ՀՀ նախագահի ուղերձը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 24, 2010 17:56

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա 95-րդ տարելիցի օրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է ուղերձով.

«Սիրելի’ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է: 95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետեւանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային պատմության մեջ:

Հայերին բնաջնջելու ծրագիրն իրականացրեց Օսմանյան կայսրության պետական մեքենան իր բոլոր կառույցների միջոցով, որոնք գործում էին ըստ հստակ հրահանգների: 1915 թվականի այս օրը դարձավ սահմանագիծ: Հայ ժողովրդի հազարամյակների երթը ճեղքվեց, բաժանվեց երկու մասի` սահմանագծից առաջ Յ հետո:

Մեկ ու կես միլիոն զոհ, հայրենազրկված եւ տարագիր արված մի ողջ ժողովուրդ, հնամյա մշակույթի ոչնչացում. սա էր հայերի վերջին հետքերը ջնջելու մոլուցքն ու գաղափարախոսությունը պետական քաղաքականության վերածելու հետեւանքը: Հաշվարկված էր, որ Մեծ եղեռնից հրաշքով փրկված հայության բեկորները չպետք է կարողանային ուշքի գալ ստացած հարվածից, պիտի լուծվեին հինգ մայրցամաքների միջեւ ձգվող հորձանուտում եւ կորցնեին իրենց ազգային ինքնությունն ու քաղաքական գործոն լինելու ունակությունը: Բայց մենք, որպես հավաքական ազգ եւ իբրեւ պետություն, մեր մեջ ուժ գտանք վերադառնալու միջազգային քաղաքական բեմ` ասելու համար, որ մենք շարունակում ենք մեր հավերժական ընթացքը եւ վճռական ենք` թույլ չտալու նման հանցագործությունների կրկնությունը:

Եվ մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում, այդ թվում նաեւ Թուրքիայում, հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարեւորությունը եւ մեր կողքին են այդ պայքարում: Սա մի գործընթաց է, որի անխուսափելի ծավալումն այլընտրանք չունի:

Սիրելի’ հայրենակիցներ,

Այսօր համայն հայության հետ ես գլուխ եմ խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք մեզ պատգամ են թողել` ապրել ու արարել հանուն բարու, գեղեցիկի, հանուն Հայոց հայրենիքի, մեր ազգային իղձերի եւ համայն մարդկության: Մենք չե’նք ուրանալու նրանց հիշատակն ու պատգամը:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply