Ապրիլի 26-ից 30-ը Ստրասբուրգում կգումարվի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 23, 2010 19:56
Ապրիլի 26-ից 30-ը Ստրասբուրգում կգումարվի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ըստ ԵԽԽՎ–ի պաշտոնական կայքէջի հաղորդագրության, գարնանային նստաշրջանի հիմնական հարցերից են Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթները, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամի հետեանքների վերաբերյալ մի շարք զեկույցներ: Օրակարգում են նաեւ ռուս–վրացական պատերազմի հետեւանքների մասին քննարկումը, ԵԽ–ի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի 2009թ.-ի գործունեության հաշվետվությունը:
Օրակարգի նախագծում Հայաստանին անմիջականորեն առնչվող որեւէ հարց չկա: Այդուհանդերձ, կան մի շարք զեկույցներ, որոնք հայկական պատվիրակության անդամները կփորձեն օգտագործել Հայաստանի համար կարեւոր եւ միջազգային ատյաններում բարձրաձայնելու ենթակա խնդիրներն արծարծելու համար:
Ըստ հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ներկայացուցիչ եւ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, ակնհայտ է, որ Եվրոպայի տարածքում փախստականների, տեղահանված անձանց եւ կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային տարածքներում կանանց հանդեպ բռնությունների վերաբերյալ զեկույցների համատեքստում ադրբեջանցիները, ինչպես միշտ, այս անգամ եւս առիթը բաց չեն թողնելու, իբր, մեկ միլիոն փախստականների եւ Հայաստանի կողմից իրենց տարածքի 20 տոկոսը ՙօկուպացնելու՚ մասին խոսելու համար:
Հայաստանի պատվիրակության անդամի համոզմամբ, նման ելույթները չպետք է անարձագանք մնան, քանի որ ադրբեջանցիների կողմից միջազգային հանրությանը կաթիլ–կաթիլ ներկայացվող սուտը կարողանում է որոշակի նստվածք թողնել տարածաշրջանի իրողություններին հիմնականում անտեղյակ եվրոպացի պատգամավորների գիտակցության մեջ: Այդ իսկ պատճառով պատգամավորը, ով նախկինում բարձրաձայնել է Բաքվում եւ Սումգայիթում հայերի կոտորածների մասին, այժմ էլ փորձելու է փաստերով հերքել ՙմեկ միլիոն փախստականների ադրբեջանցիների բլեֆը՚, նաեւ խոսելու է Մարաղայի 1992թ.-ի ապրիլի 10-ի ողբերգական դեպքերի մասին, ներկայացնելով հայազգի կանանց եւ երեխաների նկատմամբ ադրբեջանցիների գործած վայրագությունները:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
