Սուգ` «Որոգայթի» հերոսների համար. «Մամա, մենք էլ Արամ չունենք. էլ Արամ չկա»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 24, 2009 14:03

mayr«Ցերեկը` ժամ 4-ի կողմերը, տնից դուրս էկավ, մուտքի մեջ ձեռով հաջող արի ես իմ բալին: Իմ գլխի վրա էի հաջողություն անում»- հեկեկալով պատմում է Արամ Միսկարյանի ( «Որոգայթ» սերիալի Գարիկի) մայրը` 67-ամյա Ֆլորա Մամուլյանը։

Արամը բնակվում էր Դավիթաշենում: Շենքի մուտքի մոտ հավաքված երեխաները անմիջապես մատնացուց արեցին 6-րդ հարկը: «Մեզ միշտ բարև էր տալիս ու խոսում էր: Մեր շենքի Նարեկը լաց էղավ. իրան շատ էր սիրում»,- ասաց մի երեխա:

Հունիսի 22-ին` երեկոյան 11-ի մոտ, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ) ավտովթարից մահացել են «Շանթ» հեռուսատեսության «Որագայթ» սերիալի դերասաններ 35-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթ»-ի Գոքոր) և 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթ»-ի Գարիկ)։

«BMW-745» «11 LS 602» համարանիշով մեքենան բախվել է ճամփեզրի ծառին և շրջվել։ Մյուս ուղևորը՝ օպերատոր Էդգար Տեր-Ադամյանը, որ վարելիս է եղել մեքնան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց(նախորդ հրապարակման մեջ ոստիկանության հաղորդագրության համաձայն նշված էր, թե վարել է Գեղամը, սակայն պարզվել է, որ այդպես չէ):

Վարորդը գերազանցել է արագությունը` հասցնելով 200-ի ու բախվել ծառին: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` մեքենան պատկանել է ոմն Գոհար Տեր-Ադամյանին, և փրկարարները դերասանների դիակները մեքենայից դուրս են բերել ժամը 23.15-ին։

26-ամյա կինո օպերատոր Էդգար Տեր-Ադամյանը, ում գանգի կոտրվածքով և ներքին արյունազեղմամբ տարել են Էջմիածնի հիվանդանոց, տեղում վիրահատվել է և հաջորդ օրը տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։

318«Ժամը 11-ի կողմերը ստեղից-ընդեղից զանգեր են անում, թե ուր ա Գարիկը, քուրն էլ ասում ա, թե նկարահանման ա,-լալիս է տիկին Ֆլորան,- Ես դիվանի վրա նստած եմ: Մեկ էլ իրանց պրոդյուսեր Աննան զանգեց, թե Արամի հեռախոսը չի պատասխանում, Գոհարս (Արամի քույրը) ասեց` բան ա պետք, կփոխանցեմ: Ու ըտեղ սիրտս մի վատ բան կասկածեց: Դու մի ասի, իրանք արդեն ամեն ինչ գիտեն, չգիտեն` մեզ ոնց ասեն: Քուրը գնաց ըստեղ-ընդեղ, մորգ չեն թողել մտնի: Էկավ, ասեց` մամա, մենք էլ Արամ չունենք, էլ Արամ չկա, ավարյա են տվել մահացել»:

Գեղամ Խանդիլյանի («Որոգայթ»-ի Գոքոր) տունը Մերգելյանի թաղում է: Շունը` Մոլին, խելոք պառկել էր տան դռան առաջ, թաթերը դրել պնչի տակ ու առանց գռմռալու ու շարժումի, սառած հայացքով զննում էր անծանոթին: Փոքրիկ այգում հավաքված էին ընկերներ, ծանոթներ, թաղեցիներ:

gogor«Հրաշալի տղա էր, խղճով, խելացի, տաղանդավոր, ավարտած չէր, բայց կիրթ էր: Շներին էր շատ սիրում, հարևանասեր էր, լավ դերասան»,-պատմում է առաջին հարկի հարևանուհին` տիկին Ալվարդը, խոսակցության պահին աչքը գցում տան սպիտակ պատին կպցրած փայտե դիմակին. «Ամերիկա որ գնաց, ինձ էնտեղից սա էր նվեր բերել»:

Հարևանուհին պատմում է, որ «ջիգյարով տղա» Գոքորը միշտ սիրում էր բակում ֆուտբոլ խաղալ երեխաների հետ, «գործին ձեռ գցեր»: «Թոռանս որ տեսնում էր, անպայման ասում էր` ջանիդ մեռնեմ, էս ու՞մ սիրուն բալեն ես»,-աչքերում խեղդելով արցունքը` պատմում է տիկին Ալվարդը:

«Շանթ» հեռուստատեսությունից հայտնեցին, որ «Որոգայթ» սերիալը շարունակվելու է երկուշաբթի օրվանից, սակայն չեն ցուցադրվելու այն սերիաները, որոնցում կան Գոքորն ու Գարիկը: Հետագայում նկարահանվող սերիաներում այդ երկու կերպարները չեն լինելու: Թե ինչպես են սցենարում բացատրելու նրանց անհետացումը, «Շանթ»-ն այդ հարցին դեռևս չի պատասխանում:

Դեպքի ու զոհվածների մասին կարդացեք ավելին «Անկախ» շաբաթաթերթի ուրբաթ օրվա (հունիսի 26) համարում:

Էդգար Ամիրխանյան

Դիտվել է 5876 անգամ:
Print Friendly

Leave a Reply