Բացի ռուսերենից, բոլոր առարկաների միավորներն ամփոփված են. 18 000 դիմորդներից 20 միավոր են ստացել 185 հոգի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2009 13:32

QnnutyunՄիասնական և ավարտական քննություններն ավարտվել են. այս տարվա 48 000 շրջանավարտները և պետական բուհերի շուրջ 18 000 դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», Բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»), «Հայոց պատմություն» (Նաև «Ընդհանուր պատմություն») առարկաներից:

Առաջիկայում կկազմակերպվեն լրացուցիչ միասնական քննություններ, որին կկարողանան մասնակցել սփյուռքահայ դիմորդները, հարգելի պատճառով քննություններին չներկայացածները և մինչ քննաշրջանը քննության հայտ չներկայացրածները: Լրացուցիչ ավարտական քննություններին կկարողանան մասնակցել բոլոր նրանք, ովքեր ավարտական քննությունից (Ա տարբերակից) չեն հավաքել բավարար միավորներ (7,5-ից ցածր):

Հուլիսի 15-26-ը տեղի կունենան նաև կենտրոնացված բուհական քննություններ` հայոց և օտար լեզուների բանավոր քննություններից և լրագրողների մասնագիտական «Ստեղծագործական մրցույթ» առարկաներից:

Մոտ 20 օր տևած քննաշրջանը բազմաթիվ բողոքների ու հակասությունների տեղիք տվեց. որոշ ծնողներ անգամ բաց նամակով դիմեցին նախագահին` խնդրելով փոփոխել քննական կարգը, ոմանք էլ առաջարկում էին իջեցնել նվազագույն միավորի շեմը: «Նվազագույն միավորի շեմը 7.5-ն է, որը կլորացվելով հօգուտ դիմորդի` դառնում է 8, և այն չի փոխվի»,-ի պատասխան ծնողների հարցադրման հայտարարել էր կրթության նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից այս տարի միասնական քննություն է հանձնել 12. 196 դիմորդ, միջին գնահատականն է եղել 11,4 բալը, 20 միավոր է ստացել 20 հոգի: «Մաթեմատիկայից» միասնական քննություն է հանձնել 9.806 դիմորդ, միջին գնահատականը 10,8-ն է, առավելագույն 20 գնահատական է ստացել 2 դիմորդ:

«Անգլերենից» միջին գնահատականը 13,9 է, 20 միավոր է ստացել 7.929 դիմորդներից 103-ը, «Ֆրանսերենից» 429-ը քննություն հանձնողից 20 է ստացել 4-ը, միջին գնահատականը 16,5 է:

«Կենսաբանություն» առարկա հանձնած 1.756 դիմորդների միջին գնահատականը 11,7-ն է, արձանագրվել է ընդամենը 1 առավելագույն 20 միավոր, «Ֆիզիկա» հանձնած 4. 537 դիմորդների միջին գնահատականն է 10,1-ը, 20 միավոր է վաստակել 9 դիմորդ: «Քիմիայի» քննություն հանձնած 1.271 դիմորդների միջին գնահատականը 11,3 է, 20- է ստացել 2 հոգի, իսկ «Հայոց պատմություն» առարկան հանձնած 3.324 դիմորդների միջին գնահատականը 13,3 է, 20 է ստացել 44 անձ:

Իսկ «Ռուսերենի» գնահատականները պարզ կդառնան 4 օրից:

Դիտվել է 2141 անգամ:
Print Friendly

Leave a Reply