11 հեռուստաընկերություններ ստորագրեցին էթիկական սկզբունքների խարտիան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 21, 2010 17:05

Աջից՝ Արմեն Ամիրյանը, Մհեր Վարդանյանը և Արամ Հարությունյանը ստորագրում են խարտիան

Այսօր հայաստանյան 16 հեռուստաընկերություններից 11-ի ներկայացուցիչները ստորագրեցին «Հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան»:

Հեռուստաեթերը կարգավորելու կոչված խարտիան հեղինակել է հանրային խորհուրդը: Փաստաթղթն արձանագրում է, որ այն ստորագրած հեռուստաընկերությունները պարտավորվում են .Ապահովել խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելու և ստանալու հնարավորությունը , հասարակության վստահությունը շահելու և լսարան գրավելու համար չկիրառել անբարեխիղճ միջոցներ, այլ մատուցել ճշմարիտ ու արժեքավոր տեղեկություններ` խուսափելով շահագրգիռ գնահատականներից ու պիտակավորումներից, զերծ մնալ հասարակական տարբեր արատները` հանցագործություն, խաղամոլություն, կոռուպցիա, թմրամոլություն, հարբեցողություն, հովանավորչություն և այլ շեղված վարքաձևերը դրական համատեքստում ներկայացնող և դրանց նկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնող հրապարակումներից, դրվատել ազգային միաբանության, ինքնության, պետականության ու ազգային իղձերի մարմնավորում հանդիսացող գաղափարները, խորհրդանիշերը, ստեղծագործություններն ու հերոսներին և այլն:

Խարտիային միացան «ATV», «.Ար», «Դար 21», «Երևան», «Կենտրոն», «Երկիր մեդիա», «Հ1», «Հայ TV», «Հայրենիք», «Շանթ» և «Շողակաթ» հեռուստաընկերությունները:

ՀԽ անդամ, հեռուստատեսության մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Հովիկ Մուսայելյանն ասում է, որ հեռուստատեսության դերը բացառիկ է ազգային արժեքների քարոզման գործում, և հայկական հեռուստաեթերում տիրող իրավիճակը, լուրջ մտահոգությունների պատճառ դառնալով  հանրության մոտ, գրավել է նաև ՀԽ ուշադրությունը:

Մուսայելյանն ասում է, որ  Խարտիան ներառում  է բարոյական և էթիկական սկզբունքներ, որոնք պարտադիր չեն, և հեռուստաընկերությունները կամովի են այն ստորագրում:  «Սակայն պարտադիր չլինելով հանդերձ այս խարտիան պակաս կարևոր չէ, քան օրենքները:  ՀԽ-ն կստեղծի մշտական հանձնախումբ, որը կհետևի հեռուստաընկերությունների կողմից խարտիայի նորմերի կատարման ընթացքին»,- ասում է Մուսայելյանը:  Նրա խոսքով՝  հանձնաժողովում կընդգրկվեն փաստաթուղթը ստորագրած հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: «Այսպիսով հեռուստաընկերությունները կգնան ինքնակարգավորման ճանապարհով»,- ասում է Մուսայելյանը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը մատնանշում  է, որ հեռուստատեսությունը մեծ եկամուտներ ապահովող բիզնես է և միևնույն ժամանակ մարդկանց մտածողությունը փոխելու, գաղափարներ քարոզելու հզոր միջոց: Մանուկյանն ասում է, որ վտանգավոր է թե մեկի, թե մյուսի բացարձակ կիրառությունը և «հեռուստատեսության ոլորտում ստորագրվող խարտիաները կոչված են պաշտպանելու հեռուստաընկերություններին»:

Մանուկյանն ասում է, որ հայկական հեռուստաընկերությունը անկախությունից ի վեր մեծ առաջընթաց է ապրել, սակայն «հեռուստադիտողներ և հաճախորդներ գրավելու մրցակցությամբ տարված  հեռուստաընկերությունները նաև հակազգային և երիտասարդ սերնդին փչացնող ծրագրեր են իրականացնում»: Մանուկյանի կարծիքով՝ խարտիան  կփոխի մրցակցության եղանակները: «Հեռուստաընկերությունները պետք է շահագրգռված լինեն իրար հսկել, այլապես ուրիշները կհսկեն»:

Մանուկյանն ասում է, որ առաջիկա տարիներին հեռուստաընկերությունների ջանքերով կստորագրվեն ավելի որակյալ խարտիաներ:

Երկիր մեդիա հեռուստաընկերության գլխավեր տնօրեն Դավիթ Հակոբյանն ասում է, որ անիմաստ է խարտիայի ստորագրությունը, եթե հեռուստաընկերությունները խոսքից գործի չանցնեն: «Այս խարտիայում ես տեսնում եմ մեր հեռուստաընկերության հայեցակարգը»,- ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ  հեռուստաընկերությունները պետք է հետևեին այդ դրույթներին առանց այս խարտիայի:

Դիտվել է 2246 անգամ:
Print Friendly

Leave a Reply