Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ ողջ աշխարհում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 23, 2010 14:59

Հայոց ցեղասպանության 95-ամյակի նախօրեին 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում:

Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ամերիկահայ հասարակական կազմակերպությունների հովանու ներքո տեղի է ուենցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արդեն ավանդական դարձած միջոցառում:

Միջոցառմանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փըլոսին, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Սթենի Հոյերը, հայանպաստ խմբի մի քանի տասնյակ անդամներ, Սենատի անդամներ, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները:

Իրենց ելույթներում բոլոր կոնգրեսականները կարևորել են Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը ոչ միայն հայ, այլ հատկապես, թուրք և ամերիկյան ժողովրդների համար:

Դեսպան Մարգարյանը իր ելույթում նշել է, որ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը յուրատեսակ փորձաքար դարձավ Թուրքիայի համար նորովի անդրադառնալու իր երկրի անցյալին հանուն խաղաղ ապագայի: Իրադարձություները ցույց տվեցին ողջ միջազգային հանրությանը, որ Թուրքիան չունի այդ քաղաքական կամքն ու վճռականությունը և շարունակում է մնալ իր իսկ ժխտողականության պատանդը: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին դեսպանը նշել է, որ Հայ-թուրքական կարգավորման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաշվին: Իր հերթին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որին շարունակելու է հետամուտ լինել Հայաստանը միայն կնպաստի հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

.

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում Լիբանանում

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում նաև Լիբանանում՝ ոգեկոչման երեկոներ, քայլարշավներ, դասախոսություններ, մշակութային ու գեղարվեստական այլ ձեռնարկներ, ֆիլմերի ցուցադրումներ:

Ապրիլի 22-ին Համազգայինի «Լյուսի Թութունջյան» պատկերասրահում Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ պաշտոնապես բացվել է հավաքական ցուցահանդես` «Հարգանք Հայոց ցեղասպանության նահատակներին» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված են լիբանանցի և հայազգի արվեստագետների աշխատանքներ: Ելույթ ունեցողները նշել են, որ ցուցահանդեսը բողոք է անարդարության դեպ և արտահայտում է մարդկային հոգեկան ու Ֆիզիկական տառապանքները: Այն ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծում վերապրելու հայ ժողովրդի ծանր ցավը և դատապարտելու մեր ժողովրդի հանդեպ կատարված սարսափելի ոճրագործությունը:

Բուենոս Այրեսի խորհրդարանի և «Արմենիա» մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 20-ին Արգենտինայի մայրաքաղաքի խորհրդարանի «Ոսկեզօծ սահլիճում» կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:
Միջոցառմանը ներկա են գտնվել Բուենոս Այրեսի խորհրդարանի անդամներ Մարիա Խոսե Լուբերտինոն և Ֆաբիո Բաստերիոն, Արգենտինայի Արդարադատության Գերագույն դատարանի անդամ Էուխենիո Սաֆարոնին, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ համայնքային կառույցների տասնյակ անդամներ:

Ելույթ ունեցողները նշել են, որ «հակառակ թուրքական իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերի, հայերն այսօր թե Հայաստանում, թե սփռված աշխարհով մեկ, ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունք»: Նրանք կոչ են արել Թուրքիայի կառավարությանը հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել և դատապարտել 95 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը:

Ապրիլի 19-ին Պադովայի քաղաքապետարանի «Պալացո Մոռոնի» պատմական սրահում տեղի է ունեցել իտալացի անվանի լուսանկարիչ Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի սուրբ հող» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև գրքում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 95-ամյակին:

Միջոցառումը բացել է Պադովայի քաղաքապետ Ֆլավիո Զանոնատոն, որը հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ Պադովա քաղաքը առաջինն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և քաղաքապետարանի բակում փակցրեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Նա, համարելով Հայոց ցեղասպանությունը մեծագույն ոճիր մարդկության դեմ, անհրաժեշտ համարեց այդ մասին մշտապես հիշեցումն ու դատապարտումը:

Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի քաղաքական և մշակույթի շրջանակների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ապրիլի 14-ին Կանադայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին կանադահայ կազմակերպություններից բացի մասնակցել են Կանադայի խորհրդարանի բազմաթիվ անդամներ և Կանադայում հավատարմագրված դիվանագետներ: Ելույթ են ունեցել Կանադայի խորհրդարանում ներկայացված Պահպանողական, Ազատական, Նոր դեմոկրատական կուսակցությունների և «Քեբեկյան բլոկ»-ի պաշտոնական ներկայացուցիչները, Կանադայի գիտության և տեխնոլոգիաների նախարարը: Օրվա բանախոսներն էին հանրահայտ կանադահայ դերասանուհի Արսինէ Խանջյանն ու հայտնի ցեղասպանագետ, ռաբբի Սթիվեն Ջեյկոբսը (ԱՄՆ):

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ավանդական արարողություն տեղի կունենա նաև Հայաստանի դեսպանությունում:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply