Գերազանց մեկնարկ` Բիրմինգհեմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2010 15:07

Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի մարզապալատում մեկնարկած  մարմնամարզության Եվրոպայի առաջնության երիտասարդական մրցաշարը հաջող են սկսել Հայաստանի ներկայացուցիչները: Այդ ստուգատեսում կարողություններն են փորձում 32 երկրների 124 մարմնամարզիկներ: Նախնական մրցելույթներից հետո Արթուր Դավթյանը և Վահան Վարդանյանն իրավունք են ստացել 24 լավագույն  բազմամարտիկների թվում ապրիլի 24-ին եզրափակչում պայքարել մեդալների համար: Դավթյանն ունի 7-րդ (81,675), իսկ Վարդանյանը 12-րդ (80,275) արդյունքը: Ընդ որում, այս ստուգատեսում խաղարկվում են Սինգապուրում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մինչև 17 տարեկան 14 մարմնամարզիկներ իրավունք կստանան հանդես գալու այդ ստուգատեսում: Դավթյանը 17 տարեկան է և այդպիսի հավակնություններ ունենալ չի կարող: Իսկ ահա, Վարդանյանը 16 տարեկան է և արդեն լուրջ հայտ է ներկայացրել: Ամեն բան պարզ կդառնա արդյունքների  ամփոփմից հետո: Ի դեպ, Արթուրն իրավունք է ստացել հանդես գալու նաև բազմամարտի առանձին մրցաձևերի խաղարկությանը` հենացատկերում (3-րդ արդյունքով), օղակների վրա վարժություններում (4-րդ տեղ), նժույգաթափերում (6-րդ տեղ): Վարդանը միայն մեկ մրցաձևի եզրափակչում կարողությունները կփորձի: Նա 8-րդ արդյունքն ունի օղակների վրա վարժություններում: Հայաստանից Վահագն Դավթյանը կմասնակցի միայն օղակների վրա վարժությունների Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: «Մեր երիտասարդ մարմնամարզիկների մրցելույթից շատ գոհ եմ: Նրանք հանդես են եկել առանց մրցահարթակը , մարզագործիքները փորձարկելու, քանի որ վերջին պահին են մրցավայր ժամանել: Ընդ որում,  ստուգատեսում  մենք մրցավար չունենք: Այնպես որ, եթե պատանեկան օլիմպաիական խաղերի ուղեգիր ունենք, դա մեծ նվաճում կհամարվի»,- ասաց մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply