Անբավարարներ արտաքին ընթացիկ գնահատումներից.ԿԳ նախարարը չի շտապում գնահատել իրավիճակը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 22, 2010 15:06

Դասաժամ Երևանի թիվ 132 դպրոցում

Դպրոցներում իրականացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքներն ամփոփված են. քիմիայից անբավարար է ստացել աշակերտների 62%-ը, ֆիզիկայից՝ 31%-ը, կենսաբանությունից՝ 35%-ը, աշխարհագրությունից՝ 44%-ը, գերմաներենից՝ 74%-ը և այլն:

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը համարում է, որ արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները ընդհանուր առմամբ շատ վատ են:

Արտաքին ընթացիկ գնահատումներն ուսումնական տարվա ընթացքում իրականացվում են 2 անգամ՝ 8-րդ դասարանում՝ բնագիտական առարկաներից (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն), 10-րդում՝ օտար լեզուներից (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն), 9-րդ և 11-րդ դասարաններում՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն և մաթեմատիկա առարկաներից: Արտաքին ընթացիկ գնահատումների նպատակը աշակերտների գիտելիքները և կրթության որակը պարզելն է, և որպես կանոն, դրանք չեն ազդում աշակերտների կիսամյակային գնահատականի վրա:

Այսուհետ տարվա ընթացքում արտաքին ընթացիկ գնահատումներ կիրականացվեն չորս անգամ: Բացի այդ, գնահատումը կիրականացնի ԳԹԿ-ն՝ յուրաքանչյուր մարզում առանձին (նախկինում սահմանվում էր գնահատման միասնական օր, և ԳԹԿ տրամադրած թեստերով դպրոցներն իրենք էին իրականացնում արտաքին գնահատումը): «Սա գործընթացն ավելի արդյունավետ վերահսկելու և հավաստի արդյունքներ ունենալու հնարավորություն կտա»,- ասում է Խաչատրյանը:

Գուրգեն Խաչատրյան.«Արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները վատ են»

ԳԹԿ-ն այս տարի արտաքին ընթացիկ գնահատում է իրականացրել Սյունիքի մարզում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն ու Ավան համայնքներում: Ընդհանուր առմամբ, ԳԹԿ-ի իրականացրած արտաքին գնահատումներին մասնակցել է 40 դպրոցի 7600 աշակերտ: Խաչատրյանն ասում է, որ առաջադրանքները կազմել են ԳԹԿ աշխատակիցները: Դրանցում ներառված են եղել ինչպես կարճ, այնպես էլ ընդարձակ ընտրովի պատասխաններ պահանջող հարցեր: «Այս քննությունը միասնական-ավարտական քննություններից տարբերվում է հենց ընդարձակ պատասխան պահանջող հարցերով: Այս աշխատանքների ստուգմանը նաև մասնակցում է հանձնաժողովը»:

Արտաքին ընթացիկ գնահատումներին աշակերտների մասնակցությունը բարձր է եղել, արձանագրվել է 90%-ի  ներկայություն:

Ըստ Խաչատրյանի` համեմատաբար բարձր գնահատականներ են արձանագրվել հայոց պատմություն (միջին գնահատականը 5,1 է) և մաթեմատիկա (միջինը` 9-րդ դասարանում  հանրահաշիվ` 4,0 և երկրաչափություն` 5,2, 11-րդում` հանրահաշիվ` 5,7, երկրաչափություն` 5,4) առարկաներից: Իսկ քիմիա, աշխարհագրություն, ֆիզիկա, հանրահաշիվ, ֆրանսերեն առարկաներից 9 և 10 գնահատական չի եղել (համապատասխանում է 5 բալանի համակարգի «5» գնահատականին):

Համեմատաբար բարձր գնահատականներ են ստացել 11-րդ դասարանցիները (այստեղ հարցումների միջին գնահատականը 5-ից բարձր է): «Սա ավարտական դասարան է, և այստեղ աշակերտները լրջորեն պատրաստվում են միասնական-ավարտական քննություններին»,- ասում է Խաչատրյանը:

ԳԹԿ տնօրենն ասում է նաև, որ գնահատականների վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի և մարզերի դպրոցների կրթական մակարդակը և որակը չեն տարբերվում: Սակայն նա հրաժարվեց մեկնաբանել արձանագրված ցածր գնահատականների հնարավոր պատճառները. «Երևի, եթե բուհերի լավ շրջանավարտներին կարողանանք ապահովել լավ և բարձր վարձատրվող աշխատանքով, դա ազդեցություն կունենա անգամ նախադպրոցական համակարգի վրա»:

Արմեն Աշոտյան.«Առկա փաստերը մտահոգիչ են, և կրթության որակի հետ կապված խնդիրներն ինքներս էլ ենք տեսնում»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով արտաքին ընթացիկ գնահատման վատ արդյունքներին, ասում է. «Չեմ շտապի վերջնական գնահատական տալ: ԳԹԿ-ի ներկայացրած արդյունքների ամբողջական վերլուծություն կանենք, երբ աշխատանքներն ավարտվեն, և ունենանք ամբողջական պատկեր ողջ հանրապետության համար: Առկա փաստերը մտահոգիչ են և կրթության որակի հետ կապված խնդիրներն ինքներս էլ ենք տեսնում»:

Նախարարի խոսքով` եթե ամբողջական տվյալներ ունենալուց հետո պարզվի, որ որոշ առարկաների գծով  վատ արդյունքները համատարած են բոլոր մարզերում,  ուրեմն խնդիրը ծրագրերի, դասագրքերի ու դասաժամերի մեջ է: Իսկ եթե արդյունքները տարբեր լինեն մարզերում, ուրեմն այս դեպքում  ավելի թիրախային մոտեցում կցուցաբերվի:

Աշոտյանը,  սակայն, ասում է, որ Հայաստանը 2003-ին և 2007-ին մասնակցել է չորս տարին մեկ տեղի ունեցող  միջազգային դպրոցական մոնիթորինգին և միջազգային մակարդակով լավ արդյունք է ցույց տվել: «2011-ին Հայաստանն էլի  կմասնակցի միջազգային ստուգատեսին և լուրջ նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացվեն»,- ասում է Աշոտյանը:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Թովմասյանը աշակերտների գիտելիքների ցածր մակարդակը պայմանավորում է տեխնոլոգիական առաջընթացով. «Ամեն տարի նկատում եմ, որ աշակերտների մեջ ավելի ու ավելի է նվազում սերը դեպի ընթերցանությունը, նվազում է նաև ընթերցանության ծավալը, քանի որ աշակերտները նախընտրում են օգտվել  տեղեկատվության այլ աղբյուրներից: Նրանց այսօր ավելի շատ ձգում է համակարգիչը, ինտերնետը»:

Թովմասյանն ասում է, որ  դպրոցը և ուսուցիչը կարող են գրավել աշակերտի հետաքրքրությունը և ուշադրությունը միայն ուսուցման նոր մեթոդներով: «Եթե ուսուցիչը դասը նոր մեթոդներով է վարում, աշակերտն ակամա ներգրավվում է դասապրոցեսում և յուրացնում մատուցված նյութը: Իսկ հին մեթոդը, ըստ որի`  աշակերտները հերթով դասը պիտի պատմեն գրատախտակի մոտ, վաղուց արդեն կիրառելի չէ, աշակերտները նման դասերին ներկա են միայն ֆիզիկապես»: Այդուհանդերձ նա այն կարծիքին է, որ դպրոցի տված գիտելիքների մակարդակը չի նվազել, սակայն ավելացել են պահանջները, ինչով և նա պայմանավորում է արձանագրված ցածր գնահատականները:

Իսկ հայոց լեզվի և գրականության  կրկնուսույց Սուսաննա Պողոսյանը արձանագրված վատ արդյունքների հիմնական պատճառ է համարում դպրոցներում առկա կոռուպցիան: «Դպրոցը հիմա գիտելիք չի տալիս աշակերտին, քանի որ տնօրենն է որոշում, թե ուսուցիչը որ աշակերտին ինչ նշանակի` անկախ նրա ունեցած  գիտելիքների մակարդակից»: Դպրոցում կատարված բարեփոխումներն արդյունք չեն տալիս, քանի որ արմատական չեն: «Կիսաքանդ տունը, եթե մակերեսորեն, դրսից միայն վերանորոգենք, էլի վթարային կմնա»,- ասում է Պողոսյանը:  Նրա   համոզված է, որ  միշտ էլ որոշ աշակերտներ սիրել են սովորել, մյուսները` ոչ.  դա մեծապես կախված է ուսուցչից. «Առարկայի նկատմամբ սերը կախված է ուսուցչից, նյութը մատուցելու ձևից: Շատ են ասում, թե հիմա չեն կարդում, Սևակ, Շիրազ չեն հասկանում, բայց իմ աշակերտները, անգամ տղաները, երբ մանրակրկիտ բացատրում եմ, սկսում են ոգևորված կարդալ հայ դասականներին»:

Քիմիայի ուսուցիչ և կրկնուսույց Ավետիք Պետրոսյանն ասում է, որ իր մոտ հաճախող աշակերտները դպրոցից գալիս են գրեթե գիտելիքների զրոյական մակարդակով:  Նա աշակերտների գիտելիքների ցածր մակարդակի պատճառներից մեկը համարում է մաթեմատիկայի լավ չիմացությունը: «Առանց մաթեմատիկայի իմացության քիմիայի խնդիրներ չես կարող լուծել, իսկ դպրոցականները հիմա անգամ տարրական մաթեմատիկական գործողություններ չեն կարողանում կատարել»: Պետրոսյանը, սակայն, քիմիայից արձանագրված ցածր գնահատականների հիմնական  պատճառը համարում է դասագրքերի և դասաժամերի անհամապատասխանությունը:  «Նոր դասագրքերը շատ բարդ են գրված, աշակերտը ինքնուրույն ոչինչ չի կարող սովորել: Իսկ դպրոցական դասաժամերը շատ քիչ են և ուսուցիչը չի կարող և՛ դաս հարցնել, և՛ մանրակրկիտ բացատրել առանց այդ էլ խիտ ծրագրի բոլոր թեմաները»,- ասում է Պետրոսյանը` հավելելով, որ 10-րդ դասարանի ծրագիրն իր դիմորդների հետ պարապում է շաբաթական 4 անգամ` երեքական ժամով, մինչդեռ դպրոցում շաբաթական մեկ դասաժամ է հատկացվում քիմիային:

Չնայած արտաքին ընթացիկ գնահատման ամենաբարձր արդյունքը գրանցվել է մաթեմատիկայից, սակայն մաթեմատիկայի կրկնուսույց Սուսաննա Մանուկյանն ասում է, որ դպրոցն աշակերտներին մաթեմատիկայից գիտելիքներ չի տալիս: «Անհնար է, որ բոլորը ծույլ կամ չսովորող լինեն: Իսկ պարապելու եկող բոլոր աշակերտները մաթեմատիկայից տարրական գիտելիքներ անգամ չունեն»,- ասում է նա` գիտելիքների ցածր մակարդակի հիմնական պատճառը համարելով դասագրքրերը:

Դիտվել է 3142 անգամ:
Print Friendly

Leave a Reply