«Նամուս». Պահպանենք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 23, 2010 9:58

Ապրիլի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ցուցադրվեց 1926 թ. Համո Բեկնազարյանի նկարահանած առաջին հայկական լիամետրաժ «Նամուս» կինոֆիլմի թվայնացրած տարբերակը, որ 2005 թ. իրականացրել է ֆրանսիական «ARTE» հեռուստաընկերությունը: Այն առաջին անգամ ցուցադրվել է 2005 թ. նոյեմբերին  Փարիզի  «Բալզակ» կինոթատրոնում:

Դահլիճը գրեթե լիքն էր:  Ֆիլմը ցուցադրվում էր ապրիլի 16-18-ը Երևանում անցկացված համր ֆիլմերի «Պահպանենք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը» խորագրով փառատոնի շրջանակներում:  Փառատոնը   նախատեսված էր անցկացնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում՝ որպես ակցիա դահլիճի  պահպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում:

Ազգային պատկերասրահի կինոֆիլմերի բաժնի տնօրեն Մելիք Կարապետյանն  ասաց, որ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինության  ասելով՝  դահլիճի ներկա պայմաններում  դա հնարավոր չէ,  որովհետև երկար չաշխատելու հետևանքով շարքից դուրս են եկել էլեկտրական լարերը, և կինոցուցադրման համար անհրաժեշտ կինոպրոյեկտոր չկա: «Մայիս ամսից սկսած` մենք կսկսենք պարբերական ցուցադրություններ հենց ամառային դահլիճում»,- ասաց Կարապետյանը:

1926 թ., երբ Լենինգրադում ցուցադրվել է «Նամուսը», ցուցապաստառին, որպես գովազդ, գրված է եղել «Крупнейший боевик сезона: намус», իսկ ցուցադրության ժամանակ նվագել է մի ամբողջ սիմֆոնիկ նվագախումբ և «Սազանդար» խումբը: «Համր ֆիլմի ցուցադրման համար չափազանց կարևոր է երաժշտությունը,- ասում է Կարապետյանը,-երբ Ֆրանսիայում վերականգնում էին «Նամուսը», ուզեցին արխիվներից գտնել սիմֆոնիկի նախկին սկատարումները, բայց չգտնվեցին: Նոր երաժշտությունը գրել է  Անահիտ Սիմոնյանը»:

Ֆիլմի ցուցադրությունից հետո 25-ամյա ճարտարապետ Աշոտ Ղուկասյանն  ասաց, որ թեպետ ֆիլմում արծարծված գաղափարն իրեն հոգեհարազատ չէր. «բայց զարմացրեց ինքը՝  ֆիլմը, հայկական առաջին ֆիլմի համար այն շատ հզոր է»:

Իսկ բանասեր Նաիրա Մկրտչյանն  ասաց, որ ֆիլմի դիտման էր եկել ի պաշտպանություն իր երեխաների նախաձեռնության, որոնք խմբի ակտիվիստներ են: «Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքի պահպանությունը ձեռնարկել են մեր երեխաները,-  ասաց նա,- որովհետև դա սովորաբար մեծերի գործն է: Իսկ այն, որ հակառակ կողմը որպես փաստարկ ասում է,  թե իբր մենք դեմ ենք եկեղեցու կառուցմանը, շատ թույլ ու դեմագոգիկ է: Ինչպե՞ս կարող է հայը դեմ լինել եկեղեցու կառուցմանը: Էլ չեմ ասում, թե ինչքան մտավորականներ են միացել շարժմանը»:

Համր ֆիլմերի փառատոնը Հայաստանում կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ:  «Նամուսից» բացի, ցուցադրվեցին նաև դանիական համր կինոյի նմուշներ և հայտնի կինոկատակերգակ Բեստեր Կիտոնի ֆիլմերից:

Օրերս Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, պատասխանելով  «Տեսնել» սփյուռքահայ համախմբի նամակին, որում խմբի անդամները մտահոգություն էին հայտնել, թե իրենց  «նպատակը չէ եկեղեցու շինությունը կանխելը, այլ մշակութային կենտրոնի փրկումը», գրել է. «Շենքը կորցրել է իր գործառնական նշանակությունը, բացօթյա կինոթատրոնի անօգտագործելիության և լքվածության պատճառով կորցրել է իր գրավչությունը, իսկ հոգելույս Սպարտակ Կնտեղցյանը ժամանակին նախագիծ էր ներկայացրել նույն  վայրում բազմահարկ հյուրանոցային համալիր կառուցելու համար»:

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, Ճարտարապետ  Սարհատ Պետրոսյանն  ասաց, որ Կնտեղցյանի այս նախագծով հյուրանոցն այնպես էր նախագծված, որ շենքը պետք է կառուցվեր օդի մեջ՝ պահպանելով  ամառային կինոդահլիճը:

Սարհատ Պետրոսյանն  ու խմբի մյուս անդամ Մանե Թամանյանը դիմել են կառավարությանը. «Սույն թվականի մարտի 9-ին մեր նախաձեռնությամբ Ձեզ է հղվել մոտ 60 մտավորականների ստորագրությամբ նամակ ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 4-ի որոշման վերանայման խնդրանքով: Սակայն, մինչ օրս ոչ միայն արձագանք, այլև նույնիսկ նամակի ստացման վերաբերյալ գրություն չենք ստացել։ Խնդրում ենք մեկ անգամ ևս դիտարկել մարտի 9-ին Ձեզ հղված նամակը և պատասխանել դրան` ՀՀ օրենսդրության պահանջներից ելնելով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում»:

Մեկ այլ նամակում նրանք գրել են, որ մամուլից տեղեկանալով կառավարության` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի խնդրի վերաբերյալ նախատեսած հասարակական քննարկումների մասին, խնդրում են իրենց տեղյակ պահել. «Չնայած նախաձեռնությունը հաստատակամ է իր պահանջներում, այն է` չեղյալ համարել ՀՀ կառավարության մարտի 4-ի որոշումը և  նշված շինությունը վերականգնել Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք մասնակցելու ցանկացած ձևաչափի քննարկման»։

Իսկ  մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկում կատարվող փոփոխության համար տրված եզրակացությունում ստորագրելով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը հանրապետության լավագույն կառույցներից է, հուշարձանն անհրաժեշտ է պահպանել և հետագայում վերականգնել նրա նախկին տեսքը» խոսքերի տակ, հիմա էլ հայտարարել է. «Պատմական հուշարձանների ցանկից շենքի դուրս գալը  դեռևս չի նշանակում, որ վաղը քանդվեց, դրա տեղը չգիտես ինչ կհայտնվի, հուշարձանների ցանկից դուրս գալը դեռևս ապացույց չէ այն բանի, որ այնտեղ չգիտես ինչեր են տեղի ունենալու»:

Դիտվել է 1830 անգամ:
Print Friendly

Leave a Reply