Գետառն աղտոտողները կտուգանվեն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 21, 2010 11:43

Աղբահանության, ոռոգման ցանցի ու կանաչապատման այս տարվա քաղաքային ծրագրերին վերաբերող խնդիրներն են քննարկվել երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցության ճամանակ զեկուցվել է, որ կանգառասրահների սպասարկումը պայմանագրային հիմունքներով իրականացվում է մասնավոր ընկերության կողմից: Հանձնարարվել է հետևել, որպեսզի բարեկարգման ու մաքրման աշխատանքներն իրականացվեն պատշաճ մակարդակով:
Բնապահպանության վարչության պետը տեղեկացրել է, որ ոռոգման ցանցով ապահովված չեն 136 դպրոցների ու 127 մանկապարտեզների բակային տարածքներ, սակայն դրանք ընդգրկված են ոռոգման ցանցի ընդլայնման գալիք տարվա ծրագրում: Զեկուցվել է նաև, որ ընթացքում են Գետառը մաքրելու աշխատանքները: Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը կարևորել է, որ մաքրելուց հետո խիստ հսկողություն սահմանվի ընդհանրապես քաղաքն աղտոտողների և, մասնավորապես, Գետառում աղբ թափողների նկատմամբ:

«Վարչական շրջանները պետք է հետևողական լինեն և օրենքով սահմանված տուգանքներ կիրառեն»,- ասել է Մարգարյանը: Անդրադառնալով մայրաքաղաքի ցայտաղբյուրների խնդրին` նշվել է, որ «Երևան Ջուր» ընկերությունը պարտավոր է ապահովել դրանց անխափան ջրամատակարարումը. «Մեծ չափերի հասնող ջրի գերկորուստների ծավալում ցայտաղբյուրների ջուրը կաթիլ է ծովում: Ցայտաղբյուրները Երևանի համար ավանդույթ են, մենք պարտավոր ենք դրանք պահպանել»,- ասել է Մարգարյանը:

Հանձնարարվել է խստորեն հետևել, որպեսզի շինարարական կազմակերպությունների բեռնատար մեքենաները չլվացված անվադողերով ու բաց թափքով չերթևեկեն մայրաքաղաքում. այս մասով վերահսկողությունը վերապահված է Ճանապարհային ոստիկանությանը:
Հանձնարարականներ են եղել նաև թափառող կենդանիների վնասազերծման, առևտրի կանոնների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու, մանկապարտեզների գազիֆիկացման և այլ խնդիրների վերաբերյալ:

Դիտվել է 2269 անգամ:
Print Friendly

Leave a Reply