Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ պատարագ` Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար
Օրվա լուր | ankakh | April 24, 2010 19:33Այսօր առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն
Հայոց կաթողիկոսն` ուղեկցությամբ թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանների,
այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ
նահատակների հիշատակին: Հուշահամալիրում Ամենայն Հայոց Հայրապետը և ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ են զետեղել, ապա Նորին Սրբության նախագահությամբ և
ներկայությամբ ՀՀ նախագահի և հայոց պետական ավագանու կատարվել հոգեհանգստյան
արարողություն: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Մայր
Աթոռի Միածնաէջ Սուրբ Տաճարում մատուցվել է Սուրբ պատարագ: Պատարագիչն էր Մայր
Աթոռի միաբան Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Արարողության ընթացքում օրվա խորհրդի մասին Ամենայն Հայոց Հայրապետն
աշխարհասփյուռ հայ ժողովրդին հղել է իր պատգամը ՙԱրդար է Տերը, արդարություն է սիրում,
ճշմարտությանն է նայում երեսը Նրա՚ բնաբանով: Իր խոսքում Նորին Սրբությունն ասել է.
ՙՍիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր Հայրենիքում և Սփյուռքում մեր եկեղեցիներում
սրբազան պատարագի մատուցմամբ, հուշակոթողների մոտ խոնարհումով և աղոթքով
հիշատակում ենք 95-րդ տարելիցը Հայոց Ցեղասպանության: Տասնամյակների ընթացքում մեր
ժողովուրդը միայնակ է կրել 20-րդ դարի իր մեծագույն ողբերգության խորը վիշտը:
Այսօր բյուրավոր մարդիկ մեզ հետ նշում են հիշատակը Ցեղասպանության, որ մարդկության
կյանքում բացառվեն այդօրինակ ոճիրները, զորանան խաղաղությունը, արդարությունը և
երջանկությունը աշխարհում: Տարիներ շարունակ մեր ժողովուրդը միայնակ է հետամուտ եղել
արդար իր դատի պաշտպանությանը` մնալով ՙամեն կողմից ճնշված, բայց ոչ` ընկճված,
կարոտյալ, բայց ոչ` հուսահատ, հալածված, բայց ոչ` լքված՚, այլ ապավինած քրիստոնեական
իր հավատքին, մարդկության համար խաչված և հարություն առած Փրկչին աշխարհի, ուժ և
զորություն է գտել Հայրենիքում և Սփյուռքում նոր կյանքով հառնելու և իր իրավունքները
պաշտպանելու: Այսօր Հայոց Ցեղասպանությունը ճանաչված է շատ ժողովուրդների,
պետությունների, պետական և հասարակական կառույցների կողմից` համոզումով, որ խաղաղ
ապագայի հույսը արդարության իրագործումն է, որի ճշմարիտ դրսևորումը երկրային այս
կյանքի մեջ մարդկանց և ազգերի իրավունքների պաշտպանությունն է:
Միածնաէջ այս Սուրբ Տաճարում Աստծո և մեր նահատակ բյուրավոր զոհերի հիշատակի առջև
աղոթք բարձրացնելով, շնորհակալության Մեր խոսքն ենք հղում բոլոր պետություններին,
հասարակական կառույցներին և անձանց, ովքեր ճանաչում ու դատապարտում են Հայոց
Ցեղասպանությունը և այսօր մեր ժողովրդի հետ են իրենց աղոթքներով: Սիրելի բարեպաշտ
ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, այսօր մեր արդար դատը ներկայացնում ենք
վերականգնված մեր պետականությամբ և աշխարհի բազմաթիվ երկրներում հարգված ու
վստահելի, հոգևոր ու ազգային կյանքով ամուր մեր համայնքներով: Այո’, մեր ժողովուրդը
կարողացել է ոտքի կանգնել, բայց դեռ ամոքված չէ կրած կորուստների ցավը:
Ցեղասպանության զոհեր են սփյուռքահայ տարագիր մեր զավակները, ովքեր տուն, ընտանիք
կորցրած, Հայրենիքից զրկված` ապրեցին տարբեր երկրներում իրենց նոր կյանքը կառուցելով
զրկանքներով ու բազում դժվարություններով: Ցեղասպանության զոհեր են ստիպողաբար
իսլամ ընդունած հայերը և նրանց սերունդները, ովքեր վախենում են խոսել իրենց ինքնության
մասին:
Ցեղասպանության զոհ է Հայոց եկեղեցին` հարյուրավոր եկեղեցիների ու վանքերի ավերումով,
վերածումով մզկիթների, հազարավոր եկեղեցականների կորուստով, մշակութային դարավոր
գանձերի մոխրացումով ու ոչնչացմամբ: Իննևկես տասնամյակ մեր ժողովուրդը հավատացել ու
հավատում է իր հանդեպ գործված ոճիրի համընդհանուր դատապարտմանը և արդարության
հաղթանակին: Մեր ժողովրդի ակնկալությունն է տեսնել հաղթանակը արդարության` ի դիմաց
իր հանդեպ գործված չարիքի, իր կրած կորուստների, վշտերի ու տառապանքների: Անցած
տասնամյակներում աշխարհում էական տեղաշարժեր են կատարվել, ձևավորված միջազ•ային
օրենքները, քաղաքացիական և սոցիալական հասարակություններ կառուցելու ժողովուրդների
ձգտումը բարեհույս են դարձնում ընթացքները դեպի ավելի բարօր ու խաղաղ աշխարհ:
Բարեփոխված այս աշխարհում առատանում է և հույսը մեր, որ համընդհանուր ճանաչում ու
դատապարտում պիտի գտնի մեր ժողովրդի հանդեպ գործված Ցեղասպանությունը և իսպառ
պիտի բացառվեն իրավունքների ոտնահարման, հալածանքով, կեղծիքով հարցերը վճռելու
մտածողության դրսևորումները, որոնցից ծնունդ են առնում միայն չարիք, բախումներ ու
ողբերգություններ: Հայաստանը շրջափակված պահելը, Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության ազատ ապրելու իրավունքը մերժելը, սպառնալիքով հնչող կոչերը
համահունչ չեն տարածաշրջանում կայունության ու ապահովության հաստատման
գործընթացներին ու ձգտումներին, չեն նպաստում խաղաղության և համագործակցության
հեռանկարին:
Այսօր ենք կրում պատասխանատվությունը վաղվա օրվա և գալիքի համար: Եվ այսօր պիտի
հետամուտ լինենք արդարությանը, քանզի արդարությունը բարիքներով է զարդարում
մարդկային կյանքը և ինչպես սաղմոսերգուն է ասում` «Արդար է Տերը, արդարություն է սիրում,
ճշմարտությանն է նայում երեսը Նրաե: Սիրելի ժողովուրդ հայոց, Հայրենիք և Սփյուռք
միասնությամբ հետևողականորեն շարունակենք պաշտպանել մեր իրավունքները,
վստահությամբ, որ արդարություն պիտի լինի մեր ժողովրդի համար և բոլոր պետությունների,
նաև` Թուրքիայի կողմից պիտի ճանաչվի և դատապարտվի Ցեղասպանությունը: Նվիրված
մնանք մեր Հայրենիքը շենացնելու, ամենուր մեր ժողովրդի հոգևոր և ազգային կյանքը բարօր
դարձնելու, ավելի ու ավելի պայծառացնելու լուսավոր մեր իղձերին ու նպատակներին:
Հաստատուն ու աննկուն մնանք խաղաղության Ավետարանի հույսին ու մեր ջանքերը բերենք
բռնությունից ազատ, արդար և համերաշխ աշխարհի կառուցման ընթացքներին:
Հիշատակի այս օրը խունկ և աղոթք մատուցենք վերստին, որ Տերը երկնային հավիտենության
երանության մեջ պահի հոգիները Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերի: Եվ թող
Բարձրյալի օրհնությունը լինի մեր և բոլոր ժողովուրդների վրա ու խաղաղության երկնային
շնորհները և սերը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բաշխվեն աշխարհին այսօր և միշտ, ամեն՚:
Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ ի հիշատակ 1915թ. Հայոց Եղեռնի
նահատակների կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ կատարվել է հոգեհանգիստ:






Facebook
Tweet This
Email This Post
