Դանիել Երաժիշտ. «Շրջապատված ենք ագրեսիվ հակամշակույթով»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 23, 2010 9:47

«Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժշտի  զրույցը «Անկախի» թղթակցի հետ

…Երբ թագավորում է առևտրային  հակամշակույթը

-Բիզնեսի համար կա՞ն սրբություններ: Մշակույթը համեղ պատառ է, ինչպե՞ս կարող է բիզնեսն այդ եկամտաբեր ոլորտն իր տեսադաշտից  դուրս թողնել: Մշակույթը նրբագեղ ծաղիկ է` շատ խոցելի: Մշակույթը նման է այն նոր տնկուն, որին այծերից պաշտպանելու համար մետաղաձողերով ցանկապատում են: Բայց մեր մշակույթը «ուտում են» և՛ «այծերը» և՛ «գիշատիչները»: Իսկ այդ մետաղաձողերի դերը պիտի  պետությունը կատարի, որ պետք է մշակույթն իր  գիրկն առնի  ու փայփայի, քանի որ  դարեր շարունակ  մշակույթն ու եկեղեցին են պահել  ու միաբանել մեր ժողովրդին:  Հայտնի է` երբ մշակույթը վերանում է, վերանում է նաև ազգը: Երբ վերանում է ազգը, մարդը դառնում է վերացական մի արարած, որի համար մեկ է, թե իրեն ուր կքշեն.  ով զորեղ լինի, նա էլ կուլ կտա նրան: Իսկ մշակույթը և՛ զրահ է, և՛ վահան:

Մշակույթը ժողովրդի միաբանությունն է ապահովում և լուսավորելով դարձնում է ազգ:  Առհասարակ, մշակույթը քարոզում է այնպիսի սրբություններ, ինչպիսիք են  սերն ու գեղեցիկը, ընտանիքն ու հավատարմությունը և շատ այլ առաքինություններ: Քանի որ բիզնեսը ղեկավարվում է նյութական աշխարհի բիրտ օրենքներով, նրա համար սրբություն գոյություն չունի: Այսօր բիզնեսը, հակամշակույթ  արտադրելով, հարվածում է բուն մշակույթին` քարոզելով առևտրային  «դյուրամարս» մշակույթ  և արհեստականորեն  պահանջարկ է ստեղծում: Բիզնեսը, իշխելով մշակութային դաշտին, արտադրում է միանվագ օգտագործվող, դեն շպրտելու ենթակա  մի  մշակույթ, ինչպես, օրինակ` այն թղթե կամ պլաստիկ բաժակները,  որոնք  հետո ճմրթում ու  շպրտում են աղբանոց:  Ինչպես չարը, այնպես էլ մեր բիզնեսը սահմաններ չի  ճանաչում: Նա, հանուն իր եկամտի,  կարող է թշնամու հետ համագործակցել` ի վնաս իր ժողովրդի: Օրինակ` այս ճարպիկները ժողովրդին պարտադրում են այնպիսի երաժշտություն, սերիալներ, որոնք ազդում են թմրադեղի պես և գնալով ավելացնում պահանջը:

Ժամանակակից տեխնիկայի կործանիչ ուժը

Նոր սերունդը վտանգված է, քանի որ դարձել է ժամանակակից տեխնիկայի զոհը: Այն, հափշտակելով մարդկանց,  իշխում է նրանց հոգիների վրա: Բախտի հեգնանքով, համակարգիչները ձեռք են բերում մարդկային հատկություններ, իսկ մարդիկ ` ռոբոտային, փոխանակ հակառակը լինի: Այսօր ոչ մի ուսուցիչ ու ծնող չի կարողանում կառավարել երեխայի դաստիարակության ընթացքը, քանի որ ամեն երեխա ինքն է իր դաստիարակը, իսկ իդեալը` բջջային հեռախոսը:   Մշակույթն առանց պետական լծակների ու պետության հոգածության, հնարավոր չէ պատկերացնել,  մանավանդ  մեր  դեպքում, քանի որ, ինչպես գիտենք,  շրջապատված ենք  ագրեսիվ հակամշակույթով, կանգնած ենք անդունդի եզրին: Մատաղ սերնդին պահպանելու համար հզոր ուժ է պետք, իսկ դա պետությունն է: Այսօր այդ սերունդը  բիզնեսի  թիրախն  է դարձել, քանի որ անձի ձևավորման համար կարևոր դեր ունի վաղ տարիքը, երբ ծնողը հանուն երեխայի  պատրաստ է զոհաբերելու ամեն ինչ, միայն թե  նրանք կայանան, սոցիալականացվեն, մտնեն կյանք: Եվ հենց այստեղ է, որ խեղաթյուրվում  է նրանց դաստիարակությունը:  Հենց դրանից էլ օգտվում է բիզնեսը, որը մեր երեխաներին դարձրել է  իր հաճախորդը: Եթե սննդի բաղադրությունն են ապականում, որն անմիջապես վնասում է առողջությունն ու  մահացու է, ի՞նչ եք կարծում, նրանց համար մի  ջութակն ի՞նչ է, որ լարից չգցեն: Եթե բիզնեսմենը երեխայի առողջությունը չի խնայում,  էլ  ի՞նչ  մարդ: Դոստոևսկին ասում է. «Տիեզերքը չարժե երեխայի մի արցունքը»: Բայց այսօր երեխաների նկատմամբ անհոգությունն ահագնացել է  թե՛ սննդի և թե՛ դաստիարակության ու մշակույթի մատուցման հարցում: Մեծ չարիք գործողը շատ հեշտությամբ փոքր չարիք կգործի, ինչը և անում են:

Սիրամարգից անցում դեպի սոխակ

Ռոմեն  Ռոլանն  արվեստի մասին պատվիրաններ ունի, դրանցից մեկն այս է.  «Եթե չես կարող երգել`  լռիր»:  Մեզ մոտ հակառակն է.  ով չի կարողանում լռել, երգում է: Քանի որ երգը նույնպես բիզնես են դարձրել, նաև ինքնահաստատման միջոց, մանավանդ կանանց շրջանում, բարեմասնությունները ցույց տալու խնդիր կա, փառասիրությունն է գլուխ բարձրացրել: Ապրելը դժվարացել է, նյութական ապահովության խնդիր կա, իսկ երգիչ դառնալու ճանապարհը հեշտացել է:  Թվում է, թե  եթե բերան ունեն, կարող են երգել: Նախկինում երգելու համար ձայն էր հարկավոր, իսկ այսօր` բարձրախոս: Ցանկացած սիրամարգի ձայն (ի դեպ, այս հավքը,  լինելով ամենագեղեցիկը, ունի ամենավատ ձայնը) մեր օրերի համակարգչով կարելի է սոխակ դարձնել:

Երգելը դարձել է զանգվածային ձեռնածություն` մանիպուլյացիա, դա նույնպես մտնում է մշակութային բիզնեսի մեջ, հատուկ զոմբիացում է  տեղի ունենում.   մարդը երգելու տրամադրություն չունի և  հանկարծ առավոտյան արթնանում է  ու ցանկանում է երգել: Սա նույնպես հակամշակույթի  զավեշտներից է: Վատառողջ, չար ուժերի աստեղային ժամն է: Ինչպես աղբի մեջ հիվանդածին բակտերիաներ են  զարգանում, այնպես էլ  մշակութային աղբի մեջ զարգանում է հակամշակույթը:  Հայտնի է, որ սոցիալական բախումների ժամանակ և անցումային շրջաններում տեղի են ունենում  վայրիվերումներ, արժեքային սանդղակի կործանում և արժեքների վերագնահատում:  Այսօր մենք ապրում ենք այդ խառնիճաղանջ իրավիճակում, առայժմ հաղթում է կեղծիքը: Բայց Աստված այսպես չի թողնի, տիեզերքը ստեղծվել է սիրուց, և այդ սերը կհաղթանակի, խավարից դուրս կգանք դեպի լույս, ահա սա է մեր կյանքի ընթացքը` տառապանքի միջով դեպի երջանկություն, փշերի միջով դեպի աստղեր: Սա դասական ընթացք է, ոգու հաղթանակ նյութի նկատմամբ, մշակույթի հաղթանակ հակամշակույթի նկատմամբ:

Անկուլտուրական կուլտուրան

Կուլտուրան պետք է կուլտուրական լինի, այսօր մեր կուլտուրան կուլտուրական չէ: Ինչպես ասում է Նժդեհը. «Կուլտուրան, եթե ազգային չէ, կուլտուրա չէ, այնպես, ինչպես, եթե ազգը կուլտուրական չէ, ազգ չէ»: Բայց հայ ժողովուրդն ունի վիթխարի մշակույթ, որին ցանկացած ժողովուրդ կնախանձեր, մեր  ոսկե դարի ահռելի կուտակումները անհետ չեն մնա: Մենք կլինենք կուլտուրական ազգ, ինչպես փափագում էր Նժդեհը: Ես ապավինում եմ մեր պետության ողջամտությանն ու ժողովրդի առաքելությանը: Հայ ժողովուրդը համայն մարդկության առջև առաքելություն ունի`  որպես  հնագույն ժողովուրդ, առաջին քրիստոնյա ժողովուրդ. մենք պատասխանատու ենք համայն մարդկության համար:

Որտե՞ղ են մեր օրերի փիլիպոսները

Ժամանակին մեծերից մեկն ասել է. «Արվեստագետը մի արարած է, որի շուրթերն այնպես են կառուցված,  որ երբ նրան հարվածում են, նա ցավից ճչում է,  և այդ ճիչը մի գեղեցիկ երգի է վերածվում: Եվ ժողովուրդն ասում է` շարունակեք ծեծել, մենք ուզում ենք լսել այդ քաղցր երգը»: Արվեստագետը այն գործիչն է, ով կրելով  նախնյաց ոսկեղենիկ մշակույթը, պահպանում ու շենացնում  է այն` փոխանցելով  գալիքին: Արվեստագետն այն գործիչն է, ով պարբերաբար պետք է պետական այրերին հիշեցնի,  թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Ալեքսանդր Մակեդոնացու հայրը` Փիլիպոսը, հատուկ վարձատրում էր մեկին, որ իրեն ամեն օր հիշեցներ .«Փիլիպոս, հիշիր, որ դու  մարդ ես»: Արվեստագետը այն մարդն է, ով պետք է  հիշեցնի, որ  մարդ ենք, տարբերությունն այն է, որ  նրան այդ հիշեցման համար Փիլիպոսը վճարում էր , իսկ մեզ այդ հիշեցման համար չեն վճարում: Արվեստագետը մոմի նման  է` ինքնայրվելով  լուսավորում է շրջապատը:

Դիտվել է 2326 անգամ:
Print Friendly

Leave a Reply