Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 23, 2010 21:58

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Հայինկասացիա» ՓԲԸ հաշվապահության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ կենտրոնական բանկից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա.Գրիգորյանը, հանդիսանալով նաև «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահ, 2003-2009 թվականների ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, շուրջ 1 մլրդ դրամ փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվին, որտեղից այն կանխիկացվել և յուրացվել է: Հափշտակությունը թաքցնելու նպատակով փոխանցված գումարները հաշվապահորեն ձևակերպվել են որպես «ԱԱՀ կանխավճարներ», այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների միջոցով (մասնավորապես հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշիվներ) ծախսագրվել են:

Բացի այդ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի առանձին աշխատակիցներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, «Հայինկասացիա» ՓԲԸ-ում կատարել են բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, սակայն վերոհիշյալ փաստերը չեն արձանագրել, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply