Վայոց ձորի անչափահասները հանցանք են գործում` ինքնահաստատվելու համար

Օրվա լուր | | June 24, 2009 16:54

untitled43Վայոց ձորի մարզում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների հիմնական պատճառը նրանց ինքնահաստատման հասնելու ձգտումն է· այս մասին մտահոգություն է հայտնել մարզի դատախազությունը` 2008թ.-ին տեղի հանցավորության վիճակի վերաբերյալ արձանագրությունում:

Եթե մինչև 2005-ը մարզում մեծաթիվ էին անչափահասների կողմից կատարված գողությունների դեպքերը, ապա 2005-2007թթ.-ին գերակշռող են դարձել դիտավորությամբ ծեծի միջոցով բռնություն կատարած հանցագործությունները:

Դատախազության տվյալով` 2008-ին մարզի տարբեր համայնքների 10 անչափահասներ 7 հանցագործություն են կատարել: 13-17 տարեկան անչափահասները գործի են դրել նաև դանակ ու մուրճ:

Վայոց ձորի մարզի դատախազության ուսումնասիրությունները վկայում են, որ հանցանքների զգալի մասը մարզկենտրոն Եղեգնաձորի բաժնի սպասարկման տարածքում են կատարվել:

Դիտավորությամբ հանցագործություն կատարողներից մեկը Ջերմուկ քաղաքի անապահով ընտանիքում մեծացած 18-ամյա Ս. Ա.-ն է, ով  գտնվել է պրոֆիլակտիկ հաշվառման մեջ` սկզբում գողություն կատարելու, իսկ 2006թ.-ին տարեց անձի ծեծի ենթարկելու համար: Նա սովորել է Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցում, սակայն ավարտական քննություններին չի մասնակցել ու չի ստացել 8-ամյա կրթության վկայական:

Ջերմուկի Ձախափնյակ թաղամասի 12-րդ շենքի բակում վիճաբանել է անչափահաս  17-ամյա Գ. Ա.-ի հետ, մուրճով դիտավորությամբ հարվածել նրա գլխին: Դեպքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` դիմողի բողոքի բացակայության պատճառով:

Կեչուտ գյուղի բնակիչ 19-ամյա միջնակարգ կրթություն ունեցող Պ. Կ-ի դեպքում էլ մերժվել է քրեական գործի հարուցումը` կրկին դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ: Նա 2008թ. հուլիսի  15-ին հորը պատկանող ՎԱԶ 2105 մակնիշի ավտոմեքենայով, առանց վարորդական իրավունքի վկայականի, գնացել է Ջերմուկ, վրաերթի է ենթարկել Ս.  Ա-ին:

Հանցագործություն կատարած մյուս երեք անչափահասները Վայք քաղաքի` 8-ից մինչև 11-րդ դասարանի աշակերտներ են, ովքեր նախկինում դատվածություն չեն ունեցել և որպես հոգեկան հիվանդ, թմրամոլ կամ խրոնիկ հարբեցող` հաշվառման մեջ չեն գտնվել որևէ բուժհաստատությունում:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply