Քիկբոքսինգի Հայաստանի չեմպիոնուհին` հանցագործ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2010 14:25

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ոստիկան Արթուր Մադոյանի և քիկբոքսինգի Հայաստանի չեմպիոնուհի Ա.Մ-ի նկատմամբ: Նրանք ավազակային հարձակում են գործել Հայաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված և Երևանում բնակվող Իրանի քաղաքացի Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի  վրա և փորձել են կողոպտել նրան: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանն ու չեմպիոնուհին  ապրիլի 18-ին` ժամը 1:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի 23 շենքի 3-րդ հարկի աստիճանահարթակում մոտեցել են Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարին և նրա աշխատակցուհի Ծ.Ա-ին: Մադոյանը, իր ծառայողական «Մակարով» տեսակի ատրճանակն ուղղել է Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի գլխին և հայտնել, թե նրան կասկածում է թմրամիջոցների առևտրի մեջ՝ կարգադրելով ներս մտնել բնակարան: Հանդիպելով վերջինիս դիմադրությանը`  Մադոյանը և  մարզուհին հարձակվել են գործարարի վրա: Մադոյանը բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքին, իսկ մարզուհին իր ձեռքին եղած մետաղյա խողովակով` նրա մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, Մադոյանը և Ա.Մ-ն ստուգել են ավազակային հարձակման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած տուժողի հագուստների գրպանները, սակայն գումար չեն հայտնաբերել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մ-ին և Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է :

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply