Վարչապետի բնակարանը «Լույս» հիմնադրամի իրավաբանական հասցեն է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2009 17:12

luysԵրկու շաբաթից հայտնի կդառնա աշխարհի առաջատար բուհերում սովորող այն ուսանողների անունները, ովքեր «Լույս» հիմնադրամի կողմից կրթաթոշակ կստանան 2009-ի 1-ին ուսումնական կիսամյակում. այս մասին այսօր ուսանողների հետ հանդիպմանն ասաց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը:

Հիմնադրամի 2009-ի բյուջեն 400 միլիոն դրամ է: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում է, որ հիմնադրամի միջոցները գոյացել են նվիրատվություններից. «Առայժմ դիմորդներին ֆինանսավորելու համար գումարը բավականացնում է. եթե պետք լինի, մենք կմտածենք նոր գումար հայթայթելու մասին: Շուրջ 15 հոգու այս տարի կկարողանանք ֆինանսավորել: Անում ենք այնքան, որքան ի վիճակի ենք»:

Կարաասլանյանն ասում է, որ օրական մոտ 100 նամակ է ստանում, սակայն դիմումների մեծ մասը ծրագրին չեն համապատասխանում:

Ուսանողները բողոքնեցին, թե հիմնադրամին ուղարկված նամակներն անպատասխան են մնում, նաև դեպքեր են լինում, որ էլեկտրոնային նամակները հետ են եկնում, քանի որ «Լույս»-ի փոստարկղը լիքն է լինում:

Կարաասլանյանն ի պատասխան նշեց, որ «դանդաղկոտության պատճառն այն է, որ առայժմ հիմնադրամի միակ աշխատակիցը և կրթական ծրագրերի պատասխանատուն ինքն է և չի հասցնում օպերատիվ արձագանքել նամակներին»:

Կարաասլանյանը նաև ասաց, որ չնայած դիմումների ընդունման   վերջնաժամկետ է հայտարարվել հունիսի 19-ը, սակայն հետագայում էլ ուսանողներից դիմումներ կընդունեն և կքննարկեն: «Մեր նպատակն է, որ հնարավորինս շատ հայ ուսանողներ գիտելիքներ ձեռք բերեն առաջատար բուհերում, որպեսզի սնուցեն մեր երկրի գիտական կյանքը»,- ասում է Կարաասլանյանը:

Տիգրան Սարգսյանը բարկացավ, երբ ուսանողները և լրագրողները քննադատեցին հիմնադրամի գործունեությունը, թե դանդաղ է աշխատում, հաճախ չի արձագանքում ուսանողների դիմումներին, շատ բաց հարցեր կան և այլն: Վարչապետն առաջարկեց ոչ թե քննադատել, այլ օգնել Կարաասլանյանին` նոր սկսած գործը հաջողությամբ առաջ տանելու:

Վարչապետը հավաստիացրեց, որ հիմնադրամի գործունեությունը թափանցիկ է լինելու, և կայքում կզետեղվեն հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացող ուսանողների անունները: Վարչապետը ժպիտով նշեց, որ հիմնադրամի իրավաբանական հասցեն այժմ իր բնակարանն է, սակայն առաջիկայում այն կունենա նոր իրավաբանական հասցե և գրասենյակ, ինչպես նաև աշխատակազմ:

«Լույս» հիմնադրամը գործում է 2008-ի ապրիլից, իսկ կրթաթոշակ հատկացնելու համար դիմումներ ընդունել է մայիսի 18-հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում: Հիմնադրամը ղեկավարվում է հոգաբարձուների հորհրդի կողմից, որում ընդգրկված են Տիգրան Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Անահիտ Բախշյանը, Տեր Մեսրոպ քահանան. խորհդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Դիտվել է 2151 անգամ:
Print Friendly

Leave a Reply