Ստամբուլում ևս այսօր անցկացվել են միջոցառումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2010 23:37

Ստամբուլում    ևս այսօր անցկացվել են միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի խմբագրության առջև   Թուրքիայի «Մարդկանց ոտնհարված իրավունքների սոցիալիստական պլատֆորմ» կազմակերպության նախաձեռնությամբ հավաքվել է բազմություն, որը խմբագրության մուտքի մոտ ծաղիկներ է դրել և   մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի և   Հրանտ Դինքի հիշատակը: Կազմակերպության ներկայացուցիչ Էրսին Սեդեֆօղլուն հայտարարել է, որ 1915-ի ապրիլի 24-ը հայ ժողովրդի մեծ ողբերգությունը խորհրդանշող ամսաթիվ է: «Չնայած 95 տարի է անցել, սակայն այն չի մոռացվել:

Պետության կողմից կազմակերպված համակարգված բռնագաղթի ընթացքում 1 միլիոն հայ տեղահանվել է, 800 հազարն էլ` մահացել են»,- նշել է նա:  Ստամբուլի Բեյօղլու թաղամասում Մարդու իրավունքների պաշտպանության միության Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ նույնպես կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառման մասնակիցներն իրենց ձեռքին ունեցել են նաեւ Հայոց Մեծ եղեռնի ժամանակ նահատակված հայ մտավորականների նկարները:

Երեւանի ժամանակով 21:00-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրք մտավորականների կողմից կազմակերպվելու է ոգեկոչման միջոցառում, որը լուսաբանվելու է աշխարհահռչակ հեռուստաընկերությունների եւ գործակալությունների կողմից, ինչպիսիք են` «CNN»-ը, «Ռոյթերս»-ը, «AFP»-ն, «Ալ Ջազիրա»-ն, «ԲԻ-Բի-Սի»-ն եւ այլն: Սրանք Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին անցկացվող առաջին մասշտաբային միջոցառումներն են:

Դիտվել է 1697 անգամ:
Print Friendly

Leave a Reply