Նևրոզներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 26, 2010 9:53

– Գիտե՞ս, էն ընկերուհիս, որ նևրոզ ուներ, հիմա ամուսնանում ա, – մի քանի օր առաջ ասաց գործընկերս:

– Ո՞ր ընկերուհիդ:

– Չես հիշո՞ւմ, պատմած կլինեմ, մի ժամանակ Թիֆլիսում էր ապրում, մի օր զենքով վրան հարձակվել էին, շատ էր վախեցել… Հետո էլ եկավ Երևան, սովորելը, անձնական կյանքը դժվար էին, միշտ սթրեսների մեջ էր… Մի խոսքով, նևրոզ սկսվեց: Տարան էն նևրոզների ցենտրը, բուժվում էր…

Զարմացած էի: Չգիտեի, որ երիտասարդ տարիքում նևրոզներ են լինում, ու չգիտեի, որ նևրոզները այդքան մեծ տարածում ունեն Հայաստանում:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում հոգեկան խանգարումներ և նյարդային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը շարունակում է աճել: Եթե 2003 թ. գրանցվել է ընդամենը 4800 հոգեկան խանգարում ունեցող մարդ, ապա 2007-ին նրանց թիվը հասել է 6900-ի: Նյարդային համակարգի հիվանդությունների թիվը էլ ավելի է աճել. եթե 2003-ին 36100 դեպք է գրանցվել, ապա 2007-ին հիվանդների թիվը գրեթե եռապատկվել է և կազմել 84600:

Նևրոզների կլինիկայի հոգեբան, Կրթության միջազգային ակադեմիայի դասախոս, դոցենտ Ռուզաննա Ղարիբջանյանն ասում է, որ վերջին շրջանում աճել է նևրոզներով դիմողների թիվը:

Նևրոզ եզրույթը բժշկության մեջ 1776 թ. առաջին անգամ կիրառել է շոտլանդացի բժիշկ Վիլյամ Կուլլենը: «Նևրոզ» բառն առաջացել է հունարեն «neuron» բառից, որը նշանակում է «նյարդ», և «osis» վերջածանցից, որ նշանակում է «հիվանդություն»: Ինչպես բացատրեց հոգեբանը, նևրոզը «ֆունկցիոնալ խանգարում է, որն ունի հոգեծին բնույթ»: Նևրոզի հիմքում ընկած են ծանր հոգեկան տրավմաները, չհանգուցալուծված կոնֆլիկտները կամ էլ հոգեհուզական գերլարվածությունը: «Սովորաբար,  նևրոզը ձևավորվում է երկարատև լուծում չգտած սթրեսների հետևանքով: Երբ մարդը գիտացում է իր խնդիրների էությունն ու նշանակությունը, սակայն չի կարողանում դրանց լուծումը գտնել, այդ խնդիրները հաճախ սթրեսների և ներքին պայքարի պատճառ են դառնում, ինչից էլ կարող է սկիզբ առնել նևրոզը»:

Այդ խնդիրները կարող են տարաբնույթ լինել. ընտանեկան, աշխատանքային, կենցաղային, սոցիալական և այլն: Հնարավոր է նաև, որ մարդը, հայտնվելով ինչ-որ նոր իրադրության մեջ, չկարողանա հարմարվել, և այս պատճառով նրա մոտ կարող են ձևավորվել զանազան հոգեբանական խնդիրներ:

Ըստ Ղարիբջանյանի, նևրոզները ավելի հաճախ են հանդիպում զարգացած երկրներում, որտեղ կյանքի տեմպը չափազանց բարձր է, և մշտապես «չհասցնելու» խնդիր կա:

Իսկ ինչու՞ են նևրոզներն այսքան տարածված Հայաստանում: Հոգեբանն ասում է, որ նևրոզների առաջացմանը նպաստում են համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որն ազդում է մարդկանց հոգեկան վիճակի վրա, սոցիալ-տնտեսական խնդիրները, Լեռնային Ղարաբաղի հարցը… Բացի այդ, հայերին վերջերս շատ են հուզում Նիբիրու կոչված մոլորակի և ,այսպես կոչված, «աշխարհի վերջի» մասին նորությունները` դառնալով նոր սթրեսների և անհանգստությունների պատճառ: Ամփոփելով, կարելի է ասել, որ այնտեղ, որտեղ անորոշություն կա, կարող են տեղ գտնել տագնապով և վախով լի հոգեվիճակներ:

Նևրոզները արդի ժամանակաշրջանում «տարիք չեն հարցնում», սակայն մարդիկ առավել խոցելի են դառնում ճգնաժամային տարիքներում (3-7, 12-16, 35-48):

Դպրոցական շրջանում, մանավանդ 6-7 տարեկանում, երբ երեխան նոր է սկսում ուսումնական գործունեությունը, նա առավել հակված է նևրոտիկ վիճակների ձևավորմանը: «Եթե դպրոցում ջերմ ու պատշաճ հարաբերություններ չեն լինում, երեխան հաճախ սթրես է ապրում, ինչի հետևանքով նրա մոտ կարող է նևրոզ ախտորոշվել», – ասում է Ղարիբջանյանը:

Դեռահաս տարիքում կատարվող փոփոխությունները նպաստում են զանազան նևրոտիկ ռեակցիաների ձևավորմանը: «Պատահական չէ, որ դեռահաս տարիքը համարվում է անցումային, բեկումնային տարիք, այս տարիքում պատանիները երբեմն ցուցաբերում են բավական բուռն նևրոտիկ ռեակցիաներ»:

Ըստ Ղարիբջանյանի, նևրոզներից ամենից շատ տուժում են միջին տարիքի մարդիկ, որոնք պատասխանատվություն են կրում և՛ փոքրերի, և՛ մեծերի առջև: «Այս տարիքում մարդը, որպես կանոն, սկսում է վերագնահատել իր անցած ուղին: Եթե դեռահասը մտածում է` «ո՞վ եմ ես, որտե՞ղ է իմ տեղը այս կյանքում», ապա միջին տարիքի մարդը մտածում է` «ի՞նչ եմ արել, ինչի՞ եմ հասել»: Այս հարցերը ստիպում են շատ մտածել և վերլուծել, և եթե վերլուծությունները հօգուտ այդ մարդու չեն լինում, ապա ձևավորվում են ինքնագնահատականի իջեցում, սթրեսների նկատմամբ դիմադրողականության նվազում, և մարդն ասես կորցնում է այն ուժը, որը ուներ ոչ վաղ անցյալում», – ասում է հոգեբանը:

Նևրոզները մի շարք հոգեբանական ախտանշաններ ունեն: Հոգեբանական առաջին ախտանիշներն են`ս փոփոխական կամ մշտական վատ տրամադրությունը, ոչ համարժեք ինքնագնահատականը, մշտական վախի և տագնապի զգացումը, վատ կանխազգացումները, դյուրագրգռությունն ու լալկանությունը: Նևրոտիկ մարդը շատ զգայուն է դառնում սթրեսների, ինչպես նաև լույսի և բարձր ձայների նկատմամբ, խանգարվում է քունը: «Մարդու կյանքի որակը նվազում է, նրան էլ չի ուրախացնում այն ամենը, ինչն անցյալում միշտ դրական լիցքեր էր հաղորդում: Մարդու մեջ սկսում է գերակայել անորոշության զգացումը, իսկ կյանքը կորցնում է իր գունային գամման և ասես իմաստազրկվում է», – ասում է Ղարիբջանյանը:

Ըստ Ղարիբջանյանի, ոմանք կարծում են, որ նևրոզները չեն բուժվում, բայց այս կարծիքը ճիշտ չէ: «Նևրոզը դատավճիռ չէ, այն բուժվում է, ուղղակի պետք է դիմել պրոֆեսիոնալների, որոնք զբաղվում են նևրոզների բուժմամբ: Նևրոզներ բուժելու համար քիչ է լինել բժիշկ կամ հոգեբան կամ լավ իմանալ նյարդային համակարգի կառուցվածքը: Հոգեբանն ու հոգեբույժը պետք է կարողանան ներթափանցել հիվանդի ներաշխարհ, հասկանալ այնտեղ կատարվող փոփոխությունների բնույթը և բացահայտել պատճառահետևանքային կապերը»:

Այսպիսով, նևրոզները հիմնականում բուժվում են հոգեթերապիայի և հոգեկորեկցիայի միջոցով: Որոշ դեպքերում, ինչպես նշում են բժիշկները, հարկ է լինում նաև դեղորայքային բուժում: Ըստ հոգեբանի` բուժումը և դրա արդյունավետությունը ամենից հաճախ կախված են հենց հիվանդից, նրա անձի առանձնահատկություններից. եթե մարդը գիտակցաբար է մոտենում խնդրին, եթե լավատես է, ապա բավականին արագ կապաքինվի: Եվ ընդհակառակը, ծանր, կասկածամիտ, վատատես բնավորություն ունեցող մարդկանց դեպքում նևրոզները ավելի երկար են ձգձգվում, քանի որ հոգեբանական արգելքներ կան:

«Ճիշտ մոտեցումը խնդրին և բուժմանը հնարավորություն է տալիս մարդուն ոչ թե ժամանակավոր մոռանալու իր խնդիրների մասին, այլ հիմնովին լուծելու դրանք», -հավատացնում է հոգեբանը:

Դիտվել է 10715 անգամ:
Print Friendly

Leave a Reply