Ճանապարհային քարտեզ դեպի անհայտություն կամ հետաձգման նոր մարտավարություն.

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 23, 2010 10:04

Ցեղասպանության ճանաչում 2015 թվականի՞ն

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում մատնվելով փակուղային վիճակի, մեծ պետություններն իրենց հեղինակությունը փրկելու համար հուսահատորեն ուղիներ են փնտրում այս երկընտրանքից դուրս գալու համար: Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չափազանց շատ ժամանակ ու ջանքեր են ներդրել և չեն կարող հեռանալ բանակցված ու ստորագրված, սակայն չվավերացված «դարի գործարքից»:

Սույն հոդվածը գրելու պահին Հայաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից հրավիրվել էին Վաշինգտոն` արձանագրությունները փրկելու կամ գոնե հաշտեցման գործընթացում առաջընթացի պատրանք ստեղծելու վերջին ջանքեր գործադրելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների կամ Արցախի հակամարտության կարգավորման հարցի բարելավման ամենափոքր նշանը կամ անգամ խոստումը հնարավորություն կտա նախագահ Օբամային քողարկելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ տված իր խախտած խոստումը:

Շուտով պարզ կդառնա, թե Սպիտակ տան ճնշումը Հայաստանի և Թուրքիայի վրա կհանգեցնի՞ որևէ դրական արդյունքի, ինչպիսին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի մասնակի բացումն է` նախքան արձանագրությունների վավերացումը: Ադրբեջանի նախագահին միտումնավոր դուրս թողեցին Վաշինգտոնի գագաթնաժողովից, որպեսզի չխոչընդոտի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին: Թուրքական կողմի համառության դեպքում Հայաստանի նախագահին այլ բան չի մնում անելու, բացի արձանագրություններից իր երկրի ստորագրությունը հետ վերցնելը` մեղադրելով Թուրքիային նախապայմաններ առաջադրելու և Արցախն Ադրբեջանին հանձնելու պահանջի համար:

Փակուղուց դուրս գալու համար Կարնեգիի միջազգային խաղաղության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոմաս դը Վաալը ապրիլի 9-ին` Վաշինգտոնի գագաթնաժողովից անմիջապես առաջ, հրապարակել է «Քաղաքականության ամփոփագիր»: «Հայաստան և Թուրքիա. կամրջում» զեկույցում նա առաջարկում է «բարի կամքի» հինգ դրսևորումներ, որոնք Թուրքիան պետք է կատարի Հայաստանի հետ հաշտեցման գործընթացն ուժի մեջ պահելու համար.

• Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացում ոչ առևտրային ճանապարհորդների համար,

• Հայաստան-Թուրքիա սահմանին հարակից Թուրքիայի տարածքի մասնակի բացում, որտեղ գտնվում է միջնադարյան հայկական Անի քաղաքը: Հայ զբոսաշրջիկներին դա հնարավորություն կտա այցելելու այս հինավուրց վայրերը,

• օսմանյան արխիվներն ամբողջովին բացելու և թվայնացնելու թուրքական նախաձեռնություն, որտեղ պահպանվում են 1915 -1921 թթ. իրադարձությունների վերաբերյալ օսմանյան պաշտոնական փաստաթղթերը,

• թուրքական կառավարության` սփյուռքահայերին Անատոլիայի հինավուրց հայկական ժառանգության վայրերը այցելելու հրավերի նախաձեռնություն,

• Ստամբուլի և Երևանի միջև Turkish Airlines-ի համար ավիաուղու բացումը:

Դը Վաալը առաջարկում է, որ Հայաստանն էլ իր հերթին խոստանա «վերջ դնել Նախիջևանի մեկուսացմանը, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման դեպքում»:

Վերոնշյալ պարզունակ գաղափարներն առաջարկելուց հետո դը Վաալն անդրադառնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին և փորձում երկարաժամկետ լուծում մշակել ամերիկահայերի լոբբիստական ամենամյա ջանքերի դեմ, որոնք «խեղում են» Միացյալ Նահանգները: Կոնգրեսում այս հարցի շուրջ հայերի և թուրքերի միջև առճակատումը նա անվանում է «կեղտոտ քաղաքական սակարկություններ»:

Ըստ դը Վաալի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի խախտած խոստումը և «ցեղասպանության» փոխարեն նրա կողմից «Մեծ եղեռն» բառակապակցության օգտագործումը «արժանի ձևակերպում» է:

Ահա թե ինչ է առաջարկում դը Վաալը.

«Այս ամենամյա հոգեվարքից ազատվելու համար, կարծում եմ, հայ-թուրքական հարցը պետք է վերաձևակերպել ավելի երկարաժամկետ հեռանկարում: Հինգ տարի անց` 2015 թ. Հայոց Հոլոքոստի մոտալուտ հարյուրամյակը և Թուրքիայում «Հայկական հարցի» վերաբերյալ շարունակվող բանավեճերը խթան են նման մոտեցման համար: 2015 թ., թուրքերին դուր կգա, թե ոչ, սակայն աշխարհը կնշի հայկական ողբերգության տարելիցը: 2010 թ. Ապրիլի 24-ի իր ուղերձում նախագահը կարող է ասել, որ հարյուրամյա ոգեկոչմանը մնացել է հինգ տարի, և եթե նա դեռ պաշտոնում է, խոստանում է մասնակցել այս միջոցառումներին (հնարավոր է անգամ Երևանում), սակայն միաժամանակ խոստանում է մի փոքր դադար տալ թուրքերին` հույսեր կապելով Թուրքիայի ներսում տեղի ունեցող քննարկումների հետ: Օբաման կարող է ասել. «Մենք հուսով ենք այս ողբերգական տարեթիվը նշել մեր թուրք ընկերների հետ և ոչ թե առանց նրանց»,- և ձգտել դառնալ հայ-թուրքական հաշտեցման խթանող»:

Դը Վաալի առաջարկը պարզապես ծուղակ է Հայոց ցեղասպանության հարցը հինգ տարի ևս թաղելու համար, մինչ այդ շունչ քաշելու ժամանակ շահելով տապալված արձանագրությունները վավերացնելու համար:

Նախքան նախագահ Օբամայի որևէ նոր խոստմանը հավատ ընծայելը նա պետք է կատարի իր արդեն տված և խախտած խոստումը: Բացի այդ, ի՞նչ երաշխիքներ կան, որ նախագահը կվերընտրվի երկրորդ անգամ կամ էլ ընտրվելու դեպքում կկատարի իր խոստումը:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի

հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյանի

Դիտվել է 1487 անգամ:
Print Friendly

Leave a Reply