

– Յան Անդերսոնն իր խումբը երբեք ռոք, այն էլ մեթալ չի համարել և հիմա էլ կարծես թե այդպես է: Նրանք ավելի շատ էթնո ոճով են հանդես գալիս և ներկայացնում են էթնիկ -ջազ երաժշտություն: «Դոգման» կարևորում է հայկական մոտիվները: Այն զարգացող է, և եթե այլաբանորեն բացատրեմ, երաժշտությունը կարող է քարքարոտ ժայռերից վերածվել գեղեցիկ քնքուշ ծաղիկներով լի մարգագետինների: Գուցե դրանով էլ հենց հետաքրքրել ենք Յան Անդերսոնին, գուցե դա է պատճառը, որ նա համագործակցության արդյունքներ է ակնկալում: Ամեն դեպքում, այդ մակարդակի երաժշտի հետ համագործակցելը մեծ բավականություն է,- ասում է Զառան:- Համերգն անվանելու են «Յան Անդերսոնը նվագում է սիմֆոնիկ Jethro Tull», այսինքն` բացի խմբի երաժիշտներից, հանդես է գալու սիմֆոնիկ նվագախումբը: Երկու երգ պիտի երգեմ Յան Անդերսոնի ընտրությամբ: Ներկայացնելու եմ նաև «Դոգմայի» երգերից:

Կարելի է ենթադրել, թե ինչ բավականություն են ստանալու այս երկու խմբերի երկրպագուները: «Սա լավագույն metal խումբն է. ապշեցուցիչ բաս կիթառ, փայլուն վոկալ, շանթահար հարվածային գործիքներ: Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են…Եվ այսքան երիտասարդ»,- «Jethro Tull»-ի կայքում գրում է «Դոգմայի» մասին Յան Անդերսոնը: Հազիվ թե հնարավոր լինի սրան որևէ բան ավելացնել:

«Դոգմա» խմբի և կին մենակատարների մասին

– Անսպասելի էր ու ապշեցուցիչ: Ընդամենը մի քանի օրվա փորձերի արդյունքում կարողացանք ներկայացնել նոր խումբ, այդքան արագ MDP-ից հետո,- ասում է Զառան:
«Դոգմա» խումբը` որպես այդպիսին, կազմավորվել է 2008 թ., եթե չհաշվենք հիմնական երաժիշտների` բաս կիթառահար Վարդան Գրիգորյանի և կիթառահար Հենո Գրիգորյանի արդեն 15 տարվա փորձը, որ կուտակել էին MDP խմբում: 2007 թվականի սկզբից սկսած, խմբին միացավ այն ժամանակ դեռ ճանաչում չունեցող Զառան, հետո metal երաժշտության ասպարեզում հայտնի թմբկահար Դերենիկ Վարդումյանը (Դերիկ): Արդեն նոր կազմով «Դոգման» առաջին անգամ անակնկալ մատուցեց 2008-ի հունվարի 5-ին` ելույթ ունենալով ընկերների, երաժիշտների և լրագրողների առջև:
Իհարկե, անխուսափելի էին զուգահեռները նախկին խմբի հետ և ակներև` ոճական փոփոխությունը:
– MDP-ում, իսկ այժմ «Դոգմայում» ստեղծագործում է Հենո Գրիգորյանը, և նա, իհարկե, իր ոճը չի փոխել: Կարծում եմ` նա այն երաժիշտներից է, ում մեղեդին միանգամից ճանաչվում է: Բայց front man-ից էլ է շատ բան կախված, չէ՞ որ նրա վրա է ընկած երգը ներկայացնելու, շեշտադրումների պատասխանատվությունը: Եվ ես կարծես ընդգծեցի ու վեր հանեցի այն մեղեդին, որ միշտ էլ կար նրա երաժշտության մեջ: Շատերը կարծում են, որ լավ երգի համար կարևոր է թմբուկների և ակորդների առկայությունը և փոփոխությունը, անդադրում տեքստը և վոկալը: Պակաս կարևոր չեն տեքստերը, և ինքս դրանք բավական երկար եմ գրում, բայց ամենակարևորը երաժշտությունն է… Վերջապես, մեր համագործակցությունը հնարավոր դարձրեց ժողովրդական էթնիկ երաժշտության սերը: Դրա համար էլ մենք մեր խմբի ծնունդը իրոք համարում ենք ճակատագրական կամ Աստծո կամքով` հանուն երաժշտության:
Այսօր արդեն «Դոգմա» խումբը լայն երաժշտական գործունեություն է ծավալել` մենահամերգներ, փառատոներ: Խումբը ոչ միայն համերգներ է տալիս, այլև կազմակերպում է: Ահա հերթական միջոցառումը Յան Անդերսոնի համերգն է, որին կմիանա Զառա Գևորգյանը:
Երաժիշտները չէին սխալվել խմբի անդամների ընտրության հարցում, հատկապես Զառայի, որ դարձավ խմբի զարդը, և ոչ միայն, եթե հաշվի առնենք, որ ռոք երգող երգչուհիներ այսօր քիչ ենք հանդիպում թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում: Երբեմն էլ նրանք քննադատության են արժանանում:
– Դա պարզապես քարացած մտածելակերպի հետևանք է: Աղջիկը կարող է ռոք երգել և շատ լավ երգել` ներկայացնելով, օրինակ, կանացի կերպար: Կարծում եմ` պարզապես կինը գեղեցիկ է բեմի վրա: Հայկական խմբերից ստեղծագործում են «Stryfe» խմբի մեներգչուհի Եվան, «Eva» խմբի Եվան ու ես, և երեքս էլ միանգամայն տարբեր երաժշտություն ենք ներկայացնում: Նման քարացած մտածելակերպ այսօր կարող ենք նկատել, օրինակ, cover երգերի հետ կապված: Շատ տարածված է սկսնակ խմբերի կողմից հայտնի հիթերի կատարումը, երբեմն նաև երկրպագուների ցանկությունը բավարարելու համար: Այս դեպքում խնդիր ունես լավ կատարել այդ ստեղծագործությունը` բացառելով որևէ փոփոխություն կամ իմպրովիզացիա: Չկա նաև քննադատվելու և ընդունված չլինելու վտանգ, քանի որ նվագում ես այն, ինչ ժամանակին արել է լեգենդար երաժիշտը, և նրա արածն անառարկելի է: Cover-ների դեպքն ուրիշ է, դու այդ երգը պիտի քո միջով անցկացնես` ներկայացնելով նոր, ուրույն ձևով, քո ձեռագրով: Ըստ իս, պետք է թողնել, որ երգը ապրի, նորից կատարվի, նաև փոփոխվի: Բայց, իհարկե, այս ամենը պետք է արվի պրոֆեսիոնալ մակարդակով: Եվ գոյություն չունեն կնոջ ու տղամարդու համար նախատեսված երգեր: Եթե երաժիշտը ներկայացնելու բան ունի, դա անում է համոզիչ և տեղ է հասցնում իր ասելիքը, ապա սեռն ամենևին էլ նշանակություն չունի:
Այս խոսքերի ճշմարտությունն ապացուցվում է նաև Յան Անդերսոնի` համատեղ համերգի առաջարկով:

Սոնա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է 1895 անգամ:
Print Friendly

Leave a Reply