Կստեղծվի 370 նոր կանգառատեղի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 23, 2010 14:07

Հասարակական տրանսպորտի կանգառների կահավորման, նախկինում գործող կանգառատեղիների վերականգնման, ինչպես նաև ուղևորների սպասարկումը բարելավելու նպատակով առաջիկայում մայրաքաղաքում կավելանա հասարակական տրանսպորտի կանգառների թիվը: Բացի կանգառասրահներից` կսահմանվեն նաև հատուկ վայրեր, որտեղ ճանապարհային ոստիկանության կողմից կտեղադրվեն կանգառանշաններ ու կլինեն գծանշումներ. դրանք ևս թույլատրելի վայր կդառնան օրինական կանգառ կատարելու համար:

«Երևանի քաղաքապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` ուսումնասիրելու և վերականգնելու ինչպես նախկինում գործող, այնպես էլ ըստ անհրաժեշտության նոր կանգառատեղի սահմանելու հարցը»,- ասում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ Հարություն Մելքումյանը:

Այժմ Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների և Ճանապարհային ոստիկանության համատեղ ուժերով ուսումնասիրություններ են կատարվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում աշխատանքներն արդեն ավարտվել են, շուտով ճանապարհային ոստիկանության կողմից կսկսվեն կանգառանշանների տեղադրման և գծանշման աշխատանքները:

Այս ծրագրով՝ մայրաքաղաքում տեղադրված 298 կանգառասրահներին կգումարվի ևս 370 նոր կանգառատեղի:

Դրա շնորհիվ զգալի դրական տեղաշարժ կլինի հասարակական տրանսպորտի աշխատանքը կանոնակարգելու, միջկանգառային հեռավորությունները նվազեցնելու տեսանկյունից: Սա ուղևորներին ավելի մատչելի կդարձնի հասարակական տրանսպորտից օգտվելը:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply