Գազի գինը ոչ թե 132 դրամ է, այլ ավելին,

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 23, 2010 9:56

քանի դեռ գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական     սպասարկումը պարտադիր կատարման նորմ է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշմամբ բնակչությանը մատակարարվող 1 խմ գազի սակագինը սահմանվեց 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն, ինչը դժգոհությունների լայն ալիք բարձրացրեց բնակչության շրջանում: Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ 2007 թ. կեսերից սկսած գազասպառողները պարտավոր են նաև վճարել գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկման վարձ (մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում` տարեկան 2400 դրամ, երկուսի դեպքում` 5700, իսկ երեք և ավելիի դեպքում` 6900 դրամ), ապա ստացվում է, որ Հայաստանում գազի գինը ոչ թե 132 դրամ է, այլ ավելին:

Մինչև 2005 թ. երրորդ կիսամյակը շուրջ 270 000 բաժանորդների համար սպասարկումն իրականացվում էր տարբեր կազմակերպությունների կողմից:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2005 թ. փետրվարի 9-ի «Գազասպառման համակարգերի անվտանգության ապահովման սկզբունքների մասին» N14Ա որոշմամբ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին գազասպառման համակարգերի սպասարկման աշխատանքների իրականացման համար ճանաչում է պայմանագրային կողմ, որով ընկերությունը պարտավորվում է այդ աշխատանքները կատարել կա՛մ ինքնուրույն, կա՛մ պայմանագրային հիմունքներով իր կողմից ընտրված այլ կազմակերպությունների միջոցով:

Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներին համապատասխան` այդ իրավասությունները «Հայռուսգազարդ»-ի կողմից հանձնարարության պայմանագրով փոխանցվում են «Էյ-Ի-Ջի» ՍՊԸ-ին, որն էլ հանրապետության ողջ տարածքում իրականացնում է գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումը:

Թե ինչու են գազօգտագործող բնակիչները պարտավոր համաձայնագիր ստորագրել` օգտվելու գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններից, տրամաբանական է, որպեսզի ապահովեն իրենց և շրջապատի անվտանգությունը, սակայն այն հարցը, թե ինչու սպասարկման վճարը չի մտնում գազօգտագործման սակագնի մեջ, տանջում է այդ նույն 600 000 սպառողներին:

Ըստ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանի` հարցն անհիմն է, քանի որ ծառայությունն իրականացնող «Էյ-Ի-Ջի» ընկերությունը բազմաթիվ ծախսեր է կատարում. շուրջ 1000 աշխատող է պահում, մի շարք աշխատանքներ է կատարում, որոնք ծախսեր են պահանջում և չեն կարող մտնել գազի սակագնի մեջ: Ինչ վերաբերում է վճարման գումարի չափի որոշմանը, Շուշան Սարդարյանը խորհուրդ է տալիս այդ հարցն ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, քանի որ նրանք են որոշել ծառայության համար գանձվող վճարի չափը:

Հանձնաժողովի մամուլի պատասխանատուի խոսքերով` վճարման գումարի չափը կամայականորեն չի որոշվել, այլ հաշվի է առնվել «Հայռուսգազարդի» ներկայացրած աշխատանքների ծավալն ու բովանդակությունը:

Փաստորեն, գինը հաշվարկվում է` հաշվի առնելով ոչ թե սպառողների եկամուտները, այլ ընկերության շահագործման ծախսերը, ողջամիտ շահույթի ստացման հնարավորությունը և այլն:

Այն հարցին, թե ինչու է գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումը հանձնարարվել «Էյ-Ի-Ջի» ընկերությանը և ոչ թե այլ կազմակերպության, Շուշան Սարդարյանը բացատրում է ընկերության ունեցած ռեսուրսներով, փորձով և որակով: Ըստ նրա, «Էյ-Ի-Ջի»-ի ընտրությունը կատարվել է ոչ թե մրցութային եղանակով, այլ իրենք են դիմել այդ ընկերությանը:

Փոխանակ բողոքելու, որ սպասարկման գումարի չափը բարձր է, «Հայռուսգազարդի» մամլո խոսնակը բաժանորդներին խորհուրդ է տալիս գոնե մեկ անգամ բացել համաձայնագրի գրքույկը և ծանոթանալ կողմերի պարտավորություններին, ըստ նրա` այդ դեպքում շատ հարցեր սպառողների համար պարզ կլինեն: Լավ, բացենք գրքույկը: «Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի» համաձայն` գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման տեսուչները` «Էյ-Ի-Ջի» ընկերության աշխատակիցները, պարտավոր են տարին երկու անգամ այցելել և իրականացնել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում, որը ներառում է գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների արտաքին զննումը, զոդակարերի, պարուրակային միացումների կիպության ստուգումը, գազի արտահոսքի առկայության դեպքում` դրա վերացումը, օդափոխության և այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքների զննումը, անհրաժեշտության դեպքում` ծխաօդատար ուղիների մաքրումը և այլն:

Բաժանորդներն էլ իրենց հերթին պարտավորվում են գազօգտագործող սարքավորումները, օդափոխության համար նախատեսված ուղիները չօգտագործել` որպես ծխատար և գազօգտագործող սարքավորումների փոխարինման կամ ներտնային գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել մատակարարին և այլն:

Այս ամենը պարզ է ու հասկանալի, սակայն կան խնդիրներ, որոնց լուծումը չեն կարողանում տալ ո՛չ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ո՛չ «Հայռուսգազարդ»-ը, ո՛չ էլ «Էյ-Ի-Ջի»-ն:

Օրինակ` հազարավոր բաժանորդներ բողոքում են, որ նախկինում խանութից գնած պոլիէթիլենային կոշտ խողովակները, որոնց միջոցով կատարվել է գազաֆիկացումը, այժմ համարվում են վտանգավոր և անթույլատրելի:

«Մեզ պարտադրում են դրանք փոխարինել նոր, մետաղական խողովակներով,- ասում է մի սպառող,- սակայն հարց է ծագում` եթե դրանք անթույլատրելի էին, ապա ինչու՞ են հայտնվել շուկայում և հանվել վաճառքի, և ո՞վ պետք է հոգա խողովակները փոխելու ծախսերը»:

Շինանյութի ներկրման և վաճառքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի աշխատակիցը, ով խնդրեց չհրապարակել կազմակերպության անունը, վստահեցնում է, որ պոլիէթիլենային խողովակները միանգամայն անվտանգ են, և դրանք  օգտագործում է ողջ Եվրոպան: «Կարծում եմ` դրանց օգտագործման սահմանափակումը չի բխում անվտանգության նկատառումներից»,- ասաց նա,- մենք չունենք մետաղական խողովակներ, քանի որ դրա ներկրումն ու վաճառքն իրականացնում է միայն «Հայռուսգազարդը»: Սակայն, ունենք պոլիէթիլենային խողովակներ և դրանք վաճառելու թույլտվություն` տրված «Շինսերտիֆիկատ» ընկերության կողմից: Եթե դա անթույլատրելի է, ապա ինչու՞ են այդ խողովակները սերտիֆիկացնում»:

«Շինսերտիֆիկատ» ընկերության փորձագետ Մեսրոպ Կարապետյանը նույնպես վստահեցնում է, որ պոլիէթիլենային խողովակները միանգամայն թույլատրելի են ու անվտանգ, իսկ ընկերության լաբորատորիայի վարիչն այսպես է ներկայացնում իրողությունը. «Պարզապես «Հայռուսգազարդը» մենաշնորհ է ստեղծել և միայն իր կողմից ներկրված խողովակներն է ուզում վաճառել, այլ բացատրություն ես չունեմ»:

Նշենք, որ նոր, մետաղական խողովակները մի քանի անգամ թանկ են պոլիէթիլենային խողովակներից:

Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի» ընկերության պարտավորությունների մեջ չի մտնում նախկինում օգտագործված «սխալ» խողովակները նորերով փոխարինելու աշխատանքները: Կազմակերպության աշխատակիցը արձանագրում է խախտումը, իսկ խողովակների գնման, տեղադրման ծախսերը հոգում է բաժանորդը:

Փաստորեն, սպառողը ստիպված է փոխել խողովակները` ծախսելով մի քանի անգամ ավելի գումար, ժամանակ ու նյարդեր: Չփոխել չի կարող, ակտ կկազմեն ու կանջատեն գազը:

Ինչպես նշում է «Էյ-Ի-Ջի» ընկերության գլխավոր ճարտարագետ Պապին Հերգնյանը, կազմակերպությունը պարտավոր չէ իր հաշվին շտկել սպառողների ինքնագործունեության հետևանքով առաջացած սխալները. «Մենք, առանց այն էլ, մեր ուսերին ենք վերցրել պարտավորություններ, որոնք պայմանագրով նախատեսված չեն,- ասում է նա,- օրինակ, հաշվի առնելով բնակիչների դժգոհությունները, շատ դեպքերում ինչ-ինչ դետալներ, մասեր մենք մեր կազմակերպության միջոցներով ենք փոխում»:

Պարոն Հերգնյանը նորմալ է համարում սպասարկման գումարի չափը` նշելով, որ կազմակերպությունն իրականացնում է 17 ծառայություն, ունի 44 տեղամաս և շուրջ 1000 աշխատակից: Նա մասնավորապես կարևորում է բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքերի և անջատիչ կափույրների տեղադրումը, ինչը հնարավորություն է տալիս կանխելու հնարավոր վտանգը:

Ինչ վերաբերում է սպառողների այն բողոքներին, որ «Էյ-Ի-Ջի» ընկերության փականագործները չեն կատարում իրենց պարտականությունները, ապա Հերգնյանը հավատացնում է, որ իրենք այդ խնդիրները լուծելու լուրջ մեխանիզմներ են մշակում. «Մենք բոլորին հայտարարում ենք, որ եթե փականագործը իր պարտադիր երկու այցը չի կատարում կամ չի ներկայանում կանչի դեպքում կամ ներկայանում է առանց համազգեստի և առանց գործիքների, չի կատարում համաձայնագրում նշված պարտականությունները և այլն, ապա բաժանորդը կարող է չվճարել սպասարկման վարձը և դիմել մեզ»:

Ըստ նրա` սպառողներն իրենք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները և նախքան սպասարկման աշխատանքների կատարման վերաբերյալ ակտը ստորագրելը, պահանջեն աշխատակիցներից կատարել պարտականությունները:   Նրա ներկայացրած տվյալներով, անցյալ տարի ավելի քան 200 փականագործ է ազատվել աշխատանքից, որոնց մեծ մասը` պարտականությունները թերակատարման պատճառով:

Այսօր արդեն փականագործներն աշխատանքի ընդունվելիս համապատասխան քննություն են անցնում և տարին մեկ անգամ վերապատրաստվում: «Էյ-Ի-Ջի» ընկերությունն ունի նաև գործարար վարվեցողության կոդեքս, որով պետք է առաջնորդվեն ընկերության բոլոր աշխատակիցները: Մասնավորապես, հաճախորդների հետ փոխհարաբերություններում ընկերության աշխատակիցները պարտավոր են ցուցաբերել բարեխղճություն, ազնվություն, արհեստավարժ գործելաոճ, աշխատանքի ընթացքում հաճախորդի մասնագիտական հետաքրքրություններն ու պահանջները բավարարելու պատրաստակամություն, գազասպառող բաժանորդի տեսակետն անընդունելի համարելու պարագայում` կոռեկտ և հիմնավոր փաստարկներ ներկայացնելու կարողություն  և այլն:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը հավաստում է, որ գազօգտագործման անվտանգության հետ կապված խնդիրները վերջին երկու տարիներին համեմատաբար նվազել են: «Նույնն են մնացել միայն վճարման հետ կապված բողոքները, թե ինչու սպասարկման վճարը չի մտնում գազի սակագնի մեջ»,-ասում է Եղոյանը:

Սպառողներից մեկն ասում է. «Երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մի քանի դրամով իջեցրեց գազի սակագնի բարձրացումը, ամեն օր այդ մասին բարձրաձայնվում էր, սակայն ոչ ոք չէր փաստում, որ գազի գինը ոչ թե 136 դրամ է, այլ ավելին, քանի որ մենք պարտավոր ենք վճարել նաև սպասարկման վարձ»:

ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է, որ երկրի ողջ տարածքում իրականացնում է գազասպառման կենցաղային համակարգերի անվտանգությանն ուղղված այսպիսի լայնամասշտաբ ծրագիր: Սա ողջունելի է և ուրախալի: Սակայն այն փաստը, որ սպասարկումն իրականացվում է «Հայռուսգազարդի» կողմից ընտրված միայն մի կազմակերպության միջոցով, մտավախություն է առաջացնում, որ այն կարող է վերածվել մենաշնորհի:

Հարկ չկա տնտեսագետ լինելու, որպեսզի հասկանաս, թե ինչքան կարևոր է դաշտում ազատ մրցակցային պայմաններ ստեղծելը. նախ` բնակիչը ընտրություն կատարելու հնարավորություն կունենա, սպասարկման գներն էլ կարող են իջնել:

Ի դեպ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լրատվական բաժնի ղեկավար Մարիամ Ստեփանյանը հայտնեց, որ հնարավոր է` ջրամատակարարման ոլորտում նույնպես սպասարկման վճարովի ծառայություն ընդգրկվի: Սակայն դա, ի տարբերություն գազի, պարտադիր չի լինի, քանի որ ջրային համակարգի անվտանգ գործունեության խափանումը մահացու վտանգ չէ բնակչության համար:

Դիտվել է 2868 անգամ:
Print Friendly

Leave a Reply