Մաքրվում են Գետառ և Ողջաբերդ գետերի հուները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 22, 2010 13:36

Արդեն 10 օր է` Երևանում մեկնարկել են Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքները: Գործընթացն իրականացվելու է Երևանի վարչական 5 շրջաններում` Նոր Նորք, Ավան, Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ: Նոր Նորքում Գետառի հունը մաքրելու աշխատանքներն արդեն ավարտվել են: Այստեղ գործընթացն իրականացվել է Մյասնիկյան պողոտայի հատվածում: Մաքրվել է 450մ տարածք:
Այժմ աշխատանքներն ընթանում են Ավան և Էրեբունի վարչական շրջաններում:

«Գարնանային հեղեղումներից խուսափելու համար տրվել է հանձնարարական մաքրել Գետառ և Ողջաբերդ գետերի հուները: Այն հատվածներում, որտեղ տեխնիկան չի աշխատում, մաքրման աշխատանքներն իրականացվում են ձեռքով, մնացած մասերում` հատուկ տեխնիկայով: Կուտակված աղբը տեղափոխվում է քաղաքային աղբավայր»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը:

Ավան վարչական շրջանում Գետառի երկարությունը 3020 մ է: Գետի հունն այժմ մաքրվում է Աճառյան և 6-րդ փողոցների հատման մասում: Ավան վարչական շրջանի սանմաքրման ընկերության տնօրեն Ալեքսան Հարությունյանն ասում է, որ այստեղ աշխատանքները մոտ 50 տոկոսով ավարտված են: Ավելի քան 15 երթ աղբ է տեղափոխվել տարածքից: Տնօրենը վստահեցնում է, որ հունը մաքրելու գործը կավարտվի մինչև ապրիլի վերջը:

Էրեբունի վարչական շրջանում շուրջ 5200 մետր երկարությամբ հոսում է Ողջաբերդ գետը: Վարդաշենի երկրորդ փողոցի մի հատվածում գետի հունն արդեն մաքրված է, մյուս հատվածում աշխատանքներն ընթացքի մեջ են: Գետի երկայնքով հիմնականում սեփական տներ են: Հենց այստեղի բնակիչների թեթև ձեռքով էլ գետը հաճախ վերածվում է աղբավայրի: Սա բնակիչներն իրենք են խոստովանում: «Ժողովուրդը, բնակիչներն իրենք պիտի շնորհք ունենան, աղբը գետը չգցեն: Իրենք տալիս են երեխեքի ձեռքը, նրանք էլ ալարում են հասցնել աղբամանի մոտ, գցում են գետը, ամոթ չի՞»,- ասում է բնակիչներից մեկը:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ վարչական շրջաններին հանձնարարված է արձանագրել և համապատասխան պատժամիջոցներ կիրառել աղբը ոչ սահմանված վայրում թափելու համար:
Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը՝ Շուտով Գետառի հունի մաքրման աշխատանքները կմեկնարկեն նաև Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում:

Դիտվել է 2081 անգամ:
Print Friendly

Leave a Reply