Ցմահ դատապարտյալների պատժաժամկետը կերկարաձգեն

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 21, 2010 15:23

Ապրիլի 21-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում շարունակվեց 2009թ. նոյեմբերի 27-ին բանտից փախած ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի դատավարությունը:

Դատը  վարում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, մեղադրող կողմը ներկայացնում է դատախազ Հարություն Հարությունյանը:

Դատն ընթանում էր  «Նուբարաշեն» ՔԿՀ դահլիճում, որից բուրում է սովետի հոտը: Առաստաղը անձրևներից ուռած ու ծեփամածիկը թափված էր:  Պատերը հնամաշ էին, իսկ հատակը ճռռում էր: Անկյունում զույգ երկաթավանդակն է, ներսում ՝ Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը:

«Ո՞նց ես»,- Մհերին հարցնում է նրա դատապաշտպան Ռոբերտ Ռևազյանը:  «Վանդակում»,- ժպտում է Մհերը:

Նիստը լուսանկարել լրագրողներին չթույլատրեցին:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ քրեակատարողական հիմնարկում դատն անցկացնելը սխալ ավանդույթ է: «Դա օրենքով նախատեսված բաց դատը վերածում է փակի,- ասում է նա,- որովհետև քրեակատարողական հիմնարկը փակ տարածք է, որտեղ մուտք գործելու համար թույլտվություն է պետք:  Դատը պիտի լինի դատարանում, թող կարողանան ապահովել անվտանգությունն ու դատապարտյալներին ձեռնաշղթաներով տանեն այնտեղ»:

Ցուցմունք էր տալիս գործով վկա կանչված տաքսու վարորդ Գուրգեն Շահբազյանը, ում տանը՝ Արագածոտնի մարզի Մուղնու գյուղում հայտնաբերվել էր Սողոմոն Քոչարյանը:

Նրանք եղել են մարտական ընկերներ:  Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղում ծավալված մարտական գործողությունների ժամանակ Գուրգենը կռվել է «Մխիթար սպարապետ» ջոկատում, որի հետախուզական մասի հրամանատարը Սողոմոնն էր: Գուրգենի ցուցմունքով նրանք եղել են մտերիմներ, իսկ Սողոմոնը հաճախակի է գիշերել նրանց տանը:

Դատախազ Հարություն Հարությունյանի հարցին, թե Գուրգենը չգիտե՞ր, որ իր տանը հյուրընկալում է առանձնապես վտանգավոր հանցագործի, նա պատասխանեց, որ Սողոմոնի հետ  վերջին անգամ տեսնվել է1993թ. Երևանում՝ շատ պատահաբար ու դրանից հետո այլևս նրանից լուր չի ունեցել. «իրավիճակի մասին ոչինչ չեմ իմացել»:

«Երբ նա եկել է, ես աշխատանքի եմ եղել,- ասաց նա,- այդ ինը օրը, որ նա մնացել է մեր տանը, ես չեմ նկատել, որ նա ինչ-որ բանից թաքնվի: Նա շփվում էր մեր հարևանների ու բարեկամների հետ, որ այդ ընթացքում եկել են մեր տուն: Ասել է, որ այս ընթացքում եղել է Ռուսաստանում, հիմա էլ ինչ-որ փաստաթղթերի հարց ունի լուծելու»:

Հարցին, թե այդ ինչպե՞ս է, որ տաքսու վարորդ լինելով Գուրգենը տեղյակ չի եղել, թե Սողոմոնը հետախուզման մեջ է եղել, երբ այդ մասին լուրը տարածվել էր  բոլոր լրատվամիջոցներով  Գուրգենն ասաց, որ Սողոմոն Քոչարյանին ինքը ճանաչում է որպես Սաշա:

Գործով վկա կանչված Նուբարաշենի ՔԿՀ մի քանի աշխատակիցներ չէին ներկայացել: Դատը հետաձգվեց:  Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 4-ին ժամը 12-ին:

Ընթացակարգը պահելու համար դատավորը դատապարտյալներին հարցրեց, թե հարմար է արդյոք այդ օրն իրենց: Մհերը հեգնեց. «Եթե տեղում լինենք՝ կգանք»:

Մհեր Ենոքյանի դատապաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասում է, որ այս դատավարությունն ըստ էության ոչինչ չի փոխի, ուղղակի օրենքի պահանջ է, որը պիտի ի կատար ածվի: «Ուղղակի երբ 20 տարի պատիժը կրելուց հետո վաղաժամկետ ազատման համար խնդրագիր ներակայացվի, փախուստի հանգամանքը կարող է դիտվել որպես ոչ նպաստավոր հանգամանք»:

Փախուստի համար սահմանված պատժաչափը նախատեսված է 3 ամսից 8 տարի, որն ավելանում է դատապարտյալի համար սահմանված պատժաչափին:

Ավետիք Իշխանյանն ասում է, որ Շվեյցարիայի և Գերմանիայի օրենսդրությամբ, եթե դատապարտյալի փախուստի ժամանակ որևէ բռնություն չի դիտվում, ապա փախուստի համար պատիժ չի սահմանվում:

«Իսկ 20 տարի նստելուց հետո, երբ դատապարտյալը ներման համար դիմում է ներկայացնում, հաշվի են առնում հանացագործության տեսակը,  դատապարտյալի պահվածքը և այլ գործոններ,- ասում է նա,- սակայն դա հարց է, թե վաղաժամկետ ազատման վրա որ գործոնները ինչպես կարող են ազդել»:

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ

Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը փախուստի էին դիմել 2009թ. նոյեմբերի 27-ին և հայտնաբերվել դեկտեմբերի 18-ին: Սա նրանց արդեն 2-րդ փախուստն է. առաջին փախուստը  եղել  է 2004թ. դեկտեմբերի 9-ին  «Գորիսի» ՔԿՀ-ից:

Սողոմոն Քոչարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1995թ. Երևան-Կապան մայրուղու վրա Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի՝ ազգությամբ ադրբեջանցի, սպանելու մեղադրանքով: Նա այն ժամանակ եղել է 27 տարեկան, այժմ 43 տարեկան է:

Մհեր Ենոքյանը բանտում է արդեն 14 տարի: Նա կալանավորվել էր 19 տարեկան հասակում՝ իր ընկերոջը սպանելու մեղադրանքով և դատապարտվել մահապատժի, սակայն 2003թ. Հայաստանում մահապատիժը վերացնելուց հետո նրա պատիժը փոխվել է ցմահ ազատազրկման:

Մհերը մինչև վերջ հրաժարվել է ընդունել իր մեղադրանքը:

Մհերի հայրը՝ 65-ամյա Դավիթ Ենոքյանն ասում է, որ այս դատավարության ամբողջ մեխը նրանում է, որ նախաքննության տվյալները չի համապատասխանում իրականությանը: «Մեղադրականը, որը գրվել է ժամանակին՝ հիմք ընդունելով նախաքննության տվյալները արդարացի չէ,- ասում է նա,- և այս հիմքի վրա էլ այն շարունակվում է»:

Նա մեղադրականի այդօրինակ հիմքի և հետագա զարգացումների համար պատճառ համարում է. «ըստ ենթադրության՝ տուժող կողմի հզորությունը»:

Ինչու՞ են նրանք երկրոդ անգամ փախչում: Կարո՞ղ է դա գործին օգուտ տալ: Մհերի հայրն ասում է, որ դատապարտյալները դա համարում են ակցիա՝ հանրության ուշադրությունը իրենց գործի անարդար վճռի վրա բևեռելու  համար:

«Հայաստանում արդարություն չկա: Ես ոչ մի սպասելիք չունեմ դատական համակարգից,- ասում է Մհերի եղբայրը՝ Հայկը,- մի քանի օր առաջ ընկերոջս ձեռքից խլել են  Սայաթ-նովայի վրա գտնվող անշարժ գույքը, որի համար նա ունի Կադաստրի տված սեփականության վկայականն ու նոտարում առք ու վաճառքի պայմանագիրը: Ի՞նչ արդարություն»:

Կենտրոնական փողոցից «Նուբարաշեն» ՔԿՀ տանող  ճանապարհը քանդված է ու փոսերով լի: Մհերի հայրը ճանապարհի դարուփոսերից խուսանավելը համեմատում է դատական գործի վարույթի հետ:

«Մարդը կամ ավտոմեքենան ինչպե՞ս է կատարում հաջորդ քայլը, երբ գնում է դարուփոս ճանապարհով,- հարցնում է Դավիթ Ենոքյանն ու պատասխանում,-  այնպես, որ շրջանցի այդ փոսերը, չէ՞:  Նույն կերպ էլ Հայաստանի դատավորներն են վարում դատական գործերը: Այնպես, որ շրջանցեն այդ փոսերը»:

Մհեր Ենոքյանը բանտում անցկացրած տարիներին գրել է երկու վեպ, որոնք Մհերի եղբոր ասելով, բռնագրավվել են Անվտանության ծառայության աշխատակիցները:  Մհերը փաստաբանի միջոցով «Անկախ» Ինքնագիր բլոգին է ներկայացրել պատմվածք, որտեղ գրել է ազատության մեջ անցկացրած 20 օրերի մասին:

Մհեր Ենոքյանի գործի մասին կարելի է կարդալ այստեղ և այստեղ:

Դիտվել է 3582 անգամ:
Print Friendly

Leave a Reply