«..Գտա իմ տիկնիկը` մի քանի տեղից թրատված»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 23, 2010 10:17

«Մենք ոչ թե ունեցվածք ենք կորցրել, այլ հայրենիք»,- ասում է ցեղասպանությունը վերապրած և հարյուրամյակի շեմին հասած Հեղինե Աբրահամյանը

Կարսի Առաքելոց վանքի քահանայի թոռնուհին` նկարչուհի Հեղինե Աբրահամյանը, ծնվել է 1909 թ. Կարսում: Նա պատմում է, որ երկու անգամ ականատես է եղել հայերի բռնի տեղահանմանն ու աքսորին և երկու անգամ էլ բախտի բերմամբ է կենդանի մնացել: «Երեք տարեկան էի, երբ մեր ընտանիքն Արդահանից տեղահանվեց, սակայն ես դա գրեթե չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ հայրս մեզ տարավ Երևան: Նա ցարական բանակի զինվորական էր, և նրան նշանակել էին զինվորական մատակարար Երևանում: Սակայն 1918 թ. մայրս մահացավ, և մորաքույրներս ինձ ու եղբորս տարան Կարս: Այդ ժամանակ Կարսը ռուսների ենթակայության տակ էր»:

Հեղինեն ընդունվում է Կարսի օրիորդաց վարժարան: 1920 թ. վերջերին Կարսը կրկին հարձակման է ենթարկվում և գրավվում թուրքերի կողմից: Նա պատմում է, որ թուրքերն արգելում էին հայերին լքել քաղաքը, բայց քանի որ Հեղինեի հայրը զինվորական էր, նրանց թույլ են տալիս իրերը հավաքել և հեռանալ: «Հորաքույրս գնացել էր կայարան` իրերը դասավորելու,- հիշում է տիկին Հեղինեն,- մեկ էլ տեսնենք` շփոթված ու տարակուսած հետ վերադարձավ. թուրքերը գրավել էին կայարանը, և գնացքը մեկնել էր` մեր իրերն էլ մեջը: Արդահանից հետո երկրորդ անգամ էինք մեր ունեցվածքը կորցնում: Այդ ժամանակ հայրս մեզ հետ չէր, նա զորամասում էր: Հիշում եմ` հորաքույրներս մի ֆուրգուն գտան, նստեցինք և շտապեցինք դեպի ձորի ճանապարհը, որտեղով էլ պիտի փախչեինք»:

Ծեր կնոջ աչքերը փոքրանում են, դեմքը ձգվում է, զգում եմ, որ հիշողությունները խեղդում են նրան, սակայն նա ուզում է շարունակել, աշխարհին պատմել այն, ինչ ինը տարեկան հասակում տեսել է այդ դժոխային ճանապարհին: «Երբ հասանք ձոր, մեր առջև մի սարսափելի տեսարան բացվեց. մարդիկ խուճապահար փախչում էին, մի մասը` ոտքով, մյուս մասը` սայլերով, ձիերով, կանայք` երեխաները շալակներին… Որքան առաջ էինք գնում, այնքան բազմությունը մեծանում էր: Ամեն կողմից մարդիկ էին գալիս: Քիչ անց, ձորն այնքան լցվեց մարդկանցով, որ առաջ գնալն անհնարին դարձավ: Մեր ֆուրգունը նույնպես կանգ առավ: Եվ այդ ժամանակ էր, որ թուրքերը մարդկանց կոտորելու հարմար պահ գտան: Թուրք զինվորները բարձրացել էին ձորի բարձունքները և այնտեղից կրակում էին անօգնական ու սարսափած մարդկանց վրա»:

Այդ ժամանակ Հեղինեի աչքի առջև մի երիտասարդ տղա է սպանվում: Հեղինեն ուշաթափվում է: Երբ ուշքի է գալիս, տեսնում է, որ ֆուրգունը դատարկ է, իսկ հարազատները չկան, ֆուրգունի տակ մի քուրդ կին է պատսպարված` երեխան գրկին, իսկ կողքին ընկած է հորեղբոր չորսամյա աղջիկը` Ցողիկը` ոտքը փշրված: Նա, արնաքամ լինելով, մահանում է իր աչքի առջև: Քուրդ կինը վերցնում է Հեղինեին, և նրանք շարունակում են ճանապարհը:  «Ես մինչև այսօր չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես էին մորաքույրներս ինձ թողել ու փախել,- ասում է նա,- ճիշտ է, որ այն ժամանակվա համար ասում էին` մերը մանուկին մոռացավ, որ փրկվի»:

Քուրդ կնոջ հետ հասնում են ձորի կամրջին, որը տեղացիները Մազե կամուրջ էին անվանում: «Շատ նեղ, ճոճվող կամուրջ էր, մի հոգի հազիվ կարող էր վրայով անցնել,- պատմում է տիկին Հեղինեն,- բազմությունը պետք է այդ կամրջով անցներ: Դիմացից թուրքերը կրակում էին, հետ գնալ հնարավոր չէր: Սպանվածները ջուրն էին ընկնում, գետն արյունից կարմրել էր»:

Հեղինեն հիշում է, որ իր առջևով մի ծեր մարդ էր գնում ու հանկարծ ուժասպառ ընկնում է: Թե ինչպես է ինքն անցնում կամուրջը, չի հիշում: Նա ամբոխի մեջ սկսում է փնտրել հարազատներին, բայց ապարդյուն: «Հանկարծ ոտքերիս տակ հողը ցրիվ եկավ,- շարունակում է նա,- սկսեցին կրակել: Մի մարդ արագ մոտեցավ ինձ և իր շինելի մեջ փաթաթած` սկսեց վազել: Ես ոտքերով ու ձեռքերով հարվածում էի նրան, որ ինձ բաց թողնի: Հետո գիտակցեցի, որ նա իմ փրկիչն էր: Հասնելով մի կիսաքանդ շինության մոտ` այդ մարդն ինձ կոտրված ապակիների միջով ներս գցեց: Այնտեղ խումբ-խումբ մարդիկ էին հավաքված` մի մասը` վիրավոր, մի մասը` պատառոտված շորերով: Այնտեղ էլ մերոնց գտա»:

Քիչ անց, երբ կրակոցները դադարում են, լուրեր են հասնում, թե Կարսի ճանապարհը բաց է: Հեղինեն ու հարազատները վերադառնում են Կարս` դժոխային ձորում թողնելով հորեղբոր աղջկա ու տատի դիակները: «Մեր տունը դատարկ ու թալանված գտանք,- պատմում է նա,- ես վազեցի իմ սենյակ և պատուհանի գոգին գտա իմ տիկնիկը` մի քանի տեղից թրատված: Մենք գնացինք Կարսի Առաքելոց եկեղեցի, որի քահանան պապս էր: Մի քանի օր այնտեղ մնալուց հետո մորաքույրներս, որ այդ ժամանակ աշխատում էին Կարսի ամերիկյան որբանոցում, ինձ ու եղբորս տարան իրենց մոտ` որբանոց: Մինչև այսօր հիշում եմ այդ որբանոցը, սովահար երեխաներին, ովքեր մատները թրջում էին և սեղանի վրայից հավաքում հացի փշրանքները: Հիշում եմ նաև, որ թուրքերը գալիս էին, դռները կոտրում և որբանոցից հայ աղջիկներին լացացնելով տանում: Այդ աղջիկներն այլևս հետ չէին գալիս: Անգամ ասում էին, որ մի օր մի թուրք ապտակել է տնօրենին, երբ վերջինս փորձել է արգելել որբ աղջիկներից մեկին տանել»:

Մինչև 1921 թ. նրանք մնում են Կարսում: Սակայն գարնանը որբերին դուրս են բերում քաղաքից: Երկու անգամ եղեռն տեսած Հեղինեն սարսափով է հիշում նաև որբերին տեղափոխող գնացքն ու Կարս-Գյումրի ճանապարհը: «Մեզ անասունների պես լցրել էին փակ վագոնների մեջ, որոնք կողպված էին, Կարս-Լենինական ճանապարհն այնքան էլ երկար չէ, սակայն այնպիսի տպավորություն էր, որ գնում-գնում ենք, տեղ չենք հասնում: Հանկարծ իմացանք, որ վագոններում համաճարակ է բռնկվել: Հետագայում մորաքույրս պատմում է, որ երբ երեխաները մահանում էին, ստիպված դիակները վագոններից դուրս էին շպրտում»:

Հեղինեի հայրն այդ ժամանակ թուրքերի մոտ գերի է լինում, սակայն, գերիների փոխանակման ժամանակ ազատվում է:  Որոշ ժամանակ անց հայրը նրանց տեղափոխում է Երևան, որտեղ էլ նա դպրոց է հաճախում և ուսում ստանում:

Եղեռնի ճիրաններից մինչև Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա

«Դեռևս դպրոցական տարիներից իմ մեջ նկարչության սեր կար,- պատմում է Հեղինե Աբրահամյանը,- ուստի, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվեցի Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա: Հիշում եմ, մի քանի ընկերուհիներով մի սենյակ էինք վարձել: Այդ տարիներին Լենինգրադում ահավոր սառնամանիքներ էին` մինչև 40 աստիճան: Ցուրտ սենյակում նկարում էի, մինչև ձեռքերս չդիմացան ու ցրտահարվեցին»:

1940 թ. ավարտելով Ակադեմիան` Հեղինե Աբրահամյանը վերադառնում է Երևան: 30 տարի նա նկարչություն է դասավանդում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, վաստակավոր մանկավարժի կոչում ունի: Նրա աշակերտներն են եղել այնպիսի նշանավոր արվեստագետներ, ինչպիսիք են Գրիգոր Խանջյանը, Օնիկ Մինասյանը, Ռաֆայել Աթոյանը, Լևոն Կոջոյանը և ուրիշներ:

Հեղինե Աբրահամյանը, որ միայնակ ապրում է իր արվեստանոց-բնակարանում` շրջապատված տարիների ընթացքում ստեղծած իր կտավներով, ընտանիք չունի, սակայն ունի բարեկամներ, մտերիմներ, ընկերներ, ովքեր հաճախ են լինում նրա մոտ: Զարմանում ես, թե որտեղի՞ց է նրա նուրբ ու փոքր մարմնում այդքան եռանդ և աշխատասիրություն կուտակվել, որ անգամ կյանքի մեկդարյա տառապալի ճանապարհը չի կարողացել սպառել: Երբեք չես ձանձրանա նրան ընկերակցելուց, լսում ես այդ Մեծ կնոջն ու զարմանում` որքան հստակ ու իրատեսական են դատողությունները, միտքը` պայծառ, ուշադրությունը` սուր, հատկապես երբ խոսք է լինում Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Դրական եմ համարում մեր իշխանությունների կատարած քայլը` բանակցություններ վարելու նախաձեռնությունը,- ասում է նա` հորդորելով, սակայն, միշտ կասկածը սրտում պահել ու մինչև վերջ չանկեղծանալ Թուրքիայի հետ: «Մենք ոչ թե ունեցվածք ենք կորցրել, այլ հայրենիք, և թուրքին մինչև վերջ հավատալ չի կարելի, նա միշտ իր օգտին է գործում: Խաղաղ ժողովուրդը, որ հայի հետ ապրել է, ճանաչում է հային, հայի հանդեպ կարող է լավ լինել, սակայն երբ խոսքը պետական հարաբերությունների մասին է, ապա նրանք հայի հետ լավ լինել չեն կարող: Թուրքի հոգեբանությունը դժվար է փոխել, դրա համար հարյուրավոր տարիներ են պետք»,-կարծում է նա:

Կարսի Առաքելոց եկեղեցու վերջին քահանան

Խորեն քահանա Ստամբոլցյանը` Հեղինե Աբրահամյանի մորական պապը,  Կարսի Առաքելոց եկեղեցու քահանան էր` գրագետ ու հայրենասեր մարդ: Սովորել է Էջմիածնի ճեմարանում, այնուհետև ձեռնադրվել քահանա և 1882 թվականից, քահանայական պաշտոնին զուգահեռ, ուսուցչություն արել նաև Կարսի երկսեռ դպրոցներում: Խորեն քահանան է, որ 1887 թ. Կարսի Ս. Աստվածածին եկեղեցում մկրտել է Եղիշե Չարենցին: Մինչև 1921 թ. վերջերը նա մնացել է Կարսում` ինը ամիս գերի լինելով թուրքերի ձեռքին: Այդ ընթացքում նա իր «Կարսի անկումը» վերնագրով հուշամատյանում գրի է առել Կարսի գրավման և դրան հաջորդած իրադարձությունները: Ի դեպ, Հեղինե Աբրահամյանը հայտնեց, որ մայիսին գիրքը լույս կտեսնի:

Թոռնուհին հիշում է, որ պապը նաև ստեղծագործում էր, սրբագրում  Ատրպետի գրվածքները, իսկ ինքը ձեռագրերը տանում-բերում էր: Նա պատմում է, որ պապը օգնում էր Նիկողայոս Մառին Անիի պեղումների ժամանակ, քարերի վրայից նկարում էր զարդանախշերը: «Պապս ուներ բավական արժեքավոր մագաղաթյա մանրանկարներով հարուստ գրականություն, որոնցից օգտվելով` կազմել էր նկարչության դասավանդման ձեռագրեր, ինքն էլ բավականին լավ նկարում էր: Ցավոք, Կարսում մնացած ողջ գրականությունը ոչնչացավ, որի համար պապս շատ էր ափսոսում,- ասում է Հեղինե Աբրահամյանը»:

Նոր հայտնաբերում` պապի արխիվից. «Սաթիկի մայրիկը» կամ իրական պատմություն զուլումի աշխարհից

Երբ զանգահարեցի Հեղինե Աբրահամյանին նրան այցի գնալուց առաջ, ասաց, որ նորություն ունի: «Ի՞նչ նորություն կարող է լինել»,- մտածեցի: Արդեն հինգ տարուց ավելի է` ճանաչում եմ նրան, Ցեղասպանության մասին նրա ողջ պատմությունն ինձ հայտնի է, միգուցե ինչ-որ բան չի՞ ասել… Երբ գնացի նրա տուն, մենակ չէր, նրա հետ էր նաև Կարինեն` Հեղինե Աբրահամյանի մտերիմներից մեկը: Կարինեն էլ ներկայացրեց նորությունը: Մի երեկո` Հեղինե Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ, Կարինեն տեղեկանում է, որ նրա պապը գրի է առել է նաև Արդահանի կոտորածներից փրկված մի կնոջ պատմություն: «Այդ օրվանից կորցրեցի հանգիստս»,- պատմում է Կարինեն,- հարկավոր էր անպայման գտնել ձեռագիրը, որը մեր ժողովրդի դեմ կատարած ոճրագործության ևս մեկ ապացույց կարող էր լինել»:

Կարինեն պարզում է, որ Խորեն քահանայի բոլոր փրկված ձեռագրերը նրան խնամող կինը` Սոֆյան, նրա մահից հետո հանձնել է Դերենիկ Դեմիրճյանին, քանի որ Խորեն քահանան մտերիմ է եղել Դեմիրճյանի հետ: Ձեռք բերելով Դ. Դեմիրճյանի քրոջ աղջկա հեռախոսահամարը (ապրում է Բոստոնում)` Կարինեն զանգահարում է և խնդրում իրեն տեղեկություններ տալ Դեմիրճյանի արխիվի մասին: Պարզվում է, որ Դեմիրճյանի մահից հետո նրա կինը արխիվը հանձնել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: Կարինեն և Հեղինե Աբրահամյանը սրտատրոփ գնում են արխիվի հետևից և այնտեղ էլ գտնում պապի կորած համարվող գրվածքը: Նրանց շնորհիվ գիրքը լույս է տեսնում: Այն մի սարսափելի պատմություն է 1915-1921 թթ. Հայաստանի քաղաքներում ու գյուղերում տեղի ունեցած դժոխային ոճրագործությունների և դրանց ականատես մի կնոջ կյանքի մասին: Խորեն քահանան 1925 թ. այս պատմությունը գրի է առել հենց այդ կնոջից:

Դիտվել է 2961 անգամ:
Print Friendly

Leave a Reply