Հաջորդ շրջանը կկայանա հոկտեմբերին Երևանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 22, 2010 15:27

Վանաձորում ավարտվեց  Հայաստանի հանդբոլի պատանիների առաջնության առաջին շրջանի մրցաշարը, որին մասնակցեցին այս մարզաձևի մեր երկրի կենտրոնների 9 թիմեր:  Բացառություն էին կազմել միայն Գյումրիի ներկայացուցիչները: Դժվար է ասել, թե պատճառը որն է, սակայն կատարվածը ցավալի է, քանի որ հանդբոլը Գյումրիում ավանդույթներ ունի և ներկայումս էլ այդ քաղաքում խմբեր են գործում: Ինչևէ, թիմերը տեղաբաշխվել էին երկու խմբերում, պայքարը լարված բնույթ կրեց: Թե որ թիմն ինչ տեղ է զբաղեցրել, պարզվեց վերջին հանդիպումների ավարտից հետո: Գրանցվեցին այսպիսի արդյունքներ`Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոց-Նորք-Մարաշ` 18:3, Խաղերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոց (ԽՄՕՄ)-Արցախ`9:18, Արցախ-Վանաձոր` 13:8, Ալավերդի-Գեղարքունիք` 8:15, Աջափնյակ-Շենգավիթ`24:30: Առաջին խմբում առաջին տեղը գրավեց Վանաձորի թիմը` 8 միավոր: Ապա հաջորդեցին Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի (6), Արցախի (4), Նորք-Մարաշի (2), ԽՄՕՄ-ի (0) հավաքականները: Երկրորդ խմբում լավագույն ցուցանիշն ունի Շենգավիթի հավաքականը (6): Այս թիմին հաջորդում են  Աջափնյակի (4), Գեղարքունիքի (2), Ալավերդիի (0) ներկայացուցիչները: Հոկտեմբերին Երևանում կկայանա Հայաստանի հանդբոլի պատանիների առաջնության երկրորդ շրջանի մրցաշարը: Խմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները Հայաստանի առաջնության պարգևները կվիճարկեն եզրափակիչ մրցաշարում, որը նույնպես կանցկացվի Երևանում:

Քանի որ հաջորդ տարի մեր 16-17 տարեկանների հավաքականը միջազգային ստուգատեսի` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի  է մասնակցելու, ապա վանաձորյան մրցաշարի ավարտից հետո կազմավորվեցին 14 և 15 տարեկան պատանիների հավաքականները (15-ական խաղացողով), որոնք ընկերական հանդիպում անցկացրին: Խաղն ավարտվեց 28:28 հաշվով: Դա էլ հերթափոխի ուժերի յուրօրնակ ստուգում հանդիսացավ:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply