Իրանի իշխանությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրում են երկրի ներքին գործերին միջամտելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2009 13:19

LavrovԻրանի ներքին գործերի նախարարությունն ընդդիմության առաջնորդ Միրհոսեյն Մուսավիից պահանջել Է դադարեցնել բողոքի ակցիաները. հակառակ դեպքում նրան դատական հետապնդում Է սպասում: Իշխանության ներկայացուցիչները համարում են, որ Թեհրանում տեղի ունեցող զանգվածային ելույթները սպառնալիք են ազգային անվտանգությանը:

Մինչդեռ ցույցերի մասնակիցները շարունակում են լրագրողներին տեսագրություններ ուղարկել հանրահավաքները դաժանորեն ցրելու վերաբերյալ: Թեհրանի ԶԼՄ-ների տվյալներով` բողոքի ակցիաների ճնշման ընթացքում 13 մարդ Է զոհվել, սակայն ընդդիմության աղբյուրները խոսում են առնվազն հարյուր զոհվածների մասին:

Իրանի իշխանությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին մեղադրում են երկրի ներքին գործերին միջամտելու համար:

«Պան Գի Մունը որոշ ուժերի ազդեցության ներքո կարևորություն չի տալիս Իրանում կայացած ընտրությունների իրողություններին, նրա դիտողությունները, անտարակույս, հակասում են նրա պարտականություններին և ակնհայտ միջամտություն են Իրանի պետական գործերին»,- ասել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Գաշգավին:

Երեկ Պան Գի Մունը կոչ էր արել Իրանի քաղաքական ուժերին դադարեցնել բռնարարքներն ու ձերբակալությունները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ էր արել Իրանի իշխանություններին` հարգել քաղաքացիական ու քաղաքական հիմնարար իրավունքները, հատկապես խոսքի ազատությունը, ժողովների ազատությունը և տեղեկատվության ազատությունը:

Իրանում ստեղծված իրադրության կապակցությամբ Պան Գի Մունը կոչ էր արել կառավարությանն ու ընդդիմությանը` տարաձայնությունները լուծել խաղաղ երկխոսության միջոցով և իրավական մեթոդներով:

b-k_moonԻսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է այն պնդումները, թե Իրանի նախագահական ընտրություններում Մոսկվան իբր ցուցադրաբար պաշտպանել է Մահմուդ Ահմադինեժադին: «Ռուսաստանը ցուցադրաբար ոչինչ չի անում»,- հայտարարել է նա Ավստրիայի իր պաշտոնակից Միքայել Շպինդելեգերի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով` ռուսաստանյան կողմն Իրանի նախագահին շնորհավորել է նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարման առթիվ: «Ինչ վերաբերում է ընտրությունների արդարությանը, թափանցիկությանն ու ժողովրդավարական լինելուն, ապա այստեղ հարցերը պետք է լուծվեն իրանական օրենքների հիման վրա»,-ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Միաժամանակ Լավրովը մտահոգություն է հայտնել Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում բռնությունների ծավալման կապակցությամբ և կոչ է արել բոլորին` դրսևորել զսպվածություն և չանցնել Իրանում գործող օրենքի սահմանը:

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին այսօր ընդունել Է նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ գանգատներ ներկայացնելու ժամկետը հինգ օրով երկարաձգելու` երկրի Դիտորդական խորհրդի խնդրանքը:

Երեքշաբթի իրանական ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ Դիտորդական խորհուրդը լուրջ խախտումներ չի արձանագրել նախագահական ընտրություններում և մերժել Է ընտրությունների արդյունքները լուծարելու վերաբերյալ նախագահի ընդդիմադիր նախկին թեկնածուների առաջարկը:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply