Կանաչ թեյ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 26, 2010 9:59

Ներկայումս հայտնի է թեյի 6 հիմնական տեսակ (կանաչ, սպիտակ, դեղին, կապտականաչ, կարմիր և սև), բայց ամենահայտնին և ամենատարածվածը հավանաբար կանաչ թեյն է: Հաճախ ենք լսում այն մասին, թե ինչ օգտակար է այն առողջության ու երկարակեցության համար և ինչքան խնդիրներից ու հիվանդություններից է օգնում զերծ մնալ:
Ճապոնացի փորձագետները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական խմում են առնվազն 9-10 բաժակ կանաչ թեյ, միջին հաշվով մոտ 5-7 տարով ավելի երկար էին ապրում, քան նրանք, ովքեր թեյ ավելի քիչ էին խմում: Փորձագետները նաև պարզել են, որ կանաչ թեյ սիրող մարդկանց շրջանում 25-30%-ով ավելի հազվադեպ են հանդիպում խոցային հիվանդությունները:

Ինչո՞ւ է կանաչ թեյն այդքան օգտակար

• Կանաչ թեյը հարուստ է մի շարք վիտամիններով` B, C, P, PP, K և այլն: Մասնագետները նույնիսկ ասում են, որ C վիտամինը կանաչ թեյի մեջ ավելի շատ է, քան նարնջի հյութի մեջ: Կանաչ թեյը հարուստ է նաև կալիումով, յոդով, ցինկով և ֆտորով, և այս բոլոր հանքանյութերը դրական ազդեցություն ունեն սրտանոթային համակարգի վրա, նաև լավացնում են վահանագեղձի աշխատանքը և ամրացնում ատամները:
• Մասնագետները նաև հայտնաբերել են, որ կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտ նյութերով, որոնք կանխում են ուռուցքների աճը և ալերգիկ երևույթները:
• Կանաչ թեյի հաճախակի օգտագործումը լավացնում է մարսողությունը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խմել այն ճաշելուց առաջ: Բացի այդ, կանաչ թեյում պարունակվող որոշ նյութեր արագացնում են նյութափոխանակությունը, ինչը օգնում է ազատվելու ավելորդ քաշից:
• Ինչպես արդեն ասացինք, կանաչ թեյը հարուստ է P վիտամինով: Այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր վարակների նկատմամբ: Այդ իսկ պատճառով կանաչ թեյը կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է խմել մրսածության, գրիպի ժամանակ:
• Կանաչ թեյը կարող է նաև պայքարել ճառագայթման դեմ և հանել օրգանիզմից վտանգավոր ռադիոակտիվ նյութերը: Բացի այդ, կանաչ թեյը լավ է մանավանդ այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի կամ հեռուստացույցի առջև. կանաչ թեյը չեզոքացնում է ճառագայթումը:
• Մասնագետները խորհուրդ են տալիս տղամարդկանց անպայման օրական գոնե մեկ բաժակ կանաչ թեյ խմել, քանի որ այն կանխում է շագանակագեղձի խոցի առաջացումը:
• Կանաչ թեյը (թաց հատիկները` թեյը խմելուց հետո) կարելի է օգտագործել ատամի մածուկի փոխարեն, և դա նկատելիորեն կամրացնի ձեր ատամները: Այս մեթոդը շատ տարածված է Ճապոնիայում. երիտասարդ մայրերը իրենց երեխաների ատամները մաքրում են կանաչ թեյով (եթե անգամ երեխան մի քանի թեյի հատիկ կուլ տա, ոչինչ չի լինի):
• Ատամնացավի դեպքում կանաչ թեյը նույնպես կարող է օգնել: Թունդ կանաչ թեյի թուրմին ավելացրեք մի քիչ տրորած սխտոր: Այս խարնուրդը որոշ ժամանակ պահեք բերանում, և ատամնացավը նկատելիորեն կթուլանա:
Հիշեք, որ կանաչ թեյը պետք է խմել տաք, բայց ոչ այրող: Սառը կանաչ թեյ խմել նույնպես չարժե, քանի որ այն կարող է ավելորդ խորխի առաջացման պատճառ դառնալ:

Դիտվել է 5856 անգամ:
Print Friendly

Leave a Reply