Ինտերնետը Հայաստանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 22, 2010 12:14

«Circle.am»-ում գրանցված կայքերի այցելությունների քանակը մարտ ամսին կազմել է 10,08 միլիոն, իսկ էջերի դիտումներինը` 51,74 միլիոն: Երկու ցուցանիշներով էլ փետրվար ամսվա նկատմամբ գրանցվել է աճ. այցելություններ` 15,3%, էջերի դիտումներ` 13,4%:

Հետազոտությունները և հաշվարկները ցույց են տալիս, որ արձանագրված աճը հիմնականում պայմանավորված է երկու հանգամանքով` «Circle.am»-ում գրանցված նոր կայքեր և Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման գործընթաց ԱՄՆ-ում:

Մարտի ընթացքում Հայաստանի առաջատար 10 պրովայդերների ցուցակում դասակարգման առումով փոփոխություններ չեն եղել: Ցուցակը կրկին մեծ առավելությամբ գլխավորում է «Beeline»-ը, որի մասնաբաժինն աճել է 0,08 տոկոսային կետով և կազմել 38,56%: Երկրորդ տեղում «Օրանժ Արմենիա»-ն է` 12,38%, աճ 0,11 տոկոսային կետով:

Մոտ ապագայում Հայաստանի մանրածախ ինտերնետի շուկայում աճի տեմպերն, ընդհանուր առմամբ, կլինենցածր: Անցյալ տարվա վերջին և այս տարվա սկզբին արձանագրված կտրուկ աճի տեմպերը չեն պահպանվի:

Բջջային ինտերնետը Հայաստանում դեռևս բավական թանկ է, գումարած դրան` բոլորը չէ, որ իրենց կարող են թույլ տալ iPhone կամ HTC հեռախոսներ: Հետևաբար, չի կարելի սպասել, որ օպերատորների նորամուծությունները միանգամից մեծ տարածում կստանան, սակայն այստեղ կարևորն այն է, որ հայկական ինտերնետում ստեղծվում է զարգացման նոր ուղղություն, ինչը ժամանակի ընթացքում կարտահայտվի կայքերի բջջային տարբերակների և բջջային ինտերնետին բնորոշ այլ ծառայությունների գործարկմամբ:

Ապրիլի սկզբին տեղի է ունեցել Google «PageRank»-երի թարմացում: Ինտերնետի համաշխարհային առաջատար Google ընկերությունը PageRank-ի միջոցով ցուցադրում է տվյալ ինտերնետային ռեսուրսի կարևորությունը: PageRank-ը հաշվարկվում է Google-ի կողմից մշակված հատուկ բանաձևով` 10 բալային համակարգով: 8-ից բարձր` «Էլիտա», 6-7` «Միջինից բարձր կամ կարևոր», 3-5` «Միջին նշանակություն ունեցող», 0-2` «Միջինից ցածր կամ սկսնակներ»:

Զեկույցը պատրաստել են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը:

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply